Կ. Դանիելյան. «Քաղաքաշինությունը սպանեց Երեւանը»

Կ. Դանիելյան. «Քաղաքաշինությունը սպանեց Երեւանը»
«Մեր խորին համոզմամբ Երևանը դարձել է էկոլոգիական աղետի գոտի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Պատճառներից մեկը բնապահապանները համարում են սխալ քաղաքաշինությունը: «Վերջին տարիների քաղաքաշինությունը սպանեց Երևանը» ,- գտնում է Կարինե Դանիելյանը: Նա վկայակոչեց վերջերս թերթերից մեկում լույս տեսած ռուս ճարտարապետ Իվանովի հոդվածը, որտեղ վերջինս Երևանի համար գործածել էր «ուրբոցիտկա» տերմինը, այսինքն` քաղաք սպանելու ձևը:



Տիկին Դանիելյանը հայտնեց, որ բնապահպաններին այդպես էլ ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին ապացուցելու, որ 1971 թվականի հատակագիծը այլևս պիտանի չէ: Վերջին տարիներին քաղաքում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք վնասում են քաղաքի էկոլոգիական վիճակին: Այս առումով Մաշտոցի այգու խնդիրը մի մեծ խնդրի մի մասն է միայն:



Հիշեցնենք, որ Մաշտոցի այգի պետք է տեղափոխվեն Աբովյան փողոցի կրպակները: Կարինե Դանիելյանը գտնում է, որ քաղաքապետի շրջապատում չկան մարդիկ, ովքեր այս հարցին ուրիշ լուծում կտան, իսկ սա ժամանակավոր լուծում է: «Քաղաքացիների և բնապահպանների միակ պահանջը առողջ միջավայր ունենալն է և նրանք ունեն այդ իրավունքը: Երբ մեր քաղաքում կրպակները մաքրվեցին, մենք շատ ոգևորվեցինք և մեծ հույսեր կապեցինք նոր քաղաքապետի հետ, սակայն հետո այդ կրպակների վայրը փոխվեց, բայց հանրության հետ չխորհրդակցեցին այդ խնդրի վերաբերյալ», ասաց իրավաբան և էկոլոգ Մերի Խաչատրյանը:



Նա առաջարկում է կրպակները տեղափոխել Ձկան խանութի մոտ, որտեղի շենքերը արդեն երկար տարիներ լքված են: Սակայն ճարտարապետ Լևոն Իգիթյանը սա այնքան էլ իրական չի համարում, քանի որ թեև այդ խանութները չեն աշխատում, սակայն ունեն սեփականատերեր: Բնապահպանները` ի դեմս Կարինե Դանիելյանի և Մերի Խաչատրյանի, առաջարկում են  մինչև այս հարցի վերջնական լուծումը  դուրս բերել իրավապահ մարմիններին Մաշտոցի այգուց և դադարեցնել շինարարական աշխատանքները:



Լուսինե Ոսկանյան