«Ժառանգությունը» նախընտրում է Նիկոյանակա՞ն ֆորմատը

«Ժառանգությունը» նախընտրում է Նիկոյանակա՞ն ֆորմատը
Երեկ Քաղաքագետների միությունում չորս կուսակցությունների ներկայացուցիչներ` ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից եւ «Ժառանգությունից», պետք է ընդունեին միջկուսակցական շտաբ ստեղծելու եւ նրա կառուցվածքը հաստատելու մասին համաձայնագիրը, սակայն «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը` ասելով, որ «Ժառանգությունը» կշարունակի մասնակցությունը ֆորմատին, եթե համաձայնագիրը ստորագրեն վերը նշված չորս կուսակցությունների լիդերները: Նշենք, որ փաստաթուղթը նախորդ շաբաթ արդեն իսկ ստորագրել են միջկուսակցական շտաբի մասնակիցները, ուստի «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությունը հարուցել է ոմանց տարակուսանքը: ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը համաձայնել են ստորագրել լիդերների մակարդակով: «Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կարող է լինել կոալիցիայի համաձայնագրի տակ, բայց չի կարող լինել այս համաձայնագրի տակ»,-հարց  է ուղղել «Ժառանգության» ներկայացուցիչը` շարունակելով. «Իմ ստորագրությունն ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի՝ մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք»: Ապա ի վերջո լքել է Քաղաքագետների միության դահլիճը` կիսատ թողնելով քննարկումը:



«Ժառանգության» ներկայացուցչի քայլն առնվազն անհասկանալի է, քանի որ նախօրեին նույն կուսակցության ներկայացուցիչը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը մասնակցել են համանման մեկ այլ շտաբի աշխատանքներին` օրերս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին կից ստեղծված Ընտրական օրենսգրքի կիրարկման եւ ընտրական գործընթացների մոնիտորինգային աշխատանքային խմբի նիստին, եւ «Ժառանգության» ներկայացուցչի մոտ նման հարց չի առաջացել: Ասենք, թե ինչու աշխատանքային խմբի ձեւավորմանն անձամբ համաձայնություն չեն տվել մասնակից քաղաքական ուժերի` այդ թվում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ղեկավարները, այլ դա ընդամենը Սամվել Նիկոյանի նախաձեռնությունն է: Հիշեցնենք, որ այս ֆորմատին չի միացել ՀԱԿ-ը:



Երեկ երեկոյան զանգահարեցինք ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին` հարցնելով, թե Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է ստորագրել համաձայնագիրը: Մամուլի խոսնակն ասաց, թե այդ հարցը դեռ չի քննարկել Ծառուկյանի հետ:



Հայտնի է, որ օրեր առաջ Հանրապետականը հրաժարվեց միանալ Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ստեղծված համանման շտաբին: Սամվել Նիկոյանին կից աշխատանքային խմբի ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանին հարցրինք, թե արդյոք նոր ֆորմատը նախաձեռնությունը խլելու փորձ չէ՞: «Նախաձեռնությունը որեւէ մեկից խլելու որեւէ քաղաքական ուժ տրամադրություն եւ տրամադրվածություն չունի, նման խնդիր ընդհանրապես չի եղել: Հմայակ Հովհաննիսյանն էր փորձում ընդամենը աչքի ընկնել»,-երեկ մեր հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը` շարունակելով. «Նախորդ մարմնում մնացել է ընդամենը մեկ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը»: Հարցին, թե ինչ իմաստ ուներ նոր ֆորմատ ստեղծել, եթե արդեն կար նախորդը, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց. «Դա նոր ֆորմատ չի, ընդամենը աշխատանքային խումբ ա, որն զբաղվում է Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգով»: Հարցրինք նաեւ, թե ի վերջո ինչո՞ւ Հանրապետականը չմիացավ Քաղաքագետների միության շտաբին: «Ուզում ենք բավական մեծաքանակ քաղաքական ուժեր մասնակցեն այդ աշխատանքային պրոցեսին»,-հայտարարեց հանրապետականը` բնականաբար հերքելով, որ ՀՔՄ ֆորմատին այլընտրանք ստեղծելու փորձ է արվում:



ՀԳ - Մեր տեղեկություններով, սակայն, Հանրապետականում բավականին անհանգստացած են այս նոր ձեւաչափի ստեղծումից եւ ամեն ինչ անում են այն տապալելու համար: Ըստ էության, «Ժառանգության» պահվածքը նոր ձեւավորվող համագործակցության դեմ է ուղղված եղել. լիդերների ստորագրությունը պահանջելու միջոցով փորձել են քիչ թե շատ քաղաքակիրթ բացատրություն տալ չորս ուժերից մեկի նահանջին: Այն ուժի, որի նկատմամբ լծակներ ունեն: