Փոխել իշխանությունը, ոչ թե հայրենիքը

Փոխել իշխանությունը, ոչ թե հայրենիքը
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ համագումարը, որն արտահերթ է, այդպես էլ չտվեց այն հարցի պատասխանը՝ կուսակցությունը միայնակ, թե «Ժառանգության» հետ դաշնակցած է գնալու ընտրությունների: Պարզ է, որ այդ հարցը վաղուց որոշված է, որոշված է հօգուտ դաշինքի, եւ համագումարի իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Սարեր ենք շարժելու միասին», բայց որոշվեց ինտրիգը պահել հնարավորինս երկար: Թող քննարկումները՝ կմիավորվեն «Ազատ դեմոկրատները» եւ «Ժառանգությունը», թե ոչ, շարունակվեն:



Այս կուսակցությունը համարվում է արեւմտյան՝ ժողովրդավարական եւ ազատական արժեհամակարգի կրողը, եւ այդ իմաստով համագումարն էլ կազմակերպված էր արեւմտյան սիմվոլիկայի կիրառմամբ: Կուսակցության անդամներին բաժանված էին կուսակցության անվանումն ու խորհրդանիշը պատկերող դրոշակներ, համագումարն սկսվեց Հայաստանի օրհներգի կենդանի կատարմամբ՝ տղամարդկանց տրիոյի կողմից, համագումարից հետո կուսակցության նախագահը եւ վարչության անդամները միասին բրիֆինգ տվեցին կուսակցական սիմվոլիկայով պլակատի տակ, իսկ համագումարի ընդունած բանաձեւում, որպես Հայաստանի գերակայություն, նշված է Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը:



Կուսակցության համագումարին ներկա էին հրավիրյալներ տարբեր կուսակցություններից, այդ թվում «Ժառանգության» ներկայացուցիչներ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ կուսակցության մի քանի ներկայացուցիչների հետ, Պետրոս Մակեյանը, իսկ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը նույնիսկ ելույթ ունեցավ:



«Անհամբեր սպասում ենք այն ազդեցիկ քաղաքական ուժի ծննդին, որն առանց ռեալ-պոլիտիկի աճուկների ետեւում թաքնվելու, առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, որ մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, որ մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, որ մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է, որ մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ արեւմտյան քաղաքակրթությունն է` իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով»,- հայտարարեց Հայրապետյանը:



Եթե Հայրապետյանն իսկապես այդպես է մտածում, ապա ինչո՞ւ է շարունակում անդամակցել ՀԱԿ-ին, որի համակարգողը հպարտանում է Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների հետ ունեցած իր շփումներով, իսկ այդ կառույցի այլ անդամներ կոչ են անում ՌԴ հայ քաղաքացիներին ընտրել Պուտինին: Համագումարում ընդարձակ զեկուցումով հանդես եկավ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա խոսեց երկրում տնտեսական ազատության եւ մրցակցության, անկախ դատական համակարգի բացակայության, ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգի եւ բոլորին հայտնի մյուս արատավոր երեւույթների մասին:



«Բոլորն են խոսում պայծառ ապագայի մասին, սակայն մենք առաջին հերթին պարտավոր ենք ապահովել բարեկեցիկ ներկա: Մենք պարտավոր ենք մտածել Հայաստանի ամենօրյա եւ դինամիկ զարգացման մասին, որտեղ քաղաքացին պետք է լինի հիմքերի հիմքը: Ժամանակն է հասկանալ, որ պետք է անցնել մարդակենտրոն քաղաքականության, այլապես երկիրը պետություն չի դառնա: Միայն պետությունը կարող է դիմագրավել հասարակության առաջ կանգնած մարտահրավերներին, կասեցնել սոսկալի արտագաղթը: Հետեւաբար, պետք է փոխել իշխանությունը, ոչ թե հայրենիքը»,-հայտարարեց Քոքոբելյանը:



Հայ հասարակությունը բազմաթիվ այսպիսի հրաշալի ելույթներ է լսել, ավելի վառ ու հուսադրող խոստումներ ստացել, բայց դեռ որեւէ մեկը փոքր-ինչ չի մոտեցել այդ խոստումների իրականացմանը: «Ազատ դեմոկրատները» կլինե՞ն բացառություն, թե՞ կշարունակեն քայլել մյուս քաղաքական կուսակցությունների բացած լայնահուն մայրուղով, կարող է ցույց տալ միայն ժամանակը:



Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ