Վիշապի տարի

Վիշապի տարի
Նոր տարվա շեմին շեֆս կանչեց:



-Շլոյան,- ասում է,- էս տարի ո՞ւմ տարին է:



-Լավ չեմ հիշում, շեֆ ջան,- մտքերի մեջ էի ընկնում ես,- էն Բուլոյանի քառասունքը վերջերս տվինք, առաքիչ Սաքոյինն էլ համարյա երկրորդ տարին է գալիս: Պետք է՞ գնամ ճշտեմ...



-Ապուշ,- ասում է,- էս տարին Վիշապի տարի է: Ի՞նչ է, չինական օրացույց չգիտե՞ս:



-Գիտեմ, բա ոնց չգիտեմ,- զգույշ ասում եմ ես ու սպասում, թե էլ ինչ գիտեմ, որ իրենից պիտի իմանամ:



-Վիշապ կարո՞ղ ես խաղալ:



«Էս ինչ փորձանք էր,- մտածում եմ,- դերասա՞ն եմ, ինչ եմ» - Բա խի չեմ կարա որ, շեֆ ջան, ես հանուն քեզ կապիկ էլ կխաղամ, շուն էլ, պետք լինի` էշ էլ էշ-էշ կխաղամ ուզածդ օրացույցով...



-Լավ, մի ոգ¨որվի,- փափկում է շեֆս - երեխեքիս համար եմ ասում, գայիր Նոր տարվա օրը վիշապ խաղայիր Ձմեռ պապի ու Ձյունանուշիկի հետ...



-Մերոնցից ե՞ն,- հարցնում եմ:



-Չէ, վարձակալել եմ:



-Ինչքա՞ն...,- թռչում է բերանիցս ու անմիջապես ուղղում եմ,.... ինչքա՞ն պիտի խաղանք, շեֆ ջան, շաբա՞թ, ամի՞ս...



-Պետք լինի` ողջ կյանքդ,- կոշտանում է նորից ղեկավարիս ձայնը,- հիմար-հիմար հարցեր ես տալիս: Հլա որ Նոր տարվա գիշերն ես գալու, հետո կտեսնենք: Լավ խաղաս` հավելավճար էլ կտամ...



-Տո, էնպես խաղամ, շեֆ ջան, որ Շեքսպիրը... որ Համլետը...,- արագ-արագ ֆռֆռում եմ ուղեղիս մեջ հարմար բան գտնելու, բայց վայ թե իզուր...,- ես բուֆետչիկ էլ եմ աշխատել, շեֆ, ընենց էինք խաղում... (բայց սա կարող է ուրի՞շ բան նկատի ունի) ... բլոտ էլ կարող եմ խաղալ ... բանկա-բութուլկա ...



-Գնա, լավ, գնա` պատրաստվիր էդ «լինել-չլինելուդ» այ «բուֆետչիկ» Համլետ, ու տանը սպասիր, կզանգեն...



Ուրախ-ուրախ թռչում եմ տուն:



-Կնիկ ասում եմ,- չես պատկերացնի, Նոր տարուն հրավիրված եմ շեֆիս տուն: Ինքն է հրավիրել, խնդրեց  մի քիչ վիշապ խաղամ երեխաների հետ...



-Էրնեկ ինձ,- հեգնում է կինս,- ինչի վրա է ուրախացել, հրեն միանգամից մեյմուն խաղայիր էլի, ավելի կսազեր...



-Հա, ի՞նչ է եղել որ, կարելի էր, բայց տարին կապիկի չի, վիշապի է:



-Հե՞տո,- սրտնեղում է կինս:



-Հետո էն, որ, սիրելի տիկին ջան, հաջողության ճանապարհը դա է` սկզբում` օձ ու մեյմուն, հետո...



-Բերդ ու գաղութ...



-Բա ո՜նց, չէիր ասի, գաղութները հրեն տրաքվում են էլի էդ շատ կերած մեյմուններից: Դու էն ինձ ասա` վիշապը քանի՞ գլուխ է ունենում` յո՞թ, քառասո՞ւն, թե՞ երեք...



-Իրեքն էլ հերիք է,- ասում է,- իսկ եթե քոնն էլ գլուխ հաշվենք` երկուս:



-Չի լինի՞ ավել-պակաս դուրս չտալ: Գուցե՞ մորդ ուղարկենք, պատրաստի վիշապ, թող գնա խաղա, շեֆս ահագին էլ փող ա տալիս, հավելավճարով...



-Ազգ ու տակիդ ուղարկի օձերի միասնության պորտապար պարեն,- կծում է կողակիցս,... բայց էդ ինչ ասացի՞ր, փող է վճարելո՞ւ, ինչքա՞ն...



-Շատ,- ասում եմ,- բա, իսկ դու...



-Հա,- ասում է,- լավ կլիներ, էս Նոր տարվա պարտքերը փակեինք...



-Հմի ի՞նչ ենք անում,- ասում եմ,- ի՞նչ է պետք, ինչի՞ց սկսենք...



-Գլխիցդ...



-Ո՞նց գլխիցս, գլխիս ի՞նչ է եղել որ...



-Քիչ է,- ասում է,- չասացի՞ երկու հատ էլ է պետք: Լավ, մի երկու ժամից կպատրաստեմ: Դու էլ նստիր, պատրաստվիր:



-Ինչի՞ն,- էլի չեմ հասկանում ես:



-Այ մարդ, երեխեքի հետ պիտի խաղաս, չէ՞, արտասանես, հեքիաթներ պատմես: Վահագն Վիշապաքարին հիշո՞ւմ ես...



-Ըհը,- ասում եմ,- կարդացել եմ, միայն չեմ հասկանում վիշապի ի՞նչն էր քաղում` տանձը՞, թե՞ շլորը...



-Սուս, այ տղա,- չգիտես ինչու ձայնը իջեցնում է կինս,- քո տանն էլ երեխաներ կան... Ու հիշիր` այ Վի Շապուհ, հայրենի պատմությունը պետք է ընդունել որպես մեռոն: Դու էն ասա` գոնե ոտանավորը հիշո՞ւմ ես, Վահագնի ծնունդը...



-Հա, բա ոնց,- ասում եմ. «Երկինքը երկինք էր, երկիրը` երկիր...»...



-Դու հո ընդդիմադիր չե՞ս, այ տղա` «երկինքը երկինք էր, երկիրդ էլ երկիր էր- երկիր չէր...» չի լինի նստիր կարգին անգիր արա, էն վիշապի ու թագավորի տղու հեքիաթն էլ սովորիր:



-Է՞դ որն է որ...



-Էն որ աղբյուրը սեփականաշնորհում է... այսինքն` զավթում ու անընդհատ ջրի դիմաց փող է ուզում...



-Թե՞ աղջիկ...



-Խորամանկ շուն, որ գիտես, ի՞նչ ես զահլաս տանում, սովորի...



-Էդքան ժամանակ չունեմ,- ասում եմ,- պատմածներդ ինձ հերիք է, համ էլ ես ժամանակից վիշապ եմ լինելու, փողկապով, բջջայինով...



Երեկոյան պայմանավորված տեղում հանդիպում եմ Ձմեռ պապին ու Ձյունանուշին: Երկուսն էլ անհուսալի կոնծած: Երեւում է մի քանի տներում արդեն հասցրել են կարգին «վարձակալվել»:



-Բա ի՞նչ անենք,- արդեն անտրամադիր,- ասում եմ ես,- ըսենց գնա՞նք...



-Հա, բա ոնց,- ծամոն է ճլթացնում էս Ձյունանուշիկը,- գ...գնանք մեր փողերը վերցնենք, քնենք...,- ու սկսում է Ձմեռ պապի քուրքի մեջ: Իր խելքով վայ թե ննջարան է ճարել, վայելում է:



-Ու հլը փողը չտան,- իր գոյությունն է սպառնալից օրորում նաեւ Ձմեռ պապը,- էս փետը կջարդեմ գլխներին: Ինձ Արամ կասեն, ես որ խմեցի` ամեն ինչ կարամ...



Հո խումբ չի, իսկական թափառախումբ:



Բայց էլ ինչ: Մեքենան կանգնած սպասում է: Հետեւից էլ` մի մեծ բեռնատար` լցված ուտելիք-խաղալիքներով: Շեֆի դրած: Իբր մեր նվերներն են երեխաներին:



Լցվում ենք մեքենան, գնում: Մի կես ժամից հասնում ենք շեֆիս տուն, այսինքն` պալատ: Անցնում ենք մութ այգիով, թե անտառով, մոտենում շքամուտքին:Մեկ էլ ականջներս հո չի խլացնում օդային տագնապի ազդականչը, դղրդյուն է, լուսարձակները քրքրում են երկինքը, զինված ինչ որ զինվորականներ շրջապատում են մեզ: Բարձրախոսով էլ` «Դուք խախտել եք պետական սահմանը, առաջարկում ենք չդիմադրել, իջնել եւ ձեռքերը վեր կանգնել պատի տակ»: Շփոթահար այդպես էլ անում ենք: Ոնց որ անչափահաս երեխաներ լինեն էդ ավտոմատավորները: Վայ թե կատակո՞ւմ են, խաղում...



-Բը... բալիկներ ջան,- ասում եմ,- մենք ձեր Նոր տարվա հյուրերն ենք, Ձմեռ պապին, Ձյունանուշիկը ու ես` Վիշապիկը, ձեր հայրիկի, այսինքն` շեֆի աշխատողը, ես  իր ցավը տանեմ... բար¨ ձեզ...



Էս երեխեքից մեկը ավտոմատով նախազգուշական կրակահերթ է տալիս: Ինչ խաղ, տեր Աստված, ծառերի ճյուղերը ճթճթալեն ցած են թափվում գլխներիս: Իսկականից ահուդողում ենք: Կարո՞ղ է սխալ հասցեով եկանք...



-Որտեղի՞ց եք,- գոռում են,- ինչո՞ւ եք խախտել սահմանը: Դիվերսանտնե՞ր եք, հա՞, ահաբեկիչնե՞ր...



-Ա... ախպեր, չը...չը... չհասկացա, էս մենք գերի ընկա՞նք: Ձմեռ պապն է: Փորձում է լրջանալ,- ...ց...ցավդ տանեմ, բայց խի՞, մենք օպերայի մոտ էինք...



-Չէ՜... չէ՛, չէ՛, չէ՛...,- վերջապես դժբախտության իր մասի տերն ա դառնում նա¨ դեղնած Ձյունանուշիկը,- չեմ ուզում գերի, չեմ ուզում... հո զոռով չի՞...



Ես մամայիս եմ ուզում...,- ու ոնց որ թե ուզում է զռալ... բայց հլա որ հեծկլտում է:



-Մամայիդ փոխանակումից հետո կտեսնես,- ասում է անչափահաս լակոտներից մեկն ու ձեռքի բջջայինով զանգում:



-Պարոն գեներալ,- զեկուցում է,- մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանք կա հետները, կարող է` նարկոտիկ...



-Բալիկ ջան,- հլա փորձում եմ համաձայնության գալ,- ի՞նչ նարկոտիկ, էս ողջ բեռնատարը երեխեքի խաղալիք է, կոնֆետ, մեր շեֆի նվերը ցավը տանեմ պարոն Քերոբյանի, դուք իր երեխեքն եք, չէ՞...



-Շեֆ-մեֆ չկա էստեղ,- ասում է մյուս բոյմեռածը,- անց որ թե մաքսանենգ օղի՞ էլ կա, հա՞, հոտն զգում եմ...



-Է...է...էդ ես եմ, բալես,- խոստովանում է Ձմեռ պապը,- ես որ խմած եմ ... վրայիցս փչում է: Հրես` չշնչեմ, հոտը կտրվի...



-Ե... ես էլ, ես էլ չեմ շնչում, չեմ թունավորում օդը,- ձեռքերով իբր օդն է մաքրում Ձյունանուշիկը,- ըհը,... թողեք գնամ էլի,- հեծկլտում է,- էլ չեմ գա, ազնիվ խոսք եմ տալիս... Ինձ է մոտենում սրանցից ավելի փոքր մի փսլնքոտ: Ուշադիր երեսիս է նայում:



-Վիշապն ես, չէ՞,- հարցնում է,- էն որը ժողովրդի արյունն է պշտորում, ջուրը կտրում, չէ՞...



Տեր Աստված, սա՞ որտեղից հայտնվեց իր սարսափ տարբերակով:



-Աղբյուրը փակել ես, ոռոգման ջուրը կտրել... դե, առ քեզ,- ասում է ու բա թագավորի տղեն էլ ո՞նց կլինի տալիս թռցնում գլուխներիցս մեկը:



Լավ է, իմ բախտից` հլա ոչ հիմնական:



Այ, բալիկ,- լրիվ ահուդողած ասում եմ ես,- ես ընդամենը Նոր տարվա վիշապիկ եմ, ես հո հրեշ չեմ: Ինչ ջուր, ինչ բան: Ես ոչ «ջի մարդ» եմ, ոչ` «լույսի»... ես շեֆի մարդն եմ, մեռնեմ իր կյանքին...,- ու վերջին հույսով,...-դու էլ չգիտե՞ս, պստիկ ջան, ուր է ինքը... կարող է քո պապան...



-Ա... ախպեր...,- կողքից նորից կենդանանում է Ձյունանուշիկը,... հիշեցի, Դ...Դ...Դուբայում ես ընկեր ունեի` Սու...սու...սու...



-Սուրիկ...



-Սուլեյման,- ցնծում է սրա դեմքը,- հա, հա, Սուլեյման: որ դրա անունը տանք` մեզ բաց չեն թողնի՞... գոնե ինձ...



Չէ, սա լրիվ համոզվել է, որ գերի է ընկել: Բայց գրոշը տանի, վերջը իրոք որտե՞ղ ենք, ի՞նչ է կատարվում...



«Գեներալն» է գալիս: Էդպես էլ մտածում էի` էդ բոյմեռածների տարիքի: Դեմքը` թույն, ձեռքին` ավտոմատ:



-Ոչ մի բան չխոստովանեցի՞ն,- հարցնում է,- փաստաթուղթ էլ չունեն, չէ՞:



-Ոչ, պարոն գեներալ,- ոչ փաստաթուղթը, ոչ բան: Վայլուտա էլ չկա` բռնագրավեինք...



-Կալանավորեք,- կարգադրում է էս ջահել թույնը,- գիշեր-ցերեկ հարցաքննեք, մի բան կա, որ սրանք մեր սահմանը խախտել են...



-Ա... Աստված ջան,- խեղճացած ծնկի է գալիս Ձմեռ պապը,- փրկիր, ցավդ տանեմ, սկսում է խաչակնքել, -Հայր մեր, որ մեր կողմերիցն ես...



-Լսեք,- ասում եմ, մեր կողմի ժողովուրդ, ոնց գցում-բռնում եմ` փախչել է պետք: Ճանապարհը ոնց որ հիշում եմ: Մինչեւ երեք հաշիվս` թռնում ենք: Պատրաստ, սկսում եմ...



Բայց չեմ հասցնում «երկուս» ասել, էս Արամ-ամեն ինչ կարամը` Ձմեռ պապը, ինքն է «Հանուն Հայրենիքի»... գոռում ու առաջինը պոկվում այգու կողմը: Ես` իր հետեւից, Ձյունանուշիկն էլ` իմ: Սա էլ վազում է ու վազքի հանգով արտաբերում «Սո՛ւ-լե՛յ-մա՛ն, Սո՛ւ-լե՛յ-մա՛ն, Սո՛ւ լե՛յ-մա՛ն... ցնդած տերը թաղեմ, վայ թե պաշտպանվում է, կամ` ձեռքի հետ (թե՞ ոտի) բանակցում...



Այգու կեսը չկտրած, մեկ էլ չորս կողմը հրթիռ է, որ ճայթում է, ողջ այգին հեղեղվում է լույսով: Ուղիղ մեր կողքին հսկա, փայլփլուն տոնածառ է, շուրջը տոնական սեղաններ, հարյուրավոր մարդիկ` պճնված, ժպտերես: Չորս կողմը ծափահարություն, «բի՜ս», ծիծաղ, քրքիջ, «ուռա՜»... ու մեջտեղում` շեֆս: Հո չի քրքջում:



-Ապրեք,- ասում է,- ես հլա էսպիսի Նոր տարի չէի անցկացրել... էս ինչ բնական գերի էիք ... բա մեր բալեքը...



-Ուռա... -գոչում է ամբոխը,- մեր բալիկների կենացը...



-Նոր տարուն արդեն քիչ մնաց,- ասում է շեֆս,- ձեզ մի ժամ ժամանակ եմ տալիս: Արագ գնացեք ձեզ կարգի բերեք, դուշ - մուշ ընդունեք, եկեք որ հլա ողջ գիշեր «տժժացնելու» ենք ... հարցեր կա՞ն...



-Շեֆ,- խեղճ-խեղճ ժպտալով հարցնում եմ ես,- էն պստիկը, որ ըտենց գլուխս կերավ... այսինքն` թռցրեց, գոնե քոնն էր, հա՞...



-Բա ոնց,- հպարտ ասում է շեֆս,- բա ոնց, իմ պստիկն է, մեռնեմ դրա հլա պստիկ-մստիկին... լավ կտրեց չէ՞, արհեստավարժ...



-Բա, իհարկե,- ասում եմ,- խի ում դաստիարակածն էր որ...



Կտրած գլուխս թեւիս տակ հետեւում եմ մեր խմբին: Գնում ենք նորից պատրաստվենք: Շեֆի ասած` հլա ողջ գիշեր «տժժացնելու» ենք:



Իսկ, ով գիտի գուցե եւ նորից «տժժալու»...



Վլադիմիր Հայրապետյան