Չեն կարողանում նախագահ ընտրել

Չեն կարողանում նախագահ ընտրել
Մոլդովայի խորհրդարանը լուծարման վտանգի առջեւ է կանգնած: Մարտի 16-ին պատգամավորները պետք է երկրի նախագահ ընտրեն: Եթե այս անգամ էլ դա չհաջողվի անել, ապա խորհրդարանը եւս մեկ հնարավորություն կունենա երկրի ղեկավար ընտրելու: Վերջին հնարավորությունն էլ բաց թողնելու դեպքում խորհրադարանը կլուծարվի, եւ նոր ընտրություններ կնշանակվեն: Ընդդիմադիր կոմունիստական կուսակցությունը պահանջում է այդքան ժամանակ չկորցնել եւ արտահերթ ընտրություններ նշանակել: Իսկ իշխող կոալիցիան նախագահի թեկնածու է առաջադրել 63-ամյա Նիկոլա Տիմոֆտիին: 



Վերջինս հանրությանն այդքան էլ հայտնի չէ, իրավաբանի կրթություն ստանալուց հետո հիմնականում աշխատել է դատական համակարգում: Նախագահ ընտրվելու համար Տիմոֆտիին անհրաժեշտ է 100 պատգամավորներից 61-ի ձայնը: Իշխող կոալիցիան 58 մանդատ ունի խորհրդարանում եւ ամեն անգամ 3 ձայն պակասում է` իշխանական թեկնածուին նախագահ ընտրելիս: Այդ պատճառով էլ արդեն երկու տարի է` Մոլդովայում չեն կարողանում նախագահ ընտրել:



Ընտրությունները նշանակված են մարտի 16-ին: Կոմունիստները դեմ են քվեարկելու իշխանական թեկնածուին, իսկ Սոցիալիստական կուսակցությունն իր որոշումը կայացնելու է ընտրությունների նախօրեին: Նշենք, որ սոցիալիստները 3 մանդատ ունեն խորհրդարանում, դա բավական կլինի, որ իշխանության մանդատների հետ միասին Նիկոլա Տիմոֆտին ընտրվի որպես Մոլդովայի նախագահ: