Չորս կուսակցություններ-Տեր-Պետրոսյան՝ 4:0

Չորս կուսակցություններ-Տեր-Պետրոսյան՝ 4:0
Մարտի 3-ին միանգամից մի քանի լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ ՀԱԿ անդամ չորս կուսակցությունների ներկայացուցիչներ չեն ընդգրկվի ՀԱԿ համամասնական ցուցակում: Խոսքը Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդ», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունների եւ Սամվել Հարությունյանի «Հայ կամավորների համախմբում» հասարակական-քաղաքական շարժման մասին էր:



Գառնիկ Մարգարյանն այս առիթով հայտարարել էր, որ ցուցակում իրենց չլինելու պատճառն այն է, որ իրենց համար կա ավելի կարեւոր խնդիր, ինչպիսին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Մարգարյանը սրանով հասկացրել էր, որ այն ուժերը եւ անհատները, ովքեր պայքարում են ցուցակում հնարավորինս բարձր տեղ ունենալու համար, պայքարում են մանդատի համար եւ մոռացել են կարեւորի՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Մեր տեղեկություններով, Գառնիկ Մարգարյանն իր այս հայտարարության համար խիստ նկատողություն է ստացել եւ ընդհանրապես զրկվել է խոսելու իրավունքից՝ առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրությունների վերջը:



Պարզ է, որ Գառնիկ Մարգարյանը կցանկանար լինել ցուցակում, նա Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է իր մոտեցումները, թե ինչպիսին է պատկերացնում այն, ինչ սկզբունքներով է պետք այն կազմել: Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվել լինել այնտեղ, երբ ցուցակ կազմելուն 10 օր էր մնացել:  Նույնը վերաբերում է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Վաղարշակ Հարությունյանին: Նա եւս ցուցակը կազմելու իր տարբերակն է ունեցել, որն անտեսվել է: Ավելին՝ նրանք բոլորը մի քանի հոգուց կազմված ցուցակներ են ներկայացրել ՀԱԿ գրասենյակ: Սակայն պարզվել է, որ ցուցակը պետք է կազմի անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Այսինքն, այս չորս կուսակցությունները, բոյկոտելով իրենց մասնակցությունը ՀԱԿ համամասնական ցուցակին, բոյկոտել են Կոնգրեսի կայացրած որոշումը, ըստ որի՝ ցուցակը պետք է կազմի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց համարձակություն չունեն բացահայտորեն հայտարարել դրա մասին: Խնդիրն այն է, որ ոչ միայն այս չորս կուսակցությունները, այլ էլի մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ չեն լինի ՀԱԿ համամասնական ցուցակում: Չէ, նրանք ֆորմալ առումով կլինեն ցուցակում, բայց այնպիսի տեղում, որ ընդհանրապես շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում, այսինքն՝ նրանց ներկայությունը ցուցակում կլինի զուտ խորհրդանշական: Օրինակ, Պահպանողական կուսակցությունը տեւական ժամանակ բոյկոտում էր ՀԱԿ քաղխորհրդի նիստերը, այս կուսակցության որոշ անդամներ պնդում էին, որ իրենք եւս կարող են հետեւել այս չորսի օրինակին եւ չմասնակցել ընտրություններին: Այս կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն ավելի կարեւոր խնդրով է զբաղված՝ պայքարում է ԿԳԲ-ի դեմ, ուզում է ընդունել տալ լյուստրացիայի մասին օրենքը, բայց տեւական բոյկոտից հետո հանկարծ մասնակցել է փետրվարի 26-ի ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որը վարել է Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ քաղխորհրդի նիստերին չի մասնակցում նաեւ Ռուբեն Թորոսյանը, բայց ՀԱԿ-ը նրա անունից որոշումներ է կայացնում, եւ Թորոսյանը համաձայն է դրանց հետ: ՀԱԿ հետնապահներ են համարվում նաեւ Հայաստանի էկոլոգիական կուսակցությունը եւ «Հայոց հայրենիքը», քանի որ ՀԱԿ-ում նրանց պահում են որպես դեկորացիա, այսպես ասած՝ գլխաքանակ:



Բայց այս կուսակցությունները չեն հայտարարում, որ չեն լինի ՀԱԿ համամասնական ցուցակում: Ոչ թե նրա համար, որ հույս ունեն, թե իրենց  արժանապատիվ տեղ կտան ցուցակում, կամ հույս ունեն, որ ինչ-որ հրաշքով մանդատ կստանան: Ոչ, այս կուսակցությունների ներկայացուցիչները նույնիսկ այնքան համարձակություն չունեն, որ ասեն, թե՝ գիտեք, մենք դեմ ենք նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միանձնյա որոշի, թե ով ցուցակի որ տեղում պետք է լինի, իսկ մենք էլ հրճվանքով համաձայնենք նրա ցանկացած որոշման հետ: Այսքան բան: Դրա համար ողջունելի է այն չորս կուսակցությունների դիրքորոշումը, որոնք այդքան համարձակություն ունեցան հայտարարելու, որ չեն կարող լինել մի ցուցակում, որի կազմմանն իրենք մասնակցություն չունեն: Թեեւ երեկ ՀԱԿ ղեկավարները հայտարարում էին, որ համամասնական ցուցակում չլինելը չի նշանակում, որ նրանք ՀԱԿ-ից դուրս են գալիս: Եվ անգամ հայտարարվեց, որ այս կուսակցությունների ղեկավարները թեեւ ցուցակում չեն՝ հրաժարվել են լինել, բայց հնարավոր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվեն: Լավագույն պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին կլինի մեծամասնականով իրենց ստացած քվեների քանակը:



Ավետիս Բաբաջանյան