Եվ ընտանիքը փլվեց

Եվ ընտանիքը փլվեց
Շատ սիրուն ընտանիք էր. կինը՝ հմայիչ ու խելացի, կրթված ու նվիրված, ամուսինը՝ բարձրահասակ, խարտյաշ, աշխատասեր եւ ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ: Ընկերություն էին անում դեռ շատ պատանի տարիքից, եւ թվում էր՝ ստեղծված էին միմյանց համար: Այն զույգերից էին, որոնք ամեն ինչի միասին էին հասել՝ դպրոցում միասին էին սովորել, ինստիտուտում՝ գրեթե միասին: Աղջիկը, որպես ավելի ակտիվ եւ ուժեղ տեսակ, կարողացել էր ամեն ինչ ծրագրավորել տղայի փոխարեն՝ ինստիտուտ, ասպիրանտուրա, թեկնածուական դիսերտացիա, օտար լեզուներ, հարմար աշխատանք:



Այդ բոլորին զուգահեռ, հասցրել էին նաեւ երկու զավակ ունենալ, տուն եւ մեքենա գնել: Տարին երկու անգամ արտասահման գնալ: Ծնողներից ոչ մի կախում, ավելին՝ իրենք էին արդեն սկսել օգնել մեծերին: Մի խոսքով՝ իդեալական ընտանիք, հաջողակ եւ բարեկեցիկ կյանքով ապրող: Թվում էր՝ մնում է ստեղծածը վայելել, երեխաներին մեծացնել, աշխատանքային նոր հաջողություններ արձանագրել: Հենց աշխատանքային հաջողությունների ետեւից ընկնելն էլ դարձավ նրանց կյանքի փորձաքարը: Տղային, որպես երիտասարդ, խոստումնալից կադր, աշխատանք առաջարկեցին արտասահմանում:



Դժվար որոշում էր, բայց բարձր աշխատավարձն ու կարիերայի հեռանկարը երիտասարդներին ստիպեցին կայացնել այդ բարդ որոշումը: Մտածում էին՝ սկզբում ամուսինը մենակ կմեկնի աշխատելու, հետո՝ ամեն հնարավորության դեպքում կայցելեն իրար, իսկ երբ գործերը հաջող գնան, կտեղափոխվեն նրա մոտ: Սկզբում իրոք էլ ամեն ինչ նորմալ էր: Սարսափելի կարոտում էին իրար, ամեն հանդիպում անգամ մեղրամսի նման մի բանի էր վերածվում: Մինչեւ որ աղետը վրա հասավ: Գործուղման մեջ գտնվող մենակ տղամարդը, պարզվեց՝ ընդունակ չէ դիմադրել օտար կանացի հմայքներին եւ ծուղակն ընկավ:



Կարճ ժամանակ անց կինն իմացավ, որ ամուսինը հեռու երկրում դավաճանում է իրենց սիրուն, եւ ընտանիքը փլվեց: Բոլորը շրջապատում ափսոսում էին կատարվածի համար: Ախր շատ սիրուն զույգ էր: Շատ համապատասխան ամուսիններ էին: Հետո, երբ ամեն ինչ ետեւում էր, բոլորը քննարկում էին կատարվածը եւ փորձում էին հասկանալ, թե ինչու այդպես եղավ: Ամեն մեկն իր մեկնաբանությունն էր անում. տղամարդիկ թույլ արարածներ են, դավաճան եւ ստոր, երիտասարդ տարիքում կազմված ընտանիքները բոլորն էլ քանդվում են, արագ եւ գլխապտույտ հաջողությունները մարդկանց հոռացնում են եւ այլն: Բայց մի բացատրություն էլ կար, որ մեր հերոսուհուն սիրողները շրջանցում էին:



Դա այն էր, որ նա ընտանիքում ինչ-որ պահից սկսած՝ մոր դերակատարումն էր ստանձնել, մոր կամ ուսուցչի, որը տղամարդուն խնամում է, բայց եւ հոգնեցնում: Նման կանանց հետ ապրող տղամարդիկ արագ կորցնում են հետաքրքրությունն իրենց կնոջ նկատմամբ՝ որպես կին, եւ դրսում են սկսում կին փնտրել: Դա չի նշանակում, որ իրենց կինը կորցրել է հմայքը կամ պակաս գրավիչ է դարձել, ուղղակի սեփական ուսուցչի հետ ապրելը ծանր բան է՝ դու անընդհատ մանրադիտակի տակ ես, նա անընդհատ քո սխալներն է արձանագրում ու աչքդ մտցնում:



Կանացի սեթեւեթանքի, գայթակղության, քնքշանքի փոխարեն տղամարդը հանդիմանությունների, դիտողությունների, ուսումնառության օբյեկտ է դառնում: Ինչին դիմանալը հեշտ չէ:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ