Միտինգավորներին կբերեն Վայոց Ձորից

Միտինգավորներին կբերեն Վայոց Ձորից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումների շրջանակներում ապրիլի 26-27-ը Սյունիքի մարզում նախատեսված հանդիպումներն ըստ ամենայնի ուշագրավ են լինելու: Մեր տեղեկություններով, Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս խորհրդակցություն է կազմակերպել, որին հրավիրել է բոլոր տարածքային ղեկավարներին եւ խիստ հրահանգել նրանց, որ ԲՀԿ ղեկավարի այցելության ժամանակ թույլ չտան մարդիկ բերել: Մարզպետն ասել է նաեւ, թե՝ ոնց ուզում եք, այդ մասին հասկացրեք ԲՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարներին եւ կանխեք: «Վայն եկել է ձեզ տարել, եթե իմացա, որ հրամանս չեք կատարել»,- մոտավորապես այսպես է դիմել Խաչատրյանը ներկաներին: Սակայն ԲՀԿ մարզային կառույցների ղեկավարները լուրն այնուամենայնիվ հասցրել են ղեկավարությանը: Եվ հիմա, ըստ լուրերի, Ծառուկյանը որոշել է հարեւան մարզի՝ Վայոց ձորի ընտրողներին հասցնել Սյունիք: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը ԲՀԿ-ական  Սերգեյ Բագրատյանն է, ով նաեւ մարզի կուսակցական կառույցի ղեկավարն է: Ըստ որոշ լուրերի, մոտ 15 ավտոբուս է նախատեսված Վայոց ձորից մարդկանց տեղափոխելու համար: Ի դեպ, մեզ չհաջողվեց պարզաբանում լսել մարզպետ Խաչատրյանից, վերջինս չցանկացավ լսել նույնիսկ հարցը: Զրուցեցինք Սյունիքի ԲՀԿ մարզային խորհրդի նախագահ Կամո Հարությունյանի հետ, ով ասաց. «Մարզպետը չի կարող մեր հավաքներին խոչընդոտել»: Իսկ այնուամենայնիվ նման մտադրություններ մարզպետն ունի՞, հետաքրքրվեցինք. «Հա, նման խոսակցություններ քաղաքում պտտվում են, բայց ես հաստատ համոզված եմ, որ մարզպետը ոչ կուզենա ըտենց բանի գնա, համ էլ չի կարա»: Իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Երբ լինի հանդիպումը, ինքներդ կլսեք ու կտեսնեք, թե որքան մարդ կլինի: Անձամբ մասնակիցներին կհարցնեք, թե ով որտեղից է եկել՝ մասնակցելու հանրահավաքին»: