Իրական եւ կեղծ թեկնածուներ

Իրական եւ կեղծ թեկնածուներ
Երեկ շարունակվել է ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ դիմումների ընդունման գործընթացը: ԿԸՀ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ երեկ եւս համամասնական ընտրակարգով առաջադրման դիմումներ չեն եղել, իսկ մեծամասնականով մի շարք առաջադրումներ են եղել: Թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է Վահան Կարապետյանին: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն արդեն առաջադրել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանին:



7 ընտրատարածքում, ինչպես նախապես պարզ էր, արդեն առաջադրվել է ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ թիվ 8-ում կրկին ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանին, ով Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է:



Թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանը, ՕԵԿ-ն առաջադրել է Էդուարդ Մադաթյանին: Այս տարածքում ԲՀԿ-ից, ըստ լուրերի, առաջադրվելու է Բելաջիոյի Գրիշը՝ Գրիգոր Մարգարյանը:



Թիվ 12-ում ԲՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանին, ով չհամարձակվեց առաջադրվել իր նախկին ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է դրել «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը՝ Աղվան Հովսեփյանի ընկերը:



Թիվ 27 ընտրատարածքում կպայքարեն ՀՀԿ-ի կողմից առաջադրված Համլետ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ական ու ԲՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի խնամին: Թիվ 28 ընտրատարածքում, ինչպես եւ սպասվում էր, առաջադրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:



Թիվ 32-ում առայժմ ինքնառաջադրվել են երկու անկուսակցականներ` Արտակ Միրզոյանն ու Էդուարդ Չատինյանը: Իսկ թիվ 33 ընտրատարածքում երեկ ՕԵԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Թիվ 35-ում Սամվել Բալասանյանի դեմ իր թեկնածությունն է առաջադրել Բալասանյանին պատկանող «Գյումրի-գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը:



Սա խոսում է այն արատավոր երեւույթի մասին, երբ կեղծ մրցակիցներ են հանդես գալիս, որ Ընտրական օրենսգրքի պահանջը՝ այլընտրանքային ընտրությունների վերաբերյալ, կատարվի: Թիվ 39-ում ՀՀԿ-ն առաջադրել է «Ջերմուկ» գործարանի սեփականատեր Աշոտ Արսենյանին, ով մինչեւ վերջին պահը վստահ չէր, որ առաջադրվելու է: Նրա հետ առաջադրվել է անկուսակցական Գորկի Գրիգորյանը: Թիվ 41ընտրատարածքում երեկ առաջադրվել են անկուսակցական Սպարտակ Հարությունյանը եւ ՕԵԿ-ից Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Գործընթացը կշարունակվի մինչեւ մարտի 22-ը, ժամը 18-ը: