Թե ինչ եղավ հետո, երբ ՀԳՄ շաքարամանից...

Թե ինչ եղավ հետո, երբ ՀԳՄ շաքարամանից...
Տասնամյա «Հրաժարիմք»-ից հետո ՀԳՄ ղեկավարությունն անցած տարեվերջին վերջապես ներկայացրել էր կանոնադրության նախագիծ: Քիչ ուշացումով ողջունելով սա` միանգամից ասեմ, որ դիտողություններն այնքան շատ են, որ հարցին ճիշտ է անդրադառնալ առանձին:



Նշեմ, որ կա ԳՄ կանոնադրության եւս մի նախագիծ` իմը, տպագրված նույն «ԳԹ»-ի 3.06.2011թ. համարում ու «ներողամտորեն» էլ ներկայացված որպես «այլընտրանք» իրենց դեռ չգրածին: Ասեմ նաեւ, որ գրածս ոչ մի անգամ չքննարկվեց, չեղավ անդրադարձ: Ինչեւիցե, հուսով եմ, որ գոնե առաջիկայում այս փաստաթղթերը համատեղ կքննարկվեն, առավել ընդունելի եւ վերջնական ձեւակերպումներով տեքստ ստանալու համար:



«Գրողների միություն» այսօրվա թնջուկը բազմաբովանդակ է: Կանոնադրության բացակայությամբ պայմանավորված բազմապիսի իրավական խնդիրներից բացի կան եւ ֆինանսատնտեսական գործունեության անհասկանալի էջեր, գրական քաղաքականության, գրահրատարակչական, ԳՄ կազմակերպչական-կառուցվածքային խնդիրներ եւ այլն, եւ այլն: Բայց այս ամենն անչափելի է էն հոգեւոր կորստի, էն աղետի, որ մենք ունենք հանձին ՀԳՄ անդամ գրողներից շատերի կերպարային պարագայում: «Ես շատ բան հասկացա,- կես տարի առաջ ասում էր նշված «բարեփոխումների» նախանձախնդիր բանաստեղծ Խ. Մանուկյանը («Հրապարակ», 29.10.2011թ.) - հասկացա, որ խնդիրը մարդկանց մեջ ա, մի ամլիկ գառների նման պիտի վախները չափել տանք, որ բերենք հավաքների»: Եվ հավելում` «գրողների ստվար զանգվածին չի հետաքրքրում ոչինչ»: Գոնե այդպես լիներ: Չէ, ժամանակին ընկերության մեջ լրիվ տեղավորվող Մանուկյան ջան, անցած ժամանակաընթացքում ես էլ որոշ բան հասկացա, հասկացա, թե որքան անինքնասեր ու մանրախնդիր կարող է լինել քո նշած էդ անսկզբունք զանգվածը: Քունջ ու պուճախներում կուրծք ծեծող, ասլան կտրած, երդում-պատառ ուտող - գրեթե մահապարտներ գրական գործի, բայց գաղտագողի ու երկյուղած աչքերը հառած էն նախագահական (ԳՄ եւ ինչու միայն) Բարձր Դռանը - տեսնելու` ի՞նչ կտան, եթե հետ-հետ չոքեչոքեն, լռեն, սսկվեն, համաձայնեն…



Ու անցած ողջ ընթացքում լոկ մի քանի հոդված-անդրադարձ եղավ գրական իրողություններին: Եվ իհարկե, հենց էս «գառնուկների լռությունն» ուներ իր մտքի ակտիվում ՀԳՄ նախագահը, որը մի անգամ անկեղծորեն ասաց (ներկա էր եւ բանաստեղծ Վ. Խաստուրը). «Լսեք, ինչ ուզում եք արեք, բայց իմացեք, ես կլինեմ ՀԳՄ նախագահ այնքան, որքան որ ցանկանամ»: Այսպես, մեկնաբանությունները, ավելի ճիշտ՝ մեկնաբանողները ավելորդ են… Ու փորձիր բացատրել, որ խնդիրը դա չէ, իր նախագահ լինել-չլինելը չի (ով էլ գա, ըստ էության, էս նույն «կաշան» է դեմը դրվելու): Խնդիրը փորձն էր ինչ-որ ձեւով վերափոխելու էս կառույցը, վերադարձնելու նրան ստեղծագործական ներուժը, քաղաքացիական, ազգային ու մարդկային դիմագիծը, հաստատելու գրական չափանիշներ… Հոդվածիս կցում եմ անցած տարվա մայիսին ընդունված տեքստ-հայտարարությունը՝ էս հարցերի գրեթե սպառիչ շարադրմամբ, որը եւ հիմք հանդիսացավ ստորագրահավաքի եւ կազմակերպչական միավորման: Սա (որոշ գրողների պնդմամբ) թաքուն պահվեց լրատվամիջոցներից, որտեղ մասնավորապես գրված էր. «Հանրապետությունում համակարգային բարեփոխումներ են ընթանում, լուրջ խնդիրներ ունի տնտեսությունը, կան չափազանց բարդ սոցիալական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական հիմնահարցեր: Եվ այս պայմաններում Գրողների միությունը բացարձակապես մասնակցություն չունի պետական-հասարակական կյանքին. չի լսվում գրողի ձայնը, Հայաստանի գրողական ընտանիքը մտքերի տիրակալից վերածվել է հանրային կյանքի կցորդի, պարբերական սկանդալների հիմնարկության, զանգվածային լրատվամիջոցների ծիծաղատեղիի, լավագույն դեպքում՝ հասարակական անտարբերության թիրախի: Այսօր լավագույն գրական ստեղծագործությունները, թարգմանական գործերը, գրաքննադատությունը ստեղծվում ու հրատարակվում են Գրողների միության շրջանակներից դուրս, առանց միության օժանդակության եւ հաճախ՝ առանց գիտության: Միությունը չի վարում գրական քաղաքականություն, չի կազմակերպում գրական պրոցեսը: Քննարկումների, գրաքննադատության, իրական արժեքային համակարգի բացակայության պատճառով տեղի է ունենում աղետալի համահարթեցում, ինչն իր հերթին բերում է չափորոշիչների աղճատման եւ գնահատման խեղաթյուրման: Անմխիթար է գրական մամուլի վիճակը, իսկ արժեքավոր գործերը հրապարակվում են արտամիութենական պարբերականներում: Գրողների միության հրատարակչությունը պետպատվերով կամ պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի ընտրության հարցում առաջնորդվում է ոչ թե արժեքների հրատարակման, այլ քանակի հավելման սկզբունքով… գրական կյանքը ճգնաժամային վիճակում է, գրողը չափազանց քիչ բան է տալիս երկրին, ժողովրդին, պետությանը՝ ոչ միայն որպես գրող, այլեւ քաղաքացի, վտանգված է սերնդափոխության ընթացքը, աղոտ է հայ գրականության ներկայանալիությունն աշխարհում…»:



Ասեմ, որ հեղինակը ԳՄ նախագահության անդամ էր, ավելացնեմ` մոտ քսանհինգ ստորագրություն մեկ ամսում հավաքվել էր: Նշեմ, որ զանազան պատճառաբանություններով, թեկուզ եւ խուսափելով (ստորագրելուց), բայց անվերապահ հավանություն էր տալիս եւ աջակցության խոստում գրողների եւս մի ստվար զանգված: Մի խոսքով, անցած տարվա ամառ-աշնանը «կողմնորոշվել էին» տասնյակ ճանաչված գրողներ, պատկառելի կոչումով գրականագետներ, նախագահության, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ համակարծիք քաղաքական այրեր: Հոկտեմբերին խնդիր դրվեց հրավիրել համախոհների նախնական ժողով: Տեղի փնտրտուքը բերեց Կ. Դեմիրճյանի տուն-թանգարան:



Խարդավանքների հետեւանքով (մեր դրոշակակիրներից մեկի) դահլիճը չտրամադրվեց: Որոշեցինք դիմել ՀԳՄ նախագահին: Ի վերջո ի՞նչ ունեինք թաքցնելու: Անձնական եւ ոչ մի խնդիր: Ընդամենը ցանկություն էր ազատ բացախոսության եւ գրական խնդիրների անկաշկանդ քննարկումների: Իրեն էլ հրավիրեցինք: Հրաժարվեց բազմազբաղության պատճառաբանությամբ: Բայց եւ (արժանին մատուցենք) հոժարակամ համաձայնեց տրամադրել Կլոր սրահը: Նույնիսկ կարգադրեց լրացուցիչ աթոռներ տեղադրել, որ նորմալ տեղավորվեն: Եկավ ժամը «իրիկնահացի», ժամանեցին… յոթ-ութ հոգի: Էն հիսուն սպարտացիները («սփրթնած ծիները»), որոնք կոկորդ էին ճղում ու սուր ճոճում, թե գրական Թերմոպիլ են պահելու, պարզապես չեկան: Պարզվեց` անկողնագամ, անբուժելի գրիպ են տարել, թաղման են եղել բաջանաղի հարեւանի տատու գեղում, թաղումն էլ` ճոխ, «բիս» են տվել երեք անգամ, հանել են, թաղել, հանել են, թաղել ու… ուշացել են, «ազիզ» հյուր են ունեցել սեփական «թաշախուստով», մանրից «ազիզվորվել» են ու մոռացել գրական «ազիզներին»…



Իրականում… Իրականում ատավիստական վախ ու ակնկալիք «մի կտոր հացի», պետպատվեր գրքի, պստլիկ մի մրցանակի, «մեդալի», ուղեւորության, բնակտարածքի… Ինչ է եղել. լռեցին` ընդգրկվեցին, չեկան` ընտրվեցին, ստացան, բավարարվեցին կամ հլա բավարարվում են…



Էսպիսի բաներ ԳՄ նորագույն (եւ անգույն) էս պատմությունից: Հա, վերջում անհետացավ նաեւ Մեծ բանաստեղծը, էն, որ մորմոքվում էր ամլիկ գառներից: Սա լիճ ուներ, ապա թե` ձկնիկ-բկլիկներ լճում: Ասում են` էդ լճի «հայելուն մեջ անձկավ, գեղուհի մը նայեցավ…»: Պարզվեց` էլի ձուկ էր: Բայց ոսկի: Ոսկի, բայց պստլիկ, նույնչափ մի մրցանակ էլ իր պոչին…



Ամփոփենք: Բարի վայելում ստացած ու «խոստացված» ամեն ինչերին, թանկագին գրչ… (իսկ գուցե` «քրչ») եղբայրներ եւ քույրեր: Բայց մեկ-մեկ հիշեք եւ ձեր աղուհացավոր միամիտ պապերին ու իրենց խոսքը. «Մեկդ աղա, մեկդ կաղա, բա ձեր աղունն ո՞վ պիտ աղա…»: Եվ էլի: Բա էս բարոյական «ներուժով» ո՞նց եք մեջտեղ ընկել ու ճղճղում ազգային հարցերից ու խնդիրներից` էլ սոցիալական վիճակ, էլ էկոլոգիա ու բանակ, հայ կոռուպցիա ու արտագաղթ… Թե՞ նոր բաներ ստանալու էն ձեր հին, արհեստավարժ մեթոդոլոգիան է…



Ձեզ համար միայն ու միշտ` երգիծաբան Վլադիմիր Հայրապետյան