2003-ի ակնկալիքներ. «Չունենա ջիպի մռութ, չլինի մականունավոր»

2003-ի ակնկալիքներ. «Չունենա ջիպի մռութ, չլինի մականունավոր»
Այսօր բոլորին հետաքրքրում է, թե ովքեր են դառնալու ԱԺ պատգամավոր:  2003 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նույն հետաքրքրությունը կար, նույն հույսերը: Կար նաեւ IREX/ProMedia կազմակերպությունը, որը հայաստանյան լրագրողների օգնությամբ, որոնցից մեկը ես էի, մեր երկրի տարբեր շրջաններում անցկացրեց հարցում: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչպես է ընկալում ընտրողը գործող պատգամավորներին եւ ինչ ակնկալիքներ  ունի թեկնածուներից: 9 տարվա հեռավորությունից հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է փոխվել այդ հարցում:



2003-ին հայաստանցիները պատգամավորներից առանձնակի սպասելիքներ չունեին



«Եթե մեզ վնաս չտա, դա արդեն մեծ բան կլինի»,- իր իղձն  էր հայտնել այն օրերին  65 տարեկան  Վլադիմիր Մուրադյանը:  «Լուրջ մարդ լինի, ոչ թե գող կամ հանցագործ»,- խնդրել էր 31-ամյա ինժեներ Աշոտ Բարսեղյանը:  «Գոնե մի քիչ համապատասխանի նորմալ մարդկային չափանիշներին»,- երազել էր 22-ամյա լրագրող Մարիա Ասատրյանը:  «Նորմալ մարդ լինի»,- համաձայնել էր  53-ամյա ուսուցչուհի Լարիսա Տոնոյանը:  «Մարդ պետք է լինի»,- չգիտես ինչ էր նկատի ունեցել 71-ամյա կոշկակար Վոլոդյա Մինասյանը:  «Խելքը գլխին լինի, գող չլինի»,- հավելել  էր 21-ամյա Վլադիմիր Ալոյանը:  «Ազնվություն որ ունեցավ, մնացածն  ինքնըստինքյան կլինի»,- համոզմունք էր հայտնել 67-ամյա Կարինե Աթանեսյանը:  «Աչքը կուշտ լինի, որ ժողովրդի գրպանին չնայի»,- իր վարկածն  էր առաջադրել 26-ամյա ֆոտոժուռնալիստ Շանթը: «Խիղճ ունենա եւ նամուս, մի քիչ էլ չափավոր ախորժակ»,- երազել էր 61-ամյա շուկայի բեռնակիր Մյասնիկ Հարությունյանը: «Որ 30% մտածի իր սեփական շահերի մասին եւ 70%՝ իր ընտրողների ու տարածքի շահերի մասին»,- հաշվարկել էր 29-ամյա վարսավիր Կարեն Պողոսյանը: «Որ երբեմն այցի գա»,- անրջել էր 32-ամյա տնային տնտեսուհի Մանիկ Մանուկյանը:



«Պարտաճանաչ մասնակցի նիստերին, որովհետեւ նիստերը հաճախ չեն լինում քվորումի բացակայության պատճառով, ամո՛թ է»,- ամոթանք էր տվել 81-ամյա Իվան Խեխոնց-Իվանյանը: «Հավատա Աստծուն եւ ազնիվ լինի: Հասկանա, թե ուր է ընկել եւ ինչ պետք է անի»,- երազել էր 63-ամյա Եվա Հակոբջանյանը: «Տառաճանաչ լինի»,- աղաչել էր 26-ամյա լրագրող Արմինե Պետրոսյանը: «Իր կրթությանը զուգահեռ ունենա նաեւ իրավաբանի որակավորում»,- պահանջել էր 23-ամյա Աննա Հովսեփյանը:



«Մաքուր անցյալ ունենա»,- խնդրել էր 38-ամյա  Ալլա Կարապետյանը: «Թող աղբահանումն այնպես կազմակերպեն, որ մարդիկ այնտեղ չփորփրեն»,- առաջարկել էր 50-ամյա  Կարինե Մինասյանը: «Օրինապաշտ լինի նույնիսկ իր հարազատների նկատմամբ»,- անհնարինն էր պահանջել Հմայակը: «Ոչ մի լավ բան նրանցից չեմ տեսել եւ ոչ մի նոր բան չեմ սպասում»,- համակերպվել էր ընտրողի իր դաժան բախտին 48-ամյա Անահիտը: «Չի օգնում, թող չօգնի, գոնե համբերատար մեզ լսելու ունակություն ունենա»,- պահանջել էր հոգեթերապիայի կարոտ  56-ամյա Ասյա Մինասյանը: Իսկ 20-ամյա ուսանողուհի Հրաչուհի Միրզոյանի համար բավարար էր, որ պատգամավորն ունենա «քիչ թե շատ արտաքին տվյալներ»:



Պատահեցին նաեւ անիրատես-մաքսիմալիստներ



Խորհրդային տարիների կարգախոսները դեռ չմոռացած 63-ամյա Սերինե Յավրյանը համարում էր, որ «պատգամավորը ժողովրդի ծառան է»: Իսկ 71-ամյա միայնակ թոշակառու Հռիփսիմե Ավետիսյանը (Կուզիկյան) ավելին էր պահանջում: Նա համոզված էր, որ պատգամավորը պետք է «լինի ընտրողների կողքին եւ որդիաբար ծառայի՝  առանց ավելորդ ձեւականությունների»:



Ինչպես հայտնի է, երբ ընտրվելու պահը գալիս է, պատգամավորներից շատերը սիրում են սին խոստումներ տալ, ճոխ ծրագրեր ներկայացնել: Ընտրողները դա նկատել էին, եւ միայն միամիտներն էին հավատում նրանց: Սակայն ավելի իրատեսներն ըմբռնումով էին մոտենում այդ հարցին եւ ըստ իրենց իրատեսության չափի էլ պահանջներ ներկայացնում:



21-ամյա Աննա Դավթյանին կբավարարեր «ներկայացրած ծրագրի գոնե 50 տոկոսի իրագործումը»: Իրոք որ ջահելները մաքսիմալիստ են: 43-ամյա Արեւհատ Խաչատրյանն ակնկալում էր «խոստումների գեթ մի մասի կատարումը»: 51-ամյա Սարգիս Սարգսյանը պահանջում էր. «Իր խոստումը կատարի գոնե 10 տոկոսով: Ստախոս չլինի»: Ինչպես տեսնում եք, եթե պատգամավորն իր խոստումների գեթ 10 տոկոսը կատարեր, արդեն իսկ ստախոս չէր համարվի: Իսկ 48-ամյա Անահիտ Բեդեյանը գոհ կլիներ, եթե իր ընտրած պատգամավորն «իրականացնի իր ծրագրի գոնե մեկ տոկոսը»:



Իսկապես որ, հայ ժողովուրդը կարողանում է քչով բավարարվել: Այդուհանդերձ, 71-ամյա թոշակառու Ռուզաննա Մելիքյանը փորձ էր արել «պաշտպանել» անպարտաճանաչ պատգամավորներին. ««Խեղճը» հազար խոստում է տվել, ո՞ր մեկը կատարի»,- հարցրել էր նա:



Հայտնի է, որ որոշ պատգամավորներ չվող թռչուններ են հիշեցնում, ընտրությունների նախօրեին երամներով հայտնվում են բնակավայրերում, իսկ հետո հեռանում անհայտ ուղղությամբ: Ուշադիր ընտրողները դա էլ էին նկատել:



«Ընտրվելուց հետո էլ պատգամավո՞ր կտեսնես»,- հարցրել էր  Լեւոն Մինասյանը: «Երբեմն գալիս, ֆռֆռում է ու գնումե,- հայտնել էր Գագիկ Փիրումյանը: «Փողոցում միգուցե հանդիպել եմ, բայց կողքով անցել ու գնացել եմ»,- ենթադրել էր  Կարեն Դարբինյանը: «Անգամ անունը չգիտեմ»,- բողոքել էր  63-ամյա Սերինե Յավրյանը: «Չեմ էլ իմանում ով է»,- ձայնակցել էր նրան 67-ամյա Կարինե Աթանեսյանը: «Երեսն էլ չեմ տեսել»,- համաձայնել էր 76-ամյա Արարատ Ալավերդյանը: «Նկարը տեսել եմ, բայց իրեն՝ ոչ»,- ասել էր  լուսանկարներ դիտելու ավելի մեծ հնարավորություն ունեցող ֆոտոժուռնալիստ Շանթը: «Նրանք ի հայտ են գալիս միայն ընտրությունների նախօրեին եւ ընդհատակ անցնում ընտրվելուց հետո»,- ամփոփել էր  21-ամյա ուսանող Վահան Ավագյանը:



Ինչպիսին չպետք է լինի պատգամավորը



«Չլինի մարդասպան»,- կարծում է 30-ամյա գործարար Արթուր Ալեքսանյանը: «Չլինի գողական, ուգլավիկ փողատեր»,- խնդրել էր 56-ամյա Զեմֆիրա Հարությունյանը: «Մարդ լինի, ոչ թե բանդիտ»,- պահանջել  էր  68-ամյա Գառնիկ Հովսեփյանը: «Չլինի տուպոյ բիզնեսմեն»,- իր մտահոգությունն էր հայտնել Արարատ Ալավերդյանը, որի խոսքերով, իր ընտրած պատգամավորը «միայն իր սեփական հարցերն է լուծել ու կարգին չաղացել»: «Չլինի գծուծ»,- բողոքել էր Եվա Հակոբջանյանը: «Չլինի դատված»,- պաղատել էր 28-ամյա  Անուշ Վարդանյանը: «Չունենա ջիպի մռութ»,- խնդրել էր 34-ամյա հաշվապահ Գոհար Ավանեսյանը: «Անցյալում չպետք է ունենա ոչ մի բացասական գիծ»,- կարծիք էր հայտնել  32-ամյա Արթուր Վարդազարյանը: «Չպետք է լինի թաղային հեղինակություն»,- պահանջել էր 71-ամյա Ռուզաննա Մելիքյանը: «Չլինի մականունավոր»,- ակնկալել էին 60-ամյա Ջուլիետա Սարգսյանը, 39-ամյա գիտաշխատող Արմեն Կարապետյանը եւ 28-ամյա Անուշ Վարդանյանը:



Ընտրողների կարծիքը քաղաքական գործիչների մասին



70-ամյա Մանուշակ Մինասյան. «Քաղաքականություն գնացած յուրաքանչյուր մարդ մտածում է միայն իր մասին, եւ նրանցից ոչ ոք ժողովրդի համար չի աշխատում»: 75-ամյա Անուշ Մխիթարյան. «Ոչ մի քաղաքական գործիչ չի մտածում ժողովրդի մասին: Նրանք միայն իրենց քսակի եւ փորի մասին են մտածում»:  45-ամյա Անահիտ Ավագյան. «Ամեն մեկն իր գրպանն է լցնում, եւ աթոռների համար իրար գլուխ են ջարդում»: 52-ամյա Սուսաննա Հովհաննիսյան. «Նրանց պետք են միայն իրենց աթոռները եւ պաշտոնի չարաշահումները»:



Պատահում է, սակայն, որ  պատգամավորը կարող է նաեւ օգտակար լինել



«Այն շենքում, որտեղ մայրս է բնակվում, առաջ մի պատգամավոր էր ապրում, որը մշտական ջուր անցկացրեց: Պատգամավորը գնաց, բայց ջուրը մնաց»,- գոհունակություն էր արտահայտել 2003-ին 28-ամյա տարիք ունեցած Հասմիկ Պետրոսյանը:



Գրիգոր



ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ