Փոխադարձ որոշում

Փոխադարձ որոշում




«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, կուսակցության ընտրացուցակը հրապարակելուց հետո հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, երեկ իր ասուլիսի ընթացքում պարզաբանել է, թե ինքն ընդգրկված է եղել ցուցակի 10-րդ հորիզոնականում, պարզապես դեմ է եղել ցուցակի կազմման ընդհանուր սկզբունքին:



Ասաց նաեւ, որ կուսակցությունից հեռանալու որոշումը երկկողմանի է եղել  «Երբ ինձ ասում են հեռու, դա նշանակում է հեռու եւ ես հեռանում եմ: Այսինքն` կուսակցությունից հեռանալը դա իմ անձնական որոշումը չէ` դա փոխադարձ է»,-ասաց նա, հավելելով, որ այստեղ դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ կուսակցությունները ֆինանսապես անկախ չեն:



Հակոբյանի խոսքով,  մինչեւ վերջին պահը վարչության անդամները ծանոթ չեն եղել ցուցակին, որոշումը կայացրել են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր մի քանի խորհրդականները, որոնց թվում ժառանգության նախկին անդամը նշեց կուսակցության փոխնախագահի եւ մամուլի քարտուղարի անունները:



«Րաֆֆի Հովհաննիսյանն, իր էությամբ, առաջնորդ է եւ նրա խոսքը թե ցուցակի, թե դաշինքի կազմման հարցում եղել է վերջնակա»,- ըդգծեց Հակոբյանը: Նա անհամաձայնություն հայտնեց հատկապես հասարակական ոլորտից անհայտ անձանց ցուցակում ներգրավվածության հանգամանքին:



Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը ցուցակի առաջին տասնյակում համենայն դեպս ընդգրկված չեն : Լարիսա Ալավերդյանը վարչության նիստի ժամանակ նույնիսկ հայտարարել է, որ հրաժարվում է ե’ւ մեծամասնական ե’ւ համամասնական ընտրապայքարից: Հակոբյանն անդրադառնալով փաստին չբացառեց, որ Ալավերդյանի  կայացրած որոշման մեջ ցուցակի կազմումը եւս դեր է ունեցել:



«Պարզապես նա սիմվոլիկ համաձայնել է լինել ցուցակի 41-րդ հորիզոնականում, ինչը ինքնին նշանակում է, որ ընտրապայքարից դուրս է»,- նկատեց Հակոբյանը: Իսկ առաջիկայում Հակոբյանն ասաց, որ չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամակցել, քանի որ իրեն ավելի շատ հասարակական գործիչ է համարում, թեեւ չբացառեց նման զարգացումը: