Մարդու կյանքն արժեք չունի

Մարդու կյանքն արժեք չունի
Երեկ Մաշտոցի պուրակում, մինչեւ օրվա երկրորդ կեսը ոստիկանների թիվը գերազանցում էր բողոքի ակցիան շարունակող երիտասարդների թվին: Սա չի նշանակում, որ երիտասարդները քիչ էին, ոստիկաններն էին շա՜տ-շա՜տ: Իսկ թե ինչու էր հայրենի ոստիկանությունն այսպես կուռ շարքերով ելել այս մի խումբ ջահելների դեմ, այդպես էլ պարզ չեղավ: Պետությունն անհատի սեփականությունը ոստիկանի մարմնով ու մետաղե ցանկապատներով պաշտպանում է հասարակությունից: Թեեւ այգում ոչ ոք չէր պատրաստվում որեւէ կերպ վնասել անհատի սեփականությունը, որն այս երկրում մարդու կյանքից, հասարակությունից առավել թանկ է: Երիտասարդները, որ նախօրեին զրկվել էին մինուճար վրանից եւ ցրտին, ոտքի վրա, նստարաններին կամ ճեմուղուն փռած քնապարկերում էին լուսացրել, շարունակում էին նստացույցը՝ հակառակ քաղաքային իշխանությունների ու ոստիկանների հոգեբանական ճնշումներին: Գարնան համար աննախադեպ այդ ցուրտ գիշերը 15 աղջիկներ ու տղաներ բաց երկնքի տակ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ժողովրդավարական վերաբերմունք իրեն ժողովրդավար հռչակած երկրի իշխանություններից: Իսկ այդ իշխանությունները թքած ունեն սեփական քաղաքացու կյանքի վրա: Այդ կյանքն անկարեւոր ու ոչինչ է այս երկրում: Հանրապետական կուսակցությունն ասում է՝ հավատանք, որ փոխենք: Այս կարգախոսը շրջանառության մեջ դնող պարոնայք, Մաշտոցի պուրակում պայքարող երիտասարդը ձեզ կհավատա՞: Ինչպե՞ս հավատա, երբ նրա տարրական պահանջն ուշադրության չի արժանանում: Երիտասարդներն իրիկնամուտը համերգով են դիմավորել այգում: Իսկ այսօր իրենց իսկ ստեղծած քաղաքացիական դատարանը նիստ կգումարի՝ հստակեցնելով հետագա անելիքները: Բայց մի բան պարզ է՝ երիտասարդների որոշումն անխախտ է. պայքարը մինչեւ վերջ շարունակելու են: