Արդարադատության նախարարը հավատում է, որ կփոխվի

Արդարադատության նախարարը հավատում է, որ կփոխվի
Օրերս հանրապետական դարձած արդարադատության նախարար, նախկին ընդդիմադիր ու իրավապաշտպան Հրայր Թովմասյանն ի վերջո հայտնաբերել է, որ Հանրապետականի ծրագրերն իրականացնելը հենց «հայրենիքին ծառայելն է», եւ քաղաքական կուրսը, որ ունի Հանրապետական կուսակցությունը, համահունչ է իր «պատկերացրած վաղվա օրվան»: Երեկ նորընծա կուսակցական նախարարը խորհրդարանում էր: Երբ ուզեցինք նրան մոտենալ, միանգամից ասաց` «Լավ եմ արել»:



- Պարոն Թովմասյան, ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ կրծքանշանը չեք կրում: Կաշկանդվո՞ւմ եք:



- Ես դեռեւս վկայական չեմ ստացել: Այսօր երեկոյան կստանամ: Էնպես չի, որ կրծքանշան կրելով-չկրելով ես դու էդ կուսակցության գաղափարակիրը, ակտիվիստը, անդամը, թե ոչ:



- Այսինքն` Դուք վաղո՞ւց էիք երազում դառնալ Հանրապետական, վաղո՞ւց էիք կիսում այդ գաղափարները:



- Ես Ձեր հարցի մեջ որոշակի իրոնիա եմ տեսնում: Կարող եք հարցնել` ինչո՞ւ եք որոշել, ես էդ հարցին շատ հստակ կպատասխանեմ, որովհետեւ անկուսակցական կառավարություններ լինում են անցումային փուլում, լինում են տեխնոկրատական: Որոշակի քաղաքական համակարգի զարգացմանն ու տրամաբանությանն այնքան էլ հարիր չի քաղաքական կառավարությունում ունենալ ոչ կուսակցական նախարար: Թեպետ ինձ վստահվեց այս ոլորտը, որքան էլ ես լինեմ տեխնոկրատ էդ ոլորտում, այնուամենայնիվ դու չես կարող ոլորտում չիրականացնել քաղաքական մեծամասնության ծրագիրը: Էս ժամանակահատվածն այն բավարար ժամանակահատվածն էր, որտեղ դու որոշում ես` կարո՞ղ ես առաջ գնալ, թե՞ ոչ: Եվ եթե նման պաշտոն ես զբաղեցնում, ապա կուսակցական դառնալն ու կուսակցական ղեկավար պաշտոններ զբաղեցնելը քեզ հնարավորություն է տալիս քո ոլորտին վերաբերող հարցերի վրա ազդել, մասնակից լինել, նախաձեռնող լինել նաեւ կուսակցության մակարդակով:



- Հայտնի է, որ ՀՀԿ-ն իշխանության ձգտողների կուսակցություն է: Կարելի՞ է ասել, որ ուզում եք շարունակել նախարար աշխատել ապագա կառավարության մեջ, դա է պատճառը, որ դարձաք հանրապետական:



- Ոչ ոք էս պահին չի կարող ասել` ով է նախարար աշխատելու: Կառավարությունը կձեւավորվի ընտրությունների արդյունքներով, եւ էդ ժամանակ պարզ կլինի:



- Դուք կոնկրետ ուզո՞ւմ եք շարունակել նախարարի աշխատանքը:



- Ես եթե ցանկացած վայրում լինեմ` լինի դա դասախոս, լինի ՀԿ անդամ, լինի փորձագետ, մի խնդիր կա, որտեղ ուզում ես եղիր, քո այն խնդիրները, այն գաղափարները, այն նպատակները, այն արժեհամակարգը որ ունես, դու դրա կրողն ես եւ դրանց իրականացնողն ես: Էս դեպքում` ունենալ ավելի լավ հայրենիք, վերացնել էն բացասական երեւույթները, որ քո երկրում կան, եւ ավելի լավ հայրենիք ժառանգես քո սերունդներին:



- Ուզում եք ասել` հանրապետական դառնալով նպատակ չունե՞ք մնալ կառավարության կազմում:



- Գիտեք, ես առանց դրա կառավարության կազմում էի:



- Դե, ընտրությունից հետո փոխվելու է կառավարության կազմը:



- Ես ասեցի իմ նպատակը` ինչով էր դա պայմանավորված: Դուք կարող եք ենթադրություններ անել: Եթե լիներ մենակ դա, այո, ես առաջին օրը կասեի` այո, դառնում եմ հանրապետական, որ նախարար դառնամ: Ես ասում եմ` այս պահին, որովհետեւ քաղաքական պրոցեսները, այս զարգացումներն ինձ բերում են սրան: Էն դրական փոփոխությունները, էդ ամբողջը, որ կա, էն քաղաքական կուրսը, որ ունի Հանրապետական կուսակցությունը, համահունչ է իմ պատկերացրած վաղվա օրվան:



- Իրոք, ինչո՞ւ սկզբից չդարձաք հանրապետական եւ հիմա եք դառնում: Ի՞նչ է փոխվել: Հանրապետական կուսակցությունը հո չի՞ փոխվել:



- Կրկնում եմ` քաղաքական պրոցեսները, քաղաքական զարգացումները:



- Ի՞նչ քաղաքական զարգացում: Կարո՞ղ եք նշել:



- ՀՀԿ համագումարը:



- ՀՀԿ համագումարը, Ձեր կարծիքով, քաղաքական զարգացո՞ւմ էր:



- Այո, էն բոլոր քայլերի ամբողջությունը, որոնք կան: Էն դրական բարեփոխումները, որոնք տեղի են ունենում, էն կուրսը, որ Հանրապետական կուսակցությունը վերցրել է:



- Իսկ ճի՞շտ է, որ Դուք 2008-ին հաճախ եք եղել նախագահականում, ասում են` Ձեզ  տեսել են այնտեղ:



- Ոչ:



- Դուք խոսում եք հայրենիքին ծառայելու եւ այլնի մասին: «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» վերջին օրինագիծը եւ այլն, գոնե ցույց տվեց, որ Դուք ավելի սկսել եք ծառայել Հանրապետականի ծրագրերին:



- Էդ Ձեզ թվում ա: Եվ Հանրապետականի ծրագրերը հայրենիքին ծառայելն է:



- Ասել է թե` Ձեզ համար արդեն Հանրապետականի ծրագրե՞րն են հայրենիքին ծառայելը:



- Ինձ համար հայրենիքին ծառայելն էն ա, ինչ որ ասեցի:



- Պարոն Թովմասյան, անհնարի՞ն կլիներ Ձեր աշխատանքը, եթե Դուք ՀՀԿ-ական չդառնայիք:



- Անհնարին մի բան կար ինձ համար, որ ես հաջորդ մրցաշրջանում խաղայի Իսպանիայի «Բարսելոնայի» ֆուտբոլային ակումբում: Ուրիշ անհնարին բան չկա: