Կուսակցությունների կեղտոտ սպիտակեղենը

Կուսակցությունների կեղտոտ սպիտակեղենը
Երեկ սկսվեց պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Երբեւէ խորհրդարանական ընտրությունների շեմին այսքան մեծ չի եղել անորոշությունը, եւ այսքան շփոթված չի եղել հասարակությունը, ինչպես այս տարի: Այսքան երկար ու այսքան ջանասիրաբար չեն թաքցրել կուսակցությունների նախընտրական ցուցակները, եւ այսքան հիմար վիճակի մեջ չեն եղել մեծամասնականով ընտրվողները, ինչպես հիմա, երբ ընտրություններից ընդամենը օրեր առաջ չգիտեն՝ առաջադրվելո՞ւ են, թե՞ ոչ: Ամեն ինչ կենտրոնացված կարգով նախագահական նաստավայրում, ՀՀԿ գրասենյակում կամ իշխանական տարբեր ձեւաչափի սխոդկաների ժամանակ որոշելու փորձերն իրենց պտուղները տվել են: Բոլորին դարձրել են փոքրիկ պտուտակներ, որոնք ոչինչ չեն որոշում, ոչինչ չգիտեն, ոչ մի կարծիք չունեն: 10-15 տարի խորհրդարանում «նստած» անձը, որ թվում է պրոֆեսիոնալ «կոնգրեսմենի» հմտություններ պետք է ձեռք բերած լիներ եւ իր համար հստակեցրած լիներ՝ խորհրդարանն իր տեղն է, թե ոչ, կմկմում է՝ չիմանալով ինչ ասել, ի պատասխան լրագրողի հարցի՝ Դուք Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք: Դեռ հստակ չէ, չգիտեմ, ինչպես կուսակցությունս կորոշի, ասում է վաղուց մանկապարտեզային տարիքից դուրս եկած տղամարդը, որը կերուխումի սեղանների շուրջ իրեն կտրիճ է զգում, իսկ լրագրողի դիկտոֆոնի առաջ կատու դառնում: Իսկ ցուցակների հարցն ընդհանրապես լակմուսի թղթի նման ի ցույց դրեց մեր կուսակցությունների անգաղափարական, անողնաշար էությունը: Մի կողմից ամոթալի գզվռտոց ու երկպառակություններ, մյուս կողմից առաջնորդների բռնապետական նկրտումներ՝ ցուցակը միանձնյա կազմելու գործում: Տարիներով թաքցված «կեղտը» ջրի երես է ելել: Պահի թելադրանքով, ինչ-ինչ շահերով միավորված մարդկանց անհաշտությունները հրապարակայնացվել են: Վերջը բարին անի: