Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Այսօր մամուլում կարդացի Ձեր մարտի 10-ի ելույթը ՀՀԿ համագումարում։ Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ։ Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի։ Մ՞իթե այդպես են վելուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման “նյութ” մատուցել։



            Խոսքս չեմ երկարացնում։ Անմիջապես անցնում եմ փաստերի։ Կվերլուծեմ ձեր յուրաքանչյուր թիվ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։



            Նախևառաջ, մի քանի “մեթոդաբանական” հարց։



Առաջին, իմ բոլոր վերլուծությունները պաշտոնական վիճակագրության թվերն են։ Որպեսզի կասկածներ չլինեն, ամեն անգամ առանց զլանալու կնշեմ աղբյուրը։



            Երկրորդ, երբեք թույլ չեմ տվել պրիմիտիվ ձևով համեմատելու հունվարը դեկտեմբերի հետ։ Սովորաբար այդտեղ անկումն անխուսափելի է։ Եվ դա ճիշտ է բոլոր նախագահների և կառավարությունների համար։ Ավելին, միշտ նշել եմ, որ վաղուց ժամանակն է տնտեսական տարին տարբերակել ֆինանսականից։ Մասնավորապես ճիշտ կլինի, որ ՀՀ-ում ֆինանսական տարին սկսվի ապրիլի 1-ից և տևի մինչև մարտի 31-ը։ Համոզված եմ, որ այս քայլը թույլ կտա տարեկան 1-2 տոկոսով արագացնել ՀՆԱ աճը և մեղմացնել տնտեսության տարեկան դինամիկայի խոտորումները։ Ասեմ նաև, ամիսը ամսվա հետ համեմատելու սովորություն ունեն հենց պետական կառույցները։ Օրինակ, 2011-ի գնաճը ըստ 2010-ի վերջում ընդունած բյուջեի, պետք է կազմեր 4 ± 1.5%։ Այսինքն առավելագույնը 5.5%։ Իրականում այն  կազմել է 7.7% (2011-ի հունվար-դեկտեմբերը 2010-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ)։ Բայց ՀՀ ԿԲ կայքում (www.cba.am) դուք կգտնեք 4.7% թիվը (շտապեք բացել և տեսնել այս թիվը քանի դեռ ԿԲ կայքում փոփոխություններ չի արել)։ Սա սխալ չէ։ Այսպիսի թիվ էլ կա։ Բայց այն գնաճն է ամիսը ամսվա վրա։ ԿԲ-ն էլ հասկանալով դիտավորյալ այս թիվն է գրել, որ Սահմանադրությամբ սահմանված գնաճը կատարած համարի։ Այնպես որ “ամիսը ամսվա” վրա վիճակագրությամբ հենց պետական մարմիններն են զբաղված։



            Երրորդ, այն կարծիքին չեմ, որ Ձեր ելույթի տնտեսագիտական մասն ինձ է ուղղված։ Ամենևին։ Ես ո՞վ եմ։ Մի քիչ շատ կլիներ, անտեղի։ Բայց թույլ տվեք ասել, այն նաև ինձ է ուղղված։ Ի վերջո դուք իրավունք ունեք իշխանությունից դուրս գտնվող մեկ այլ ճշմարտություն ևս իմանալու։ Ես էլ այս երկրի ու առավել ևս տնտեսական համակարգի հիմնադիրներից մեկն եմ։



Չորրորդ, Ձեր ելույթը հետևողական չէ։ Մեկ դուք 2011-ի թիվը համեմատում եք 2006-ի հետ, մեկ 2012-ի պլանային թիվն եք համեմատում 2006-ի հետ, մեկ էլ, երբ նպատակահարմար է իբրև բազիսային տարի նշում եք 2007-ը։ Ենթադրում եմ, որ Ձեզ դիտավորյալ շփոթեցրել են։



Հիմա մեկ առ մեկ ձեր բերած փաստերի մասին։



  1. Նշում եք, որ 2007-ին պետական բյուջեն կենսաթոշակայինի հետ 658 մլրդ դրամ էր։ Հիմա այն 1043 մլրդ դրամ է (ըստ ԱԺ կողմից ընդունված 2012-ի բյուջեի նախագծի)։ Այսպիսի ձախողված կառավարում տեսե՞լ եք։ Հարցնում եք։ Էլի որ չենք տեսել։ ՍԳԻ 2007-2011 թթ գումարային գնաճը կազմել է 37.1% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ420, http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։ Եվս 5.5% գնաճ նախատեսել եք 2012-ին։ Գումարային ե՞ղավ 44.7%։ Եղավ։ Հիմա 1043-ը 658-ից մեծ է 58.5%-ով։ Բյուջեն պետության աշխատավարձն է։ Ուրեմն այն աճել է 58.5%, իսկ գները՝ 44.7%։ Ուրեմն Ձեր բյուջեն իրականում 5 տարում աճել է 13.8%-ով։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է։ Բա 5 տարում 13.8% բյուջե աճեցնելը գո՞վալու բան է։ Հարաբերական առումով ձեր վիճակը ընդհանրապես վիճակ չի։ 2007-ի նշված 658 մլրդ դրամը եղել է 304.2 միջին փոխարժեքի դեպքում (  http://www.cba.am/am/SitePages/statdatabank.aspx)։Այսինքն խոսքը 2.16 մլրդ դոլարի մասին է։ 2010-ի 1043 մլրդ դրամը այսօրվա փոխարժեքով (389.79 առ 10 մարտի 2011թ) 2.67 մլրդ դոլար է։ Այսինքն 6 տարում ավելացել է 23.6 տոկոսով։ 6 տարում դոլարի սղաճը կազմել է 28 տոկոս։ Հիմա Ձեզ գովենք երկրի բյուջեն հարաբերականորեն կրճատելու համար։ Բա խոսքի եք տվել 2 անգամ (100 տոկոսով) ավելացնել։ Ոչինչ որ Ադրբեջանի բյուջեն 5 տարում 2.5 անգամ է ավելացել, Վրաստանինը ավելի քան 2 անգամ (դոլարային արտահայտությամբ),  իսկ աշխարհինը՝ 1.4։


  2. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի, ասում եք դուք։ Ես 2006-ի կամ Ռ.Քոչարյանի պաշտպանը չեմ։ Բայց չի կարելի վերցնել դոլարով դրամի գերարժևորված տարին համեմատել թերարժևորվածի հետ։ Ի վերջո տնտեսագիտությունը մասնագիտություն է։ Ուրեմն, 2007-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3903 դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ 79)։ Այս ցուցանիշով մենք աշխարհում 89րդն էինք։ 2011-ի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նախնականով 3090 դոլար է (նախնական, քանզի ՀԲ-ն դեռ չի ամփոփել) և մենք հայտնվել ենք 114-րդ տեղում։ Ի՞նչպես կարող էիք այս փաստերը ելույթում շարադրել այնպես, որ շռնդալից զարգացման տպավորություն թողնեիք, միայն Ձեզ է հայտնի։


  3. Ասում եք, որ 2011 թ 2006-ի համեմատ արտահանումն ավելացել է 1.6 անգամ և կազմել 2.4 մլրդ դոլար։ Ուրեմն, ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ին եղել 1.329 մլրդ դոլար (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։2006-ին այն եղել է 1.004 մլրդ դոլար։ Ուրեմն 2011-ին անվանական աճը 1.32 անգամ է։ Խնդիրն այստեղ, իհարկե “արտաքին առևտրաշրջանառության” և “ապրանքների ու ծառայությունների” նրբությունները չեն։ Բանն այն է, որ դա անվանական աճ է։ Կա արտահանման գների ինդեքս հասկացությունը։ Այն կազմել է. 2006p` 8.7% (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2006թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2007, էջ 86), 2007-ին՝ -0.6 (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ 86), 2008՝ -0.4, 2009՝ -8.6, 2010՝ 19.0%  (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 440) և 2011՝ 11.5% (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։Այսպիսով 2006-2011թթ գումարային ինդեքսը կազմել է 30.5% կամ 1.305 անգամ։ Այսինքն, 2006-2011pp արտաքին առևտրաշրջանառությունն աճել է…1.5 տոկոսով։ Հազար ներողություն, բայց սա դեռ ձեր թվերով։ Գլուխ գովելը հեշտ է։


  4. Նշում եք, “վերջին 5 տարիներին” միջին աշխատավարձը ավելացել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով։ Ներեցեք, այդ ո՞ր “վերջին 5 տարիների” մասին է խոսքը։ 2007-ի նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 80433 դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ91), իսկ 2011-ին եղել է 115265 դրամ (http://www.armstat.am/file/doc/99469123.pd)։   Հավելաճը կազմում է 43.3%։ Այդ ընթացքում գներն աճել են (ձեր իսկ թվերով) 37.1%-ով։ Հիմա 5 տարում աշխատողների իրական եկամուտներն աճել ոչ թե 40.4, այլ 6.2 տոկոսով։ Գո՞հ եք։ Բա ասում էիք 2 անգամ լավ ենք ապրելու։ Հիմա պարզ չի, որ ժողովուրդը ուզի չուզի պիտի լքի այս երկիրը։


  5. Շատ հետաքրքիր են ձեր մտքերն առ այն, որ 5 տարվա ընթացքում մեր երկրում ավանդներն ավելացել են 983 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվն էլ 595 հազարով։ Դուք գոնե գիտեք, որ ուզենք թե չուզենք տնտեսության մոնետիզացիան աճում է (կաճի մինչև կհասնի ժամանակակից ստանդարտին), որ մարդիկ յուրաքանչյուր կոպեկ աշխատում են բանկ տանել, որպեսզի գոնե թույլ չտան խնայածի արժեզրկում։ Հայաստանն ու Ուկրաինան ունեն միևնույն ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով։ Բայց Ուկրաինայում 1 շնչին ընկնող դեպոզիտները 2.5 անգամ ավել են, քան Հայաստանում։ Հիմա, իրոք 2008-2011թ ավանդները 491 մլրդ դրամից դարձել են 1053։ Միջին տարեկան աճը կազմել 20.1%։ Բա Ռուսաստանն ի՞նչ ասի, որտեղ աճը կազմել 34 տոկոս։  Հետո, մեզ մոտ ավանդները կազմում են ՀՆԱ 25 տոկոսը, մինչդեռ զարգացած ու մրցունակ բանկային համակարգ ունենալու պարագայում պետք է կազմեին 75 տոկոսը (զարգացման մեր կարգին համապատասխան)։ Ավանդատուների թվի ավելացման առումով։ Ձեզ գոնե հայտնի է, որ այդ “ավելացման” առյուծի բաժինն այն է, որ մարդիկ տրոհում են իրենց ավանդները ըստ արտարժույթի և բանկերի ռիսկերը նվազեցնելու նպատակով։


  6. Հիմա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման՝ 20.1 տոկոսի մասին։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարելի բարելավել 2 ձևով։ Ա) ավելացնել հարկերը։ Բ) Պակասեցնել ՀՆԱ-ն։ 2007-2011 թթ ՀՀ-ում “հարկեր/ՀՆԱ” ցուցանիշի բարելավումը կապված ՀՆԱ լճացման և հսկայական անկման հետ։ Այսպես, չնայած 2007-ի հունիսի 21-ի կառավարության ծրագրով խոսք էիք տվել ՀՆԱ աճ տարեկան 8-10 տոկոսի չափով, 2007-2011թթ ՀՆԱ աճը եղել ոչ թե 61 տոկոս (Ձեր խոստացած թիվն է), այլ 12.4 տոկոս (հաշված է ըստ՝   ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 234,   http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։ Դոլարային արտահայտությամբ այդ 5 տարիներին երկրի ՀՆԱ աճը եղել է 10.8%, իսկ 2008-ի նկատմամբ արձանագրվել է անկում -12.1% (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD )։ Կարծում եմ, ՀՆԱ իջեցման հաշվին ցուցանիշի բարելավումը ... չգիտեմ ինչ է։


  7. Ձեր հաջորդ, սոցիալական ծախսերի վրա ես կանգ չեմ առնում։ Մի քանի խորամանկ թիվ եք բերում՝ մատուցելով իբրև առաջընթաց։ Միայն նշեմ, 2008-2010թթ աշխատավարձերը զգալի չափով վճարել է արտաքին պարտքի հաշվին։ Եվ այդ փողը մենք դեռ ետ պիտի տանք։ Վերը նշած ծրանգրով խոստացել էիք նաև առողջապահության ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ 2.2%-ը (http://www.gov.am/files/docs/83.pdf), եղել է 1.6%, կրթության ծախսերը 3.5%, ունենք անփոփոխ 2.78%։ Ի վերջո, Ձեր ղեկավարած կուսակցությունը 2007-ին իբրև նպատակ էր դրել աղքատությունը 23%-ից իջեցնել 11.2%-ի։ Ունենք 35%։


  8. Այդ ի՞նչ թվեր եք բերում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման վերաբերյալ։ Եղբայր 2007-ին ՀՆԱ 1 տոկոսն էր, 2010-ին դարձել է 2 տոկոսը (http://data.worldbank.org/indicator/TX.VAL.TECH.MF.ZS)։Ընդ որում խոսքը գնում է 18 մլն դոլարի մասին։ Այդպիսի պրիմիտիվ մակարդակում զարգացում չի լինում։ Բացի այդ, չէ որ միտումների մասին պետք է խոսել, այլ ոչ թե մի տարվա։


  9. 750 հազ զբոսաշրջիկներ ունե՞նք։ Եվ սա 7 մլն սփյուռքի առկայության պարագայում։ Լավ։ Բա որ Վրաստանը 2750 հազ ունի, իսկ Թուրքիան 35 մլն։ Միայն Հայաստանից Վրաստան 790 զբոսաշրջիկ է այցելել։ Անհարմար է։ Փորձեք վերացնել ավիափոխադրումների մենաշնորհը, ազատականացրեք շուկան և կտեսնեք, որ այս թիվը մեկ տարում 4 մլն-ի կհասնի։


  10. Բջջային և ինտերնետ կապի վերաբերյալ Ձեր ասած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Մի փոքր մոտեցել ենք միջազգային չափանիշին։ Եվ սա Orange-ի  շնորհիվ։ Այդ ընկերության կենդանի արձանը պետք է Հայաստանում կանգնեցնել։ Տեսն՞ում եք ինչ բան է մրցակցությունը։ Բայց էլի, տեղեկացնում եմ Ձեզ, որ Տոկիոյում այս պահի դրությամբ ինտերնետ կապը շուրջ 200 (երկու հարույր) անգամ էժան է, քան Երևանում։ Այնպես որ նկատի ունեցեք, որ երկրների մեծ մասում այս տեխնոլոգինաերը զարգանում շատ ավելի արագ, քան թե Ձեր ղեկավարած Հայաստանում։


  11. Գազի բաժանորդների մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք։ 95%-ով գազաֆիկացված երկրում բաժանորդների 1/3-ը ի վիճակի չէ գազ սպառել։ Եթե այդ գազաֆիկացումը չլիներ, հիմա գազի գինը իրական սպառողների համար մի 20% պակաս կլիներ։ Ու հետո, Ռուսաստանից գազը գնում ենք 180 դոլարով, բայց ժողովրդին վաճառում 435-ով (նկատի ունենալով կալորիականության եվրոպական ստանդարտը)։




Բացի Ձեր կողմից նշված փաստերին անդրադարձ կատարելուց կուզենայի նշել նաև ևս մի քանի հանգամանք։   Իրավիճակը պարզապես աղետալի է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տարվող տնտեսական կյանքի առանձին ցուցանիշների հաշվառման գծով։ Այսպես, 2007-ին  կոռուպցիայի ինդեքսով Հայաստանը 99-րդն էր (180 երկրների մեջ), իսկ 2011-ին՝ 129րդը (183 երկրների մեջ), տնտեսական ազատության    ինդեքսով 5 տարում 32-րդ տեղից նահանջել ենք 43-րդը։ Doing Business-ի 10 ցուցանիշներից 7-ում արձանագրվել է անկում, ինչի հետևանքով Հայաստանը 2007-2011 կորցրել է 83 միավոր-տեղ։ Միևնույն ժամանակ Վրաստանը շահել է 332 միավոր-տեղ, Ադրբեջանը 245 միավոր-տեղ։  Տնտեսության ստվերայնության ցուցանիշով 151 երկրների մեջ 124-րդն է։ “Մխիթարիչ” է միայն մրցունակության ինդեքսի ցուցանիշը։ Հինգ տարում 93-րդ տեղից “բարձրացել” ենք 92-րդ տեղը։



Ուզում եմ նաև նշել, որ իմ “հակափաստարկները” բացառապես հիմնված են Ձեր կողմից նշած պաշտոնական վիճակագրության վրա։ Մինչդեռ ես սրանց չեմ հավատում։ Բազմիցս նշել եմ, որ հայկական վիճակագրական ծառայությունը ավելի շուտ քաղաքական խոտան է արտադրում, փուչիկ (այսօրվա վարչապետի խոսքերն են 2-րդ նախագահի հասցեին), քան թե մասնագիտական տեղեկատվություն։ Ամիսներ առաջ հրապարակավ առաջարկեցի Ձեզ մեզ հետ միասին ստուգել, օրինակ, խաղողի արտադրության ծավալները։ Անեիք էլի։ Մի՞թե Ձեզ իրական պատկերը ամենևին չի հետաքրում։



 

Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր



(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),



Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),



Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,



Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,



Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից



Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,



ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,



ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,



Ազատություն կուսակցության նախագահ,



ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող