Պուճուրիկներ

Պուճուրիկներ
Ոճ



Կարճ: Էլի կարճ: Եթե հնարավոր է` միանգամից վերջը: Հիմա դա է ընդունված: Մի երկարացրու: Կձանձրանան: Էնպես որ` լավ է հենց միայն վերնագիրը: Որպես սկիզբ ու վերջ: Կամ գրական անունդ` բովանդակություն:



Էհ. Դու ոնց ես: Կյանքդ: Կարճ: Պարզ է, ծանոթ պատմություն: Վերջդ բարին ըլնի...



ՓՈՐՁ



Դասականը խորհուրդ էր տալիս. «Եթե չի ստացվում, նստում ես ու գրում` չի ստացվում, չի ստացվում, չի ստացվում... Էնքան, մինչեւ ստացվի»...



Էդպես էլ անում եմ:



- Ի՞նչ ես գրում:



Կինս է: Աննկատ մոտեցել ու կողքից փորձում է կարդալ:



- Էշություն,- ճմրթում եմ թուղթը ես: Էդ էր պակաս, որ կարդա ու... վերագրի եսիմ ինչերի:



Բայց աչքերի մեջ լիքը բան կար գրելու...



Լռեց:



 



ՌԵՔՎՈՒՅՎՈՒՅԵՄ



Ծիտ է դեմս: Կեր է գտել ոնց որ: Փորձում է մոտենալ, կտցել:



- Թը՜ըռ...,- ակամա արտաբերում եմ ես ու մտածում` «իզուր, ծիտ էր, էլի, ինչ էր խանգարում...»... Ուշ էր սակայն: Թռել էր ծիտիկը: Հացի փշուրն էլ` գետնին: Մի բան էլ կոկորդիս է դեմ առել...



- Էհ, ծիտիկ, ծիտիկ...,- բարի ու անչար թառանչում եմ ես:



Մեկ էլ աչքերիս չեմ հավատում եւ տեսնեմ ետ է եկել: Ու իբր աննկատ, կարճ-կարճ ցատկերով մոտենում է փշուրին: Վիրավորական է: Իբր ինձ չի տեսնում մի թիզ չեղածը: Գետնից քար եմ վերցնում ու, առը հա, շպրտում վրան: Տեղում տոտիկները տնկում է դեպի երկինք:



«Ծիտիկ, ծիտիկ...»,- վիշտս խաղաղ շարունակում եմ ես:



Վլադիմիր  Հայրապետյան