Պատմվածք գեյի մասին (34-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (34-րդ մաս)
- Երբվանի՞ց ես փոխել սեռական կողմնորոշումդ,- սառնասրտորեն հարցրեց Անին` արցունքները մաքրելուց հետո:

- 5 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի, 19 տարեկան էի, այդ ժամանակ ես հանդիպեցի Արթուրին եւ...

- Ո՞վ է Արթուրը:



- Հիշո՞ւմ ես, որ օրեր առաջ մի տղայի տեսանք փողոցում, որ քեզ դուր չեկավ. նա է:

- Այն Արթո՞ւրը, բայց նա շատ ռաբիս տեսք ուներ, դժվար թե գեյ լինի:

- Դու կարծում ես, որ գեյերը միայն մոդայիկ հագնվող, բիժու կրող տղանե՞րն են:



- Ես ոչինչ էլ չեմ կարծում, ոչինչ չեմ ուզում մտածել, ինձ միայն դու ես հետաքրքրում:

- Իսկապե՞ս: Այսքանից հետո դու դեռ հետաքրքրված ես ինձնով: Անի, ես հիացած եմ քեզնով, ես արժանի չեմ քո ոչ սիրուն, ոչ էլ ընկերությանը:



- Արամ, թույլ տուր ես որոշեմ, թե ինչպիսի վերաբերմունքի քեզ արժանացնեմ:

- Լավ, եթե պատրաստ ես, ուրեմն ես իսկապես կանկեղծանամ եւ կպատմեմ քեզ իմ մասին ողջ ճշմարտությունը, հուսով եմ, որ լսելուց հետո ինձնից չես զզվի:



- Արամ, ես չեմ կարող քեզնից զզվել, որովհետեւ սիրում եմ:

- Դրանից ես ավելի վատ եմ ինձ զգում, որովհետեւ օգտվել եմ քո մաքուր զգացմունքներից իմ կեղտոտ նպատակների համար, ներիր ինձ, եթե կարող ես:



- Արամ, եթե դու հենց սկզբից ինձ ճիշտն ասեիր, ես քեզ հետ ձեւական ընկերություն կանեի, որպեսզի մարդիկ չկռահեին, որ դու գեյ ես: Հնարավոր է, որ ես հիմա էլ պատրաստ լինեմ դրան, միայն թե հասարակությունը չդատապարտի, չվիրավորի քեզ:



Արամը գրկեց Անիին. նա հիացած էր աղջկա բարությամբ: Արամը պատմեց նրան ողջ ճշմարտությունը, խոստովանեց իր թուլություններն ու ներկայացրեց որոշ մանրամասներ իր ու Արթուրի հարաբերություններից: Այս ընթացքում Անին փորձում էր զսպել զգացմունքները, որպեսզի չպոռթկա եւ վիրավորական արտահայտություն չանի տղայի հասցեին:



- Այսքանից հետո ինձ ի՞նչ խորհուրդ կարող ես տալ, քույրս ուզում է, որ գնամ Հայաստանից, բայց ես չեմ ուզում լքել իմ երկիրը:

- Չգիտեմ, շատ բարդ հարց է, դու լավ գիտես, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում քեզ նման մարդկանց:

- Գիտեմ, բայց ես ուզում եմ այստեղ ապրել, մինչ օրս ինձ հաջողվել է թաքցնել իմ սեռական կողմնորոշումը, չնայած որոշ մարդիկ արդեն գիտեն այդ մասին:



- Ովքե՞ր:

- Այսօր ինձ աշխատանք առաջարկող ընկերության ղեկավարը գիտեր, որ ես գեյ եմ, եւ հույս ուներ, որ ես իր սիրեկանը կդառնամ:

- Որտեղի՞ց կարող էր իմանալ, որ դու... գեյ ես,- դժվարությամբ արտասանեց Անին:



- Չգիտեմ, առաջին հերթին Արթուրին կասկածեցի, բայց նա ասաց, որ չի ճանաչում Գոյունյանին, հետո պարզվեց, որ այդ մարդն Ազգային ժողովի պատգամավոր է: Այս ամենը շատ տարօրինակ է:



- Արամ, այդ Արթուրն ինձ դուր չի եկել, ես նրա մեջ չարություն զգացի, դու համոզվա՞ծ ես, որ նա լավ անձնավորություն է:

- Եթե նույնիսկ լավը չլինի, ես սիրում եմ նրան, նա իմ կյանքի միակ տղամարդն է: Եթե նրան կորցնեմ, չգիտեմ ինչ պետք է անեմ:



շարունակելի



© Հրապարակ օրաթերթ