Անակնկալներ նախընտրական ցուցակներում

Անակնկալներ նախընտրական ցուցակներում
Այսօր կուսակցությունները սկսեցին  հրապարակել իրենց համասմանական ցուցակները: Նախ հրապարակեց «Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն» դաշինքի ցուցակը, ապա Հանրապետական կուսակցության: Երկու ցուցակներում էլ անակնկալներ կային: Ասենք, այն, որ ՀՀԿ-ի ցուցակում Հովիկ Աբրահամյանը  երկրորդն էր, չնայած վերջին շրջանում նրա  հետ կապված կասկածներ կային եւ երկրորդ տեղում ոմանք սպասում  էին Տիգրան Սարգսյանի անունը: Հետաքրքիր  էր, որ ՀՀԿ վետերաններից իր դիրքերը  պահպանել էր ՀՀԿ փոխնախագահ  Ռազմիկ Զոհրաբյանը: Տասնյակը եզրափակում էր Գագիկ  Բեգլարյանը: Ինչպես եւ գրել էր «Հրապարակը»  գեներալ Մանվել Գրիգորյանը պատվավոր 15-րդ տեղում էր: Երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ 16-րդ, իսկ նրան հաջորդում են Արտաշես  Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը:



Այս խայտառակ եռյակի  մասին շատ գրվեց, սակայն Հանրապետականը  որոշեց, որ այս կազմը գերադասելի էր, ասենք Մկրտիչ Մինասյանից, Ռաֆիկ  Պետրոսյանից ու Լեռնիկ Ալեքսանյանից: Ինչեւէ, ցուցակը կազմված է եւ հանձնված հանրության դատին:



Առավել բարդ վիճակում է հայտնվել «Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն» «միքսը»: Մի կողմից խիստ կասկածելի է, որ այս հանրույթը խորհրդարանում  ներկայացված է լինելու, սակայն ամբիցիաները  մեծ են, սպասելիքները՝ առավել եւս: Այս ցուցակում հետաքրքիր համադրություն  է արվել: Մինչեւ 25-րդ տեղը թվով 8 «Ազատ  դեմոկրատներ» են տեղ զբաղեցրել: Իսկ  «Ժառանգության» ծանր հրետանին սակավաթիվ է, քանի որ անկուսակցականների մի մեծ խումբ կա ընդգրկված:



Ուշագրավը «Ժառանգության» քարտուղարի՝ Կարինե Հակոբյանի, Լարիսա Ալավերդյանի բացակայությունն է, իսկ Արմեն Մարտիրոսյանը ցուցակում 16-րդն է, թեեւ «Ժառանգության» թերեւս ամենաարդյունավետ պատգամավորներից էր: Ընդհանրապես այս ընտրություններն աչքի են ընկնում օտար «լեգիոներներ» ներգրավելու նորույթով:



Սեփական անդամներին, նրանց, ովքեր տարիներ շարունակ ծառայում են, կուսղեկավարները սկսել են չգնահատել, եւ հակառակը՝ օտար անձանց ներգրավելու միջոցով են ուզում հասարակության վստահությունը շահել: Օրվա ընթացքում լուրեր տարածվեցին, որ Լարիսա Ալավերդյանն ու Կարինե Հակոբյանը լքել են «Ժառանգությունը»:



Ի դեպ, մեր տեղեկություններով, այդ լուրերը շրջանառության մեջ են դրվում հենց «Ազատ դեմոկրատների» կողմից, որոնք որոշակի վերապահումներ ունեին այս կանանց հանդեպ: Սակայն Լարիսա Ալավերդյանն արագ հերքեց այդ ապատեղեկատվությունը, իսկ Կարինե Հակոբյանը վաղը պատրաստվում է ասուլիս տալ եւ բացատրել իր դիրքորոշումը: Մութ ինտրիգների, «ուտկաների» իրար տակ փորելու եւ իրար դեմ սեւ փիառ կիրառելու ժամանակներ ենք մտնում: