Անկրակ պրոմեթեւսներ կամ՝ մտավոր օլիգախիա

Անկրակ պրոմեթեւսներ կամ՝ մտավոր օլիգախիա
1988 թվականին աշխատում էի Երեւանի պետական համալսարանի «Երեւանի համալսարան» բազմատպաքանակ թերթի խմբագրությունում: Հասկանում եք երեւի, թե ինչ էր 1988-ը, եւ ինչ էր Երեւանի պետական համալսարանն այդ օրերին: Մոտալուտ ազատության զգացումից խանդավառված ուսանողությանը մի կողմ թողնենք դեռ: Սրանց պարագայում ամեն ինչ պարզ էր: Իսկ ի՞նչ էր զգում մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Որպես բուհական թերթի լրագրող` բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ, հարցազրույցներ արել, վիճել, պատահում էր իրենք էին ինձ համոզում, պատահում էր` ես իրենց… Ակտիվ կյանք էր մի խոսքով: Թերթերի կրպակների մոտ՝ հերթ, միտինգներում՝ ծովացող ժողովուրդ, քաղաք լցվող զորք ու ոստիկան, դատարկ խանութներ… Բայց ոչ ոք չէր զգում հացաբուլկեղենի պակասը:



ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ասես երկու մասի էր բաժանվել` մի մասը ուսանողներին հորդորում էր դասից չփախչել, միտինգի չգնալ, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, ուսանողի հետ փախչում էր գործից, գնում միտինգի, անգամ ելույթներ ունենում: Ճիշտ չի լինի հիմա անուններ տալ, թե ահա սրանք շարժմանը դեմ էին, իսկ ահա սրանք շարժումն իրենց ուսերի վրա էին տանում: Ինչո՞ւ, որովհետեւ թե առաջինները եւ թե երկրորդները լրացուցիչ ոչ մի շահ չունեին այս կամ այն դիրքորոշումն ունենալու, այս կամ այն ձեւով ներազդելու շարժման վրա: Նրանք այն էին, ինչ կային` իրենց նկարագրով, իրենց անցած ճանապարհով, իրենց համոզմունքներով, իրենց վախերով ու մտածողությամբ: Նրանք բոլորը մտավորական մարդիկ էին, մտավորական՝ այդ բառի ամենալավ իմաստով: Այլ էին ժամանակի նրանց ըմբռնումները միայն: Մեկն այսպես էր ընկալում իր ժամանակն ու այսպիսի խրատ էր տալիս ուսանողին, մեկ ուրիշը, որ մի փոքր այլ ընկալում ուներ` այլ խրատ էր տալիս, իր օրինակով վարակում երիտասարդությանը: Փառք Աստծո, ի վերջո տեղի ունեցավ այն, ինչն իր հետ բերեց մեր անկախությունը:



Ես չեմ կարող որեւէ կշտամբանք ուղղել այն մտավորականների հասցեին, ովքեր համալսարանի ուսանողությանը հորդորում էին դասերից չփախչել, սովետական բանակի զինվորներին չսադրել, միտինգներում ամեն ասվածի ականջ չկախել, նստացույց ու դասադուլ չանել: Նրանք մտավորական էին ու բարձր մտավորական: Որովհետեւ, երբ գալիս էր հարվածն ընդունելու պահը, դասից փախչող, միտինգի գնացող, նստացույց ու դասադուլ անող ուսանողին կրծքով էին պաշտպանում: Այդ մարդիկ Երեւանում ուսանողին փակում էին լսարանում, բայց Մոսկվայում կռիվ էին տալիս Գորբաչովի հետ, սաստում նրան, որ վերջինս հայ ժողովրդի պայքարի հասցեին լեզուն շաղ չտա:



Ի՞նչ տեղի ունեցավ հանկարծ, որ անկախության ընդամենը 20 տարում մեր միջից մտավորականը վերացավ, վերացավ այնպես, որ հիմա նույնիսկ ցերեկը մտավորականներ ենք փնտրում լապտերով: Գտածներս էլ գիտե՞ք ինչ է` Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյան: Շատ չի՞ մի քիչ մտավորական ասելը: Գուցե ճիշտ կլինի մտավորական օլիգարխիայի ներկայացուցի՞չ ձեւակերպումը: Մարդը Երեւանի ավագանու անդամ է, որոշումներ է կայացնում, մեկ-մեկ էլ այնպիսի որոշումներ, որ իր համար լավ լինի: Նա Մաշտոցի այգի էր գնացել, հավանաբար, ամենաբարի նպատակներով` հանկարծ այնպես չպատահի, որ բետոնախառնիչը տրորի մատաղ սերնդին: Այո՞: Բայց ավաղ, փոխանակ անձամբ փակելու այդ բետոնախառնիչի ճանապարհը, կամազի անտաշ շոֆեռի թասիբն էր պահել, միլիցեքի ու խայտառակված քաղաքային իշխանությունների: Այդ նույն քաղաքապետարանում տեսնես չկա՞ն այլ մտավորականներ: Ինչո՞ւ են թռած, ինչո՞ւ չեն միջամտում, ավագանու նիստ չեն պահանջում, չեն փորձում չեղյալ անել թեկուզեւ նախկինում ընդունված, բայց ապուշ որոշումները: Իսկ ո՞ւր են մեր մյուս ստեղծագործական միությունների օլիգարխ-ղեկավարներն ու նրանց ենթակա գրող-մրողները, ջութակ-մութակ ճզվզացնողները, որ առիթը բաց չեն թողնում պետության հաշվին Դիլիջանում ու Ծաղկաձորում «ստեղծագործական» արձակուրդի գնալու` ինչ է թե այնտեղ կանաչ տարածք կա, իսկ ամեն թփի տակ` մուսա: Մի՞թե այդ նույն կանաչ տարածքը չէ, որ նրանց աչքի առաջ առեւտրի կենտրոնի է վերածվում:



Այ, թերթին դատի տալու հարց լինի` պատրաստ են: Իսկ երբ գործ կա անելու` չկան, չեն եղել, կարիք չունեն լինելու, մարդամեջ գալու: Մեկը փորձեց գալ` Արա Երնջակյան էր անունը: Եթե իմանար, որ ինքն այդքան ուրիշ է արդեն, երեւի չգար, իզուր տեղն ավելի չխտացներ գորշությունը, ու հետեւից էլ չասեին` ծախված է, մի շահ ունի ուրեմն, որ եկել է:



Չէ, սա մտավորականություն չէ արդեն, սրան տրված չէ լինելու մեր երիտասարդ սերնդի հոգեւոր հայրը, հոգեւոր սնունդը, նեցուկը: Սա ոչ հարթակին կարող է ելույթ ունենալ եւ ոչ էլ երիտասարդին հետ պահել ինչ-ինչ գործերից: Մի իներտ խավ է ընդամենը, անբան, կրավորական խալխ, որ միայն քշվում է, լափում իր նյութեղեն կերը եւ ծառայում:



Էդիկ Անդրեասյան