Երկու գրքի շնորհանդես

Երկու գրքի շնորհանդես
Երեկ «Նաիրի» գրատանը տեղի ունեցավ ժամանակակից հայ բանաստեղծներ Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» եւ Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուների համատեղ շնորհանդեսը: Երկու երիտասարդ, տաղանդավոր բանաստեղծների գրքերը պետաջակցության շրջանակներում տպագրվել են «Անտարես» հրատարակչության կողմից` նոր ոճով, նոր մոտեցմամբ: Ուրախալին այն  է, որ գրքերի շնորհանդեսը «Նաիրի» գրատանն անցնում էր ընթերցողների, գրողների, պոեզիայի սիրահարների ակտիվ մասնակցությամբ:



Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով գրքերի խմբագիրն է, շնորհանդեսի ավարտից հետո նշեց, որ այն  գրող-ընթերցող հարաբերակցության միտումները, որ սկսվել էին նախորդ տարիներին` մասնավորապես հիշելով Կարեն Անտաշյանի, Արամ Պաչյանի գրքերի շնորհանդեսների ակտիվությունը, կարելի է փաստել, որ այն Աշոտի եւ Էդուարդի դեպքում կրկնապատկվեց` եւ ընթերցողների մասնակցությամբ, եւ վաճառված գրքերի քանակով, որը, կարելի է ասել, ռեկորդային է մեր գրական դաշտում: Պարզապես այս ամենը պետք է ճիշտ ձեւով, ճիշտ մատուցմամբ կազմակերպել եւ դինամիկ տեղեկատվություն ապահովել, որպեսզի միջոցառման մասին շատ մարդ իրազեկված լինի: Այս շնորհանդեսը ցույց տվեց նաեւ մի բան, որ մեր ժամանակակից գրողներն իրոք սիրված են ընթերցողների կողմից, ովքեր հետաքրքրված են նրանց արվեստով: Մենք ուզում ենք, որ այս ակտիվությունը տեւական լինի: Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի կարծիքով, շնորհանդեսին մարդկանց ակտիվությունը պայմանավորված էր տեղեկատվության ճիշտ տարածմամբ եւ մատուցմամբ: Դղրդոց կա,- ավելացրեց բանաստեղծը,- պարզապես պետք է հետեւողական լինել գիրքն ընթերցողին հասցնելու համար: Էդուարդ Հարենցի խոսքերով, շնորհանդեսի նկատմամբ ակտիվությունը սպասվածից շատ էր, բայց քանի որ օրն աշխատանքային էր, որոշ մարդիկ հենց այդ պատճառով ներկա գտնվել չկարողացան:



Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» եւ Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» ժողովածուները կարող եք ձեռք բերել Երեւան քաղաքի փոքրաթիվ գրախանութներից: