Լիլիթ Գալստյան. «Չեմ հավատում»

Լիլիթ Գալստյան. «Չեմ հավատում»
«Պիտի հավատաս, որ փոխես... ։... Չի կարելի ստեղծել անձնական երջանկություն՝ կողոպտելով հանրությանը և ազգին։ ...Սա երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունը ուղղակի անգնահատելի է....» Սրանք ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի խոսքերն են՝ ասված ՀՀԿ 13-րդ համագումարում։ Պատրաստ եմ ստորագրել այս և այս ելույթից տասնյակ մտքերի տակ։ Բայց չեմ հավատում, կներեք չեմ հավատում։



Ոչ թե նրա համար, որ անցնող հինգ տարիներին այսպիսի գեղեցիկ ձևակերպումներ էլի եմ լսել, իսկ կյանքը շարունակվել է իր «հունով» գնալ, և ոչ էլ նրա համար, որ իշխանությանը պախարակելու մոլուցք ունեմ։ Այլ շատ պարզ, շատ շոշափելի ու տեսանելի պատճառով։



Մինչ նախագահը (հավանաբար առաջին հերթին իր կուսակիցներին) հավատալու ու երկիրը փոխելու ուղերձ էր հղում, Մաշտոցի պուրակում արդեն 22-րդ օրը սառում էին իրենց իրավունքներին տեր կանգնող, ինքնորոշված քաղաքացիները, իսկ ՀՀ Մշակութային ժառանգության ցանկերում ամրագրված Ծածկած շուկան, անգամ ապօրինիի շինարարության դադարեցման որոշումից հետո, նախագահի ելույթին զուգահեռ, նույն ժամին, գիշերվա քողի տակ, ոչ աշխատանքային օրը շարունակվում էր քանդվել (սրա անունը մշակութային վանդալիզմ է)։ Չե՜մ հավատում, Պրն Նախագահ....ինչպե՞ս հավատամ....ու՞մ հավատամ...Ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս...