Չարենցը 115 տարեկան է (ձայնագրություն)

Չարենցը 115 տարեկան է (ձայնագրություն)
Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Հայրը` Աբգար աղան առևտրական էր: Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1916թ. կեսերին Չարենցը գնում է Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: 1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը: 1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ: Անձի պաշտամունքի տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները, որից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահացել է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Գրողի գերեզմանի տեղն անհայտ է: