Արթուր Բաղդասարյանը տեր է նախագահի խոսքերին

Արթուր Բաղդասարյանը տեր է նախագահի խոսքերին
Համագումարից մեկ ժամ առաջ դահլիճն արդեն մարդաշատ էր: Բեմի վրա կառուցված տրիբունան, դրոշները, կուսակցության լոգոյով մեծ պաստառը եւ դիմացը փակցված «Ողջույն համագումարի մասնակիցներին» խոսքերը մի պահ ինձ շփոթեցրին:



Կուսակցության ղեկավարները բազմել էին բեմին: Հեռվից փայլում էին Հեղինե Բիշարյանի նարնջագույն վարսերը: Արթուր Բաղդասարյանին դահլիճը դիմավորեց հոտնկայս: Ապա հաջորդեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմավորող երկար ծափողջույնները: Բաղդասարյանը ողջույնի խոսքից արագ անցավ աշխատանքային պրոցեսին: Նա մի շարք հարցեր ուղղեց դահլիճում հավաքվածներին, հարցերին համագումարի պատվիրակները պատասխանում էին իրենց կարմիր մանդատները վեր բարձրացնելով. քվեարկում էին կողմ, դեմ կամ ձեռնպահ:



Քվեարկությունից հետո մեծ էկրանների վրա ցուցադրվեց ՕԵԿ-ի գործունեության մասին պատմող համառոտ տեսաֆիլմ, որից ներկաները տեղեկացան, որ ՕԵԿ-ն արդեն 15 տարեկան է:



Երբ բոլորը ոտքի կանգնեցին՝ կուսակցության հիմնը լսելու, հասկացա, որ դահլիճում կատարվողն ինձ հիշեցնում է դրվագներ սովետական ֆիլմերից: Կրկին հետաքրքիր դարձավ այն ժամանակ, երբ վստահ եւ խրոխտ ձայնով սկսեց խոսել կուսակցության նախագահը: Նրա խոսքերից զգացվում էր, որ նա իսկապես հպարտ է իր կուսակցությունով: Ասում էր, որ չնայած այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, բայց բազմաթիվ ծրագրեր դեռ նոր են պատրաստվում կյանքի կոչել: Ըստ Բաղդասարյանի, ՕԵԿ-ը սպառել է ձախողումների եւ պարտությունների շրջանը: Նա մեծ հույսեր է կապում իր երիտասարդ ակտիվի հետ եւ գալիք ընտրություններում կուսակցական ցուցակում պատրաստվում է ներառել մեծ թվով մատաղ սերնդի ներկայացուցիչների: Բաղդասարյանի խոսքը հատկապես հուզիչ թվաց, երբ նա սկսեց խոսել իր կորուստների եւ ձախողումների մասին: Այժմ նա վճռական է՝ պայքարել Հայաստանի բարեկեցիկ ապագայի եւ գալիք ընտրություններում հաղթելու համար: Նա ասաց, որ այժմ ունի մոտ 150 հազար կուսակից: Ասաց, որ ՕԵԿ-ը հաստատել է առողջ կառուցողական համագործակցություն ՀՀ նախագահի հետ: Եվ համարում է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է երկիրը տանել բարեփոխումների ճանապարհով:



Բաղդասարյանը ոգեւորված շարունակում էր. «ՕԵԿ-ն անելու է ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կայուն եւ անվտանգ ապագան ապահովելու համար: ՕԵԿ-ը շարունակելու է առաջնորդվել քաղաքական ազնվության սկզբունքով, այլ ոչ թե քաղաքական ատելությամբ: Չորս տարի քարեր նետեցին ՕԵԿ-ի ուղղությամբ, այսօր եկել է քարերը հավաքելու ժամանակը»:



Նա վրդովված եւ նեղացած էր լրատվամիջոցներից (թերեւս նաեւ «Հրապարակից»): Ասում էր, թե ազատ մամուլը զրպարտանքը չէ: Ազատ մամուլն այն չէ, երբ թերթն առնում ես՝ նախապես իմանալով ում մասին ինչ է գրված:



Բաղդասարյանը համարում է, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու հայտարարություն է արել, ասելով, որ լավ ընտրություններ է անցկացնելու: ՕԵԿ նախագահը հայտարարեց, որ տեր է կանգնում այդ խոսքերին եւ ժողովրդի հետ միասին կառուցելու է օրենքի եւ ուժեղ Հայաստան:



Մարիամ Մարգարյան