Ինչ է անելու ՕԵԿ կրծքանշանի ադամանդները

Ինչ է անելու ՕԵԿ կրծքանշանի ադամանդները
ՕԵԿ շարքերը վերջերս լքած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանից, ով այժմ համոզված է, որ ՕԵԿ-ն ամենեւին էլ օրինաց երկիր չի կառուցում, 49 ադամանդներով ադամանդապատել ու ոսկեջրել էր ՕԵԿ կրծքանշանը եւ կրում էր ԱԺ-ում, հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել կրծքանշանի ադամանդների հետ: Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, որպես անկախ պատգամավոր, մասնակցում էր «Ժառանգության» համագումարին, ուստի մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Բաղդասարյան, ասում են՝ հանդիպել եք Գագիկ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է դառնաք ԲՀԿ անդամ:



- Դա, կարծում եմ, ձեր եւ ՕԵԿ-ի տարածած լուրն է, որ ես հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Եթե կլինի էս երկրում մի մարդ, որ կասի, որ ականատես ա եղել, որ ես հանդիպել եմ Ծառուկյան Գագիկի հետ, ես պատրաստ եմ ինչ-որ անհնար բան անել: Չկա տենց բան ու չի կարող լինել:



- Իսկ ո՞ր կուսակցությանն եք ուզում անդամագրվել:



- Իմ առաջ այդպիսի խնդիր չեմ դրել, որ որեւէ կուսակցության անդամակցեմ, գոնե էս պահի դրությամբ:



- Ձեր քաղաքական ապագան շարունակելո՞ւ եք եւ որտե՞ղ եք շարունակելու:



- Դժվարանում եմ պատասխանել:



-  Նաեւ` ի՞նչ եք անելու Ձեր ՕԵԿ ադամանդակուռ կրծքանշանը:



- Ընդամենը մի «կ» տառ կա, որ պետք է ջնջել էդ կրծքանշանից, ու ես պատրաստ եմ կրելու, որովհետեւ ես էդ սկզբունքների տեր մարդ եմ` համոզված լինելով, որ բոլորս ենք կառուցում օրենքի եւ արդարության երկիր: Օրինաց երկիր, բայց ոչ այդ կուսակցության մասին է խոսքը եւ ոչ այդ կուսակցության հետ: Ես պատրաստ եմ համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր մտահոգ են մեր երկրի պայծառ ապագայով:



- Թե՞ հնարավոր է այդ ադամանդները մեկ այլ կրծքանշանի վրա տեղափոխեք:



- Իմ համար դա անընդունելի տարբերակ է կես ժամը մեկ ինչ-որ տեղափոխություններ կատարելը: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր էն քաղաքական միավորման հետ շարունակել իմ քաղաքական գործունեությունը, եթե ինչ-որ բան կարող եմ անել, ովքեր համաձայն են օրինաց երկիր կառուցելու գաղափարի հետ, ոչ թե կուսակցության հետ:



- Բայց ինչպե՞ս պատահեց, որ նոր իմացաք, որ ՕԵԿ-ն օրինաց երկիր չի կառուցում: Դուք է՞լ եք համարում, որ Արթուր Բաղդասարյանը դավաճանել է հայրենիքին:



- Ես ինքս այդպիսի հայտարարություն չեմ արել եւ չեմ էլ փորձում անել, որ որեւիցե մեկն այսօրվա քաղաքական դաշտում այդ որակավորումները կրող քաղաքական գործիչ է: Հատկապես այն մարդկանց, ում հետ որ ես բացարձակ ոչ մի կապ չունեմ եւ էդ մասին խոսել չեմ էլ ուզում: Կարծում եմ, որ զուր էր ամբողջ այս աղմուկը, քանի որ չկա այն, ինչի մասին մենք խոսում ենք: Ինձ համար դա հետաքրքիր չի: Իսկ ես պատրաստ եմ յուրաքանչյուր քաղաքական խմբավորման, կուսակցության հետ համագործակցել, ովքեր որ պատրաստ են օրինաց երկիր կառուցելու, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսին, ինչպես ես եմ պատկերացնում:



- Իսկ օրինակ հնարավո՞ր է «Ժառանգության» հետ կառուցեք այդ Հայաստանը:



- Դե, եթե «Ժառանգությունը» հիմնավորի, եւ ես հասկանամ, որ իրենք էդ ճանապարհով, էդ ուղիով են գնում, հաստատ ես կմտածեմ: Համենայնդեպս, ես նրանց վարած քաղաքականությունն ԱԺ-ում, դիրքորոշումները, կատարած աշխատանքի արդյունավետությունն իմ աչքով եմ տեսել եւ դրա արդյունավետությունը կարող եմ գնահատել՝ ի տարբերություն մնացած խմբակցությունների: