Օմբուդսմենը նաեւ «չինովնիկ» է

Օմբուդսմենը նաեւ «չինովնիկ» է
Կարծես թե համակերպվել ենք այն մտքի հետ, որ երկար ժամանակ լավ օմբուդսմեն չենք ունենալու։ Եթե գոնե պաշտպանից պաշտպան առաջխաղացում նկատվեր, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող պաշտոնատար այդ անձի բացակայությունը ծանր չէինք տանի: Մանավանդ, որ նա մեծ իրավունքներ չունի, սակայն Հայաստանում, ինչպես Պարույր Հայրիկյանն է ասել, պետք է նաեւ «տականքների հետ աշխատելու մեծ փորձ ունենա»:



Մի խոսքով, Հայաստանի բախտն օմբուդսմենի հարցում չբերեց։ Առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի նկատմամբ անվստահությունը բացատրվում էր նրանով, որ նրան նշանակողը Ռոբերտ Քոչարյանն էր։ Հետագայում նա ատամ ցույց տվեց վերջինիս: Իսկ տկն Ալավերդյանը շահեկանորեն տարբերվեց երկրորդ օմբուդսմենից` Արմեն Հարությունյանից։ Վերջինս լավ իրավաբան էր, բայց կոմֆորմիստ: Նրա ռեյտինգը բարձրացավ 2008-ի մարտի մեկին, նրանով, որ ժողովուրդը նրան քշում էր, բայց ինքը չգնաց, այլ ոստիկանության մի բաժնից մյուսը վազեց, իսկ հետո հիշվեց ողբերգական այդ դեպքերի մասին զեկույցով եւ դատախազության ատելությամբ, որը վաստակեց պաշտոնավարման ավարտին:



Երրորդ եւ ներկայիս օմբուդսմենի կենսագրության ամենահայտնի կետը ազատ մամուլի պարանոցին օղակ ձգելն էր։ Նա միշտ երազել է պետական պաշտոնի մասին։ Մի շրջան նույնիսկ փորձել է արդարադատության նախարարի օգնական դառնալ, բայց այդ պաշտոնը չի ստացվել, մեկ այլ դուռ է բացվել՝ օմբուդսմեն դառնալու։ Նրա պաշտոնավարման 1 տարվա կապակցությամբ տեղին է հիշատակել թերթերից մեկի դիտարկումը. «Նա այնքան թույլ է, որ մեղքդ է գալիս, թե քննադատես:



Դա մեկ է, ինչ հարվածես մեկ տարեկան երեխայի»: Բայց արի ու տես, որ պաշտպանության կարիք օմբուդսմենը չունի: Հակառակը, մարդիկ ունեն պաշտպանից պաշտպանվելու կարիք: Այս մեկ տարում նա իսկական ջարդ կազմակերպեց ՄԻՊ գրասենյակում։ Ոռճացրեց հաստիքացանկն ու գրասենյակը մինի-նախարարության վերածեց։  Ջարդի վերջին զոհերը խորհրդականներն էին` Նատալյա Ադամյանը, Տիգրան Մարտիրոսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը, որոնք երեքն էլ փորձառու իրավաբաններ են:



ՄԻՊ գրասենյակում խճճվում են, չեն կարողանում հստակ նշել նրանց ազատման պատճառը։ «Հրապարակի» հարցմանն ուղարկած գրավոր պատասխանում մեկ նշվում է, որ խորհրդականներն «աշխատանքից ազատվել են իրենց դիմումների համաձայն», մեկ էլ, թե՝ «երեք խորհրդականների հաստիքների կրճատման շնորհիվ նոր` իրավական վերլուծությունների վարչություն է ստեղծվում»: Ռուստամ Մախմուդյանից իմացանք, որ նա ընդհանրապես ազատված չէ աշխատանքից, այլ գտնվում է արձակուրդում:



Ինչպես եւ ՀՀ նախարարություններում, պաշտպանի աշխատակազմում գործում են վարչություններ: Նոր ստեղծվողը 8-րդն է լինելու, որը, «ի թիվս այլ գործառույթների, կատարելու է օրենսդրական նախագծերի փորձաքննություն եւ մշակելու է պաշտպանի տարեկան եւ միջանկյալ զեկույցները»: Մինի-նախարար Կարեն Անդրեասյանը երկու տեղակալի հաստիք է սահմանել:



Նրանցից մեկը` Աշոտ Վահանյանը, իր բերած կադրերից է, մյուսը` Գենյա Պետրոսյանը, հին աշխատող է, որի բախտը բերել է այնքանով, որ Կարեն Անդրեասյանի շրջապատից մեկի՝ Վարդան Զադոյանի կինն է: Նա շոու-բիզից է, երգ գրող։ Պատահական չէ, որ պաշտպանը չի վայելում իրավապաշտպան կազմակերպությունների վստահությունը:



Վերջերս երեք այդպիսի կազմակերպություն հրաժարվեցին նրա գրասենյակի հետ ստորագրած համագործակցության հուշագրից: «Ինչո՞ւ» հարցին գրասենյակից պատասխանեցին. «Համատեղ աշխատանքից հրաժարված 3 հասարակական կազմակերպությունները ոչ լիովին էին ընդգրկվել ակտիվ համագործակցության շրջանակներում, ինչն առաջացրել էր իրենց դժգոհությունը։ Սակայն պաշտպանի աշխատակազմի հետ բանակցությունների արդյունքում վերականգնվել է նրանց հետ փոխգործակցությունը, եւ նրանց հետ քննարկվում եւ մշակվում են համատեղ նոր ծրագրեր»։



«Չկա նման բան,- ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության երեւանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուրեն Իսկանդարյանը, որը պաշտպանի հետ համագործակցությունը մերժողներից է:- Այդ հուշագիրը ձեւական բնույթի էր: Այդ գրասենյակի միջոցով մենք ուզում էինք փակ գոտիներում, ասենք, ՁՊՎ-ներում գտնվող մարդկանց ահազանգերը տեղ հասցնեինք: Նրանք միակ կառույցն են, որ ՁՊՎ-ներ մուտքի իրավունք ունեն: Սակայն սեպտեմբերից ոչինչ չարվեց»:



«Կարեն Անդրեասյանն ակնհայտ սուտ է խոսում,- ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը, որը եւս հանել է իր ստորագրությունը փաստաթղթի տակից։ - Իր ստելու համար նա բարոյական իրավունք չունի ՄԻՊ հարցերով զբաղվելու: Մենք հուշագիրը ստորագրել էինք զինծառայողների իրավունքների պաշտպանության շուրջ: Բանակայինների մահերի այսքան դեպքեր եղան, բայց նա ոչ մի հայտարարություն չարեց: Նման համագործակցություն մեզ պետք չի: Նույն հաջողությամբ ինքը կարող էր դառնալ շինարարության պետ»:



Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մոտ կանգնած մասնագետներից այդ հաստատության գործառույթներին անհարիր մի քանի տեղեկություն ստացանք։ Օրինակ, որ այն սպասարկող ծառայողական 4 մեքենաներից մեկն օգտագործում է օմբուդսմենի տիկինը, եւ որ ինքը՝ օմբուդսմենը, վարում է «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենա։ Դրա նվազագույն գինը ԱՄՆ 39 հազար դոլար է։ Այս տեղեկությունների վերաբերյալ գրասենյակից ստացանք ոչ հերքող, ոչ հաստատող գրություն.



«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի 4 ծառայողական ավտոմեքենա՝ 2002թ. «ՎԱԶ 21214», 2003թ. «ԳԱԶ 3110-101», 2004թ. «ԳԱԶ 31105-120»  եւ 2006 թ. «Նիսան Մաքսիմա» մակնիշների:  Առաջին մեքենան սպասարկում է գործերի կառավարչությանը, երկրորդը՝ պաշտպանի տեղակալին, երրորդը՝ արագ արձագանքման խմբին, չորրորդը՝ պաշտպանին: Պաշտպանն ունի «Վոլկսվագեն» մակնիշի մեկ անձնական ավտոմեքենա, որը գնել է դեռեւս 2008 թվականին»:



Մեր աղբյուրներից նաեւ տեղեկացել էինք, որ պաշտպանի տարեկան զեկույցը, որի հրապարակումը սպասվում է մարտի վերջին, նախապես ուղարկվել է իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանություն՝ վերջիններիս հետ համաձայնեցնելու նպատակով, ինչը գրասենյակից նույնպես համոզիչ կերպով չհերքվեց: «Տարեկան զեկույցը կազմելիս պաշտպանը խորհրդակցել է մի շարք պետական մարմինների ... հետ:



Զեկույցում ներկայացվելիք բազմաթիվ մասնագիտական խնդիրներ պարզաբանվել են համապատասխան ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների կողմից»: Ի՞նչ արժե մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը, որը հրապարակումից առաջ խմբագրել են, ասենք, գլխավոր դատախազը կամ ոստիկանապետը: Մտածելու բան է: Հիշեցնենք, որ «ՄԻՊ-ի մասին» օրենքով նման բան սահմանված չէ, այլ ասվում է միմիայն ստացված բողոքները պետական մարմինների հետ քննարկելու մասին։