Լավագույն PR-ն ամենօրյա աշխատանքն է ընտրողների հետ

Լավագույն PR-ն ամենօրյա աշխատանքն է ընտրողների հետ
Հարցազրույց Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի հետ



-Պրն Գրիգորյան, ինչո՞ւ եք որոշել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով առաջադրվել, չէ՞ որ անցած խորհրդարանում Դուք ՀՅԴ-ի  համամասնական ցուցակով էիք պատգամավոր դարձել:



- Թեեւ ես անցած ընտրություններին համամասնական ընտրակարգով էի պատգամավոր դարձել, բայց իմ գործունեությունը կարծես թե մեծամասնական պատգամավորին էր բնորոշ, որովհետեւ ես այդպես էլ Ավշարից չտեղափոխվեցի Երեւան, այլ ամեն օր ապրելով իմ հայրենի գյուղում՝ ես իմ ամենօրյա կապը պահեցի իմ ընտրողների հետ: Ես այն մարդկանցից չեմ, որ բավարարվեմ իմ եւ ընտանիքիս բարեկեցիկ ապրելակերպով: Եթե այդպես լիներ, ես այսքան տարիների ընթացքում այսքան աշխատատեղեր չէի ստեղծի: Եթե դուք մի փոքր հետաքրքրվեք իմ ընտրատարածքում, կտեսնեք, որ թեեւ ես եղել եմ համամասնականով ընտրված պատգամավոր, բայց մեծամասնականի ֆունկցիա եմ իրականացրել եւ չեմ ուզում հիմա բարեգործությունների մասին խոսել, բայց դրանք բավականին մեծ թիվ են կազմում, եւ դրա մասին կարող է խոսել իմ ընտրատարածքի ցանկացած բնակիչ:



-Այս ընտրապայքարի ընթացքում ինչպիսի՞ մեթոդներ եք կիրառելու, արդյո՞ք Ձեզ հետ աշխատելու են PR  մասնագետներ:



-Ոչ, իմ հետ չեն աշխատելու PR մասնագետներ, որովհետեւ ես կարծում եմ, որ այսօր, ցավոք սրտի, մեր գյուղացին,  քաղաքացին այնքան վատ վիճակում է եւ այնքան շատ հոգսեր ունի, որ իմ խնդիրը պետք է լինի ոչ թե PR-ի միջոցով ներկայացնել ինձ, այլ կոնկրետ շփվելով բնակիչների հետ, ծանոթանալով  նրանց խնդիրներին, փորձեմ լուծումներ տալ: Բայց քանի որ, ես նորից եմ շեշտում, որ թեեւ անցած ընտրություններում ես համամասնականով էի առաջադրվել, այնուամենայնիվ ես միշտ եղել եմ իմ ընտրատարածքում եւ ծանոթ եմ բոլոր խնդիրներին, եւ այժմ ինձ համար ոչ թե խնդիրներին ծանոթանալու փուլ է, այլ իմ աշխատանքով իմ համագյուղացիների խնդիրները թեթեւացնելու շրջան է: Լավագույն PR-ը դա ամենօրյա աշխատանքն է ընտրողների հետ, իսկ իմ դեպքում ես ոչ թե մարդկանց դիտարկում եմ որպես ընտրողների, այլ նրանք ուղղակի իմ հարեւաններն են, իմ կողքին ապրող մարդիկ:



- Պրն Գրիգորյան, թեեւ Դուք համամասնականով եք դարձել պատգամավոր, բայց կյանքը ցույց է տալիս, որ շատ պատգամավորներ իրենց մարզից ընտրվելու դեպքում անմիջապես տեղափոխվում են մայրաքաղաք` ապրելու համար: Արդյո՞ք Դուք եւս չեք տեղափոխվելու Երեւան:



- Ես չեմ տեղափոխվել, չեմ էլ տեղափոխվելու, որովհետեւ եւ իմ բիզնեսը, եւ իմ մանկությունը, եւ իմ կյանքն անցել է եւ այսօր էլ անցնում է մի մարզում, որն իմ համար շատ հարազատ է: Եվ ես հենց այս մարզից եմ ուզում մեծամասնականով ընտրվեմ, որպեսզի այս մարզի խնդիրները լուծեմ եւ այն խնդիրները, որոնք որ կան իմ մարզում, իմ բնակավայրում, փորձեմ բարձրացնել:



- Պրն Գրիգորյան, պետք է նկատենք, որ այս ընթացքում Դուք խորհրդարանում աչքի չեք ընկել ակտիվությամբ: Ինչո՞վ է պայմանավորված նման պասիվ գործելաոճը:



- Այո, ես խորհրդարանում ելույթներ չեմ ունենում, բայց պատգամավորի աշխատանքը չի սահմանափակվում ԱԺ-ի ելույթներով: Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց համահեղինակ եմ, հսկայական աշխատանքներ եմ տարել նաեւ մասնագիտացված հանձնաժողովներում, եւ չկա մի հարց, որը վերաբերում է իմ ընտրատարածքին, ես չփորձեմ լուծել: Միգուցե ես այն հայտարարության տեսքով չեմ բարձրաձայնում, բայց հանդիպում եմ համապատասխան պաշտոնյաներին եւ շատ շնորհակալ եմ, որ այդ պաշտոնյաները լսում են իմ խոսքը, եւ այդ խնդիրները լուծվում են:



- Դուք այդ ընտրատարածքում հանդիպելու եք բնակիչների հետ, ի՞նչ ծրագրերով եք հանդես գալու եւ ի՞նչ խոստումներ եք տալու, եւ վերջապես՝ ինչո՞ւ պետք է հասարակ բնակիչն ընտրի Արայիկ Գրիգորյանին:



- Ես ոչ թե պետք է խոստանամ կամ գնալու եմ խոստումներ տալու, այլ ես իմ ամենօրյա աշխատանքով արդեն վաստակել եմ այդ: Քանի որ հիմա նախընտրական շրջան է, պետք է մի բան ասեմ. իրոք, մեր ժողովուրդը շնորհակալ ժողովուրդ է, եւ ես ինձ շատ պարտավորված ու զգացված եմ զգում, երբ տեսնում եմ, որ քաղաքացին գնահատում է իմ այս տարիների աշխատանքը: Եվ դա ինձ ավելի է պարտավորեցնում, որ ես այսուհետ եւս շարունակեմ կանգնած մնալ իմ հարեւանի, իմ ընտրողի կողքին:



Անի Առաքելյան