Անանյանական անանձնական անձնագիր կամ ՀԳՄ թափ-թազա կանոնադրությունը

Անանյանական անանձնական անձնագիր կամ ՀԳՄ թափ-թազա կանոնադրությունը
Տպագրելու լավ էլ օր էին ընտրել՝ դեկտեմբերի վերջ, նախաամանոր, պոպոք-պնդուկի, բուդի հերոսամարտերի ելից օրեր։ Ո՞ւմ վեջն էր, որ կարդար, էն էլ՝ ուշադիր։ Մի էդպիսի ազիզ օր էլ (ասենք՝ Զատիկ, Մեռելոց) կքննարկեն, կընդունեն, կպրծնի-կգնա։ Վերնագիրն էլ է սիրուն՝  նոր խմբագրությամբ: Բա ո՞րն է հինը: Այդպիսին չկա: Կա 2001թ.-ի ԳՄ կանոնադրություն, որը, նույն թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ «ՀԿ» օրենք) համաձայն, դարձել է չգործող:Հարկավոր էր դեռ 2002-ին նշված օրենքի հիման վրա եւ համաձայն ընդունել նորը, ստանալ պետգրանցում, դառնալ եւ գործել որպես իրավաբանական անձ: Չի՛ արվել, գրեթե 11 տարի (տես՝ «Գրողների միությունն ապօրինի է գործում» իմ հոդվածը, «Ժողովուրդ» օրաթերթ, 19.07.2011թ.): Եվ հիմա, էս «Նոր խմբագրում»՝ արտաքինից անմեղ հավելմամբ, ըստ էության նենգափորձ է արվում «Գրական լեգիտիմության»: Տեքստի վերջում էլ՝ «ՀԳՄ անդամների լրացումներից, առաջարկություններից հետո Կանոնադրության վերամշակված (էլի՝ հալլա՜-հալլա՜) տարբերակը կներկայացվի հաստատման»: Իսկ ինչ է, մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչ, ընդհանրապես ՀՀ քաղաքացի, ընդհանրապես յուրաքանչյուր մարդ (նաեւ արտերկրի, որին «սիրով» ու անպայման «արի տուն-տունիկում» եք ձեր կառույցին) չի՞ կարող ներկայացնել «առաջարկներ ու լրացումներ»: Եվ ինչո՞ւ միայն «առաջարկներ», իսկ «առարկումնե՞ր», «դիտողություննե՞ր»: Էս «խմբագրվածից» դեռ կես տարի առաջ ԳԹ-ի 2011թ.-ի 3 եւ 10 հունիսի համարներում տպագրվել է եւ իմ կազմած կանոնադրությունը, որն այդպես էլ մնաց «ժողովրդի թշնամի», ոչ անդրադարձ եղավ, ոչ քննարկում: Երկու կանոնադրությունների համատեղ քննարկման առաջարկ արեցի վերջերս, «ներքին կլոր սեղան»-քառակուսի լռություն եղավ պատասխանը:



Ինչեւիցե: Անցնենք բուն տեքստին:



1.1 Գրված է. «ՀԳՄ-ն անձանց շահերի ընդհանրության հիման վրա...»: Ո՞ր անձանց: Յուրաքանչյո՞ւր, պատահակա՞ն, թե՞ կազմակերպության անդամ: Ուրեմն էդպես էլ պետք է գրել. «ՀԳՄ-ն իր անդամների...», եւ այնուհետեւ` ինչպես տեքստում:



1.3. Կազմակերպության (այսուհետեւ «Կ.»-ի) գործունեության սկզբունքների մեջ բացակայում է «ղեկավարման կոլեգիալության» պահանջը (ՀԿ օրենքի հոդ. 4.1): Երեւի օրինաչափ է, ի՞նչ կոլեգիալություն դիկտատորության պարագայում։



1.4. Գրված է. «Կ»-ն գործում է ՀՀ ողջ տարածքում... «Ողջը» ո՞րն է. «ՀՀ տարածքը» հերիք չէ՞։ Նույնը վերաբերում է 1.5.-ին` «Կ»-ի հայերեն լրիվ անվանումն է»... ինչո՞ւ ոչ` «Կ»-ի հայերեն անվանումն է», 1.6.-ին` «Կ.-ի գտնվելու վայրն է` ք. Երեւան, Բաղրամյան 3, Գրողների տուն»: Նախ, բացի «գտնվելու վայրից», այն նաեւ «Կ»-ի իրավաբանական հասցեն է, որը չի նշված (պետք է ավելացնել): Եվ ինչ է նշանակում «Գրողների տուն»: Սա զուտ հուշող, ճշտող հավելում է մեր խոսակցական առօրյայում: Պաշտոնական փաստաթղթում անիմաստ է:



Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ «Համաշխարհային»։



3.1. «Կ»-ի անդամ կարող է դառնալ ՀՀ-ի, արտերկրի եւ սփյուռքահայ յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է «Կ»-ի կանոնադրությունը: Այսինքն, անկախ նրանից` մարդը ստեղծագործում է, թե ոչ, ունի գրական գործ ու արժանիք, ընդունո՞ւմ եք: Նույնիսկ նշում չկա` «կատարում է կանոնադրության պահանջները»: «Արտերկրի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը» գրելով ենթադրո՞ւմ եք հնարավոր իրավական հետեւանքները: Ասենք՝ ընդունելության հայտ է ներկայացրել ադրբեջանցին (թուրքը, պարսիկը, ճապոնացին) ոչ էլ գրող, սովորական ֆելլահ կամ անաղլիոր Ալի:



Ինչ է, մերժելո՞ւ եք: Բայց չէ՞ որ օրինապաշտ մարդ է, դատվածություն չունի, բարոյական է, երկու տեղ աշխատող, խնամքին անչափահաս երեխաներ, ընդունում է մեր «գրական հավատն» ու օրուգիշեր աղոթում: Բա որ Օրհան Փամուկը լինի` «Նոբելյանը» կրծքին, կամ էն մեր նախագահի նամակին հա սպասող ծանոթ «թուրք բարեկամը»: Բա որ բողոքեն Մարդու իրավունքների միջազգային դատարան: Չէ, լուրջ, կանխատեսե՞լ եք հնարավոր բարդությունները Գրողների միության գույքային ունեցվածքի հարցերում, իրավակազմակերպչական խնդիրներում (ՀԳՄ նախագահ, քարտուղար, նախագահության անդամ նկրտում-պարագան ...): Հետագա պարզաբանո՞ւմ եք անելու, «ի բացառյա՞լ» եք ձեւակերպելու: Է՜, հիմա արեք։ Այսօր բազմաշերտ են Սփյուռքի տարատեսակ հատվածների իրողությունները` էթնո-լեզվա-կրոնա-մշակութային եւ այլ չափանիշներով: Էս «թնջուկը», էս հնարավոր «արկն» ինչո՞ւ եք դնում քիչ թե շատ կայացած գրական այս կառույցի տակ, երբ «մերձեցման» տասնյակ ուղիներ ու միջոցներ կան` փորձված եւ կայացած (նաեւ պետական՝ ԱԳ, մշակույթի եւ սփյուռքի նախարարություններ): Ի՞նչ է տալու ենթատեքստում էս նոր «մանկական Եվրատեսիլ»-համաշխարհային կառույցը, բացի մակերեսային ծնծղաաղմուկից:



Տարակուսելի է 4.2.ե կետը. «ՀԳՄ անդամը պարտավոր է չանդամակցել գրական այլ համանման կազմակերպությունների»: Նախ` դա մարդու սահմանադրական իրավունքն է, եւ «Կ»-ն իրավասու չէ սահմանափակել այն («ՀԿ» օրենքի հոդված 6, կետ 3։ Եվ երկրորդ, հենց ներկայումս տասնյակ ու տասնյակ ՀԳՄ անդամներ անդամակցում են «համանման գրական-մշակութային կառույցների»: Պարզ գրեք՝ «առակն ի՞նչ ցուցանե»։



4.3. «...կարող են կիրառվել տարաբնույթ կարգապահական տույժեր...»: Տրված չէ՝ ինչպիսի՞, դրանց ցանկը: Չկան խրախուսանքները:



5.2. «Կ»-ն ունի առանձնացված գույք...», ինձ անծանոթ է նման տնտեսագիտական տերմին: «Կ»-ն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք: «Անվանումս» ո՞րն է, պետք է լինի «լեզուներով»: «...ունի դրոշմ», երեւի «անկյունադրոշմ», «իր անունից կարող է ձեռք բերել...», բա էլ ո՞ւմ անունից։



5.4. բ. «հիմնադրել լրատվամիջոցներ, հրատարակչություն»: Բացակայում է տպարան հիմնելու իրավունքը (մանավանդ, որ կարծես այն ունեինք, թե՞ էլ չունենք, կերել են),  ռադիոհեռուստատեսային ծրագրեր, ալիք, հեռուստաընկերություն, ինտերնետային կայք եւ այլ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու, ունենալու իրավունքը:



5.4. դ. «իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով». պետք է ավելացնել. «...կամ մասնակցել այլ ընկերությունների տնտեսական գործունեությանը»:



5.4. ա. Տարակուսելի է «...անվճար օգտագործման հանձնել «Կ»-ի ցանկացած անշարժ եւ շարժական գույք», ինչո՞ւ, ինչպե՞ս` ժամկետո՞վ, թե՞ անժամկետ: Էդ ի՞նչ եք մտադրվել նվիրելու որ «ախպորը», թե՞ արդեն նվիրել եք, մնացել է «կանոնակարգելը»։ Նույնը 7.12-ը եւ 7.6 դ-ն, որով նախագահը եւ վարչությունն իրավունք են ստանում «տիրապետել, օգտագործել, տնօրինել եւ դուրս գրել Կ-ի համապատասխանաբար մինչեւ 1 մլն եւ մլն-ից ավելի արժողության գույք»: Դրա իրավունքը միայն համագումարինն է: Սա «դուռ» է հնարավոր չարաշահումների, իսկ գուցե նախկին չարաշահումների «կանոնակարգման փորձ»...:



Հասանք դիվանբաշուն։



7.2. Առկախված է համագումարների հրավիրման պարբերականության հարցը, չնայած «ՀԿ» օրենքը պարզ սահմանում է, որ «Կ»-ի հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամից ոչ պակաս...», հոդ. 14.2.: Սա օրենք է, պարոնայք «Լ. Անանյան եւ ընկ.», որ արդեն խախտում եք 11 եւ ավելի տարի։ Էլի՞ եք ուզում խախտել։ Ժամանակը չէ՞, որ այս անձինք պատասխան տան իրենց նման գործունեության համար եւ հետո նոր իրավունք ունենան (բարոյականն էլ հետը) նորանոր բանջար-ծրագրեր տալու ՀԳՄ կոչվող Ապիս եզանը։ Գոնե պետական լիազոր մարմինը (արդարադատության նախարարություն) պե՞տք է հիշի «ՀԿ» օրենքի կետ-զգուշացումը. «Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունն ու նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն, հոդված 16.3։



Առայժմ ամփոփենք։ Հասկանալի է, որ բերվեց ՀԳՄ էս վերջին «Գործք առաքելոցի» սոսկ անդրադարձ-«ծաղկաքաղը», որի արձագանքներին մնանք ականջալուր։ Ամբողջ «ծաղկեփունջը»՝ հաջորդիվ։ «Լ. եւ ընկ.» ՍՊԸ-ին ուրախացնեմ. պատրաստ է նաեւ ՀԳՄ ֆինանսատնտեսական գործունեության 10-ամյա տարելիցի ծաղկազամբյուղը։ Այն եւս կՀՐԱՊԱՐԱԿվի։



 



Վլադիմիր Հայրապետյան



ՀԳՄ անդամ