«Կարողա մի բանով էլ աջակցել եմ Հովիկին, բայց էդ չի նշանակում, որ ես իրան սարքել եմ ԱԺ նախագահ»

- Պարոն Ներսիսյան, թեեւ Աբրահամյանն այլեւս թեկնածու չէ, այնուամենայնիվ կարծում եք՝ նրանք որեւէ ազդեցություն չե՞ն ունենա ընտրական գործընթացների վրա, եւ ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը նման պայմաններում:
- Անկասկած խառնվելու են, իրենք ունեն իրենց թեկնածուն, իրենց թեկնածուն է իրենց բարեկամը, ազգականը: Եթե որեւէ մեկը կասի, որ չեն խառնվի, ամենաքիչը սուտ կլինի: Կխառնվեն, կօգտագործեն վարչական լծակները, դրանք հիմնականում գյուղապետներն են, մարզպետարանը՝ իր ամբողջ կազմով…
- Այդ ամենը փաստարկվա՞ծ է, թե՞ Դուք ենթադրություններ եք անում:
- Չէ, էս պահի դրությամբ փաստ չկա, բայց ես գիտեմ, որ ներքին աշխատանքները կատարվում են, երեխաների ծնողների հետ դպրոցներում…, աշխատողներին իրենց գործատերերն են հանձնարարություններ տալիս, ես արդեն տեղյակ եմ դրանից: Մարզում մուրաբաներ, սելիտրա եւս բաժանվում է: Պարզապես մարդիկ էնքան վախեցած են Արարատի մարզում, որ գալիս են շտաբ բողոքում են, բայց երբ ասում են, որ իրենց անունից հայտարարություն տան, վախենում են: Մարդկանց կանչել են, իրենց անձնագրերը հավաքել-պահել են, ասել են՝ ընտրության օրը կտանք, փողը կդնենք մեջը՝ կտանք, եւ հիմա մարդիկ գալիս-ասում են, բայց վախենում են հայտարարություն տան: Իսկ ես չեմ ուզում օդի մեջի հայտարարություն անել: Պետական աշխատողին ասում են՝ գործից կհանենք, եթե չկատարեք: Դե իհարկե, ՀՀԿ-ի օգտին են անում, հո մեր օգտին չե՞ն անելու:
- Ովքե՞ր են սպառնում, Արարատի հայտնինե՞րը՝ Աբրահամյաննե՞րը:
- Արարատի մարզում հայտնիները չկան, նրանց լակոտներն են մանկլավիկներ: Այդ իմաստով ըտենց ահաբեկված վիճակում է էս խեղճ ժողովուրդը:
- Այս ամենը հաշվի առնելով, Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
- Իմ շանսերը լավն են, ես գիտեմ, որ իմ շանսերը լավն են, նախ, ես մարզում ճանաչված մարդ եմ, երկու անգամ պատգամավոր եմ եղել եւ Գերագույն խորհրդի, եւ Ազգային ժողովի՝ հենց այս նույն ընտրատարածքից ու մեծամասնական ընտրակարգով: Պարզ է, որ ես ունեմ նաեւ թիմ, գաղափարակիցներ, գաղափարական պայքարի մեջ եմ եւ կարծում եմ՝ այստեղ ժողովուրդը պետք է իր ասելիքն ասի: Որպեսզի հնարավոր լինի դա կազմակերպել, 100-120 հոգի վստահված անձ էլ Երեւանից եմ տանելու, որովհետեւ ամենացավալին էն ա, որ մարդիկ պատրաստ են ձայն տալ, բայց վախենում են:
- Պարոն Ներսիսյան, ասում եք, որ ժողովուրդը Ձեզ սիրում է, մյուսներից վախենում է, բայց հայտնի է, որ Դուք էլ եք Աբրահամյանների, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի քաղաքական առաջընթացին նպաստել, բավականին լավ, մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել վերջինս հետ, արդյոք այդ հանգամանքը չի՞ խանգարի Ձեզ:
- Ես առնվազն 98 թվականից որեւէ շփում չունեմ իրենց հետ, առավել եւս մտերմիկ շփումներ կամ հարաբերություններ: Հովիկն էն մարդն ա, որ ինքն իրա առաջընթացի համար իրան շատ նպաստողներ պետք չեն, ինքը ձեւը շատ լավ գիտի էդ նպաստելու: Իրա նպաստողների մասին բոլոր հեղինակները հայտնի են, 100 անգամ մամուլն անդրադարձել է, եւ դրանց մեջ իմ անունը չի մտնում: Վերջին հաշվով նույն Աբրահամյան Հովիկը ՀՀՇ խորհրդի անդամ է եղել՝ Արտաշատի, իսկ մենք էդպիսի օրինակներ… որ ՀՀՇ-ից փախածներ շատ կան եւ հիմա էլ կան կառավարության մեջ՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից եւ մնացածից: Հիմա ի՞նչ անենք, բոլորին կապենք իմ անվան հետ՝ երեւի ճիշտ չի լինի: Աբրահամյան Հովիկը 90 թվին Արտաշատում, մինչեւ իմ առաջադրվելը, արդեն հայտնի դեմք էր, բիզնեսներով, ունեցվածքով, ընենց որ… Ես բոլորին եմ փորձել աջակցել ժամանակին, որ պատգամավոր էի, կարող ա մի բանով էլ աջակցել եմ, բայց էդ չի նշանակում, որ ես իրան սարքել եմ ԱԺ նախագահ: Ինքը ՀՀՇ խորհրդի նախագահ էր, Արտաշատի քաղաքապետ, գուցե էդ մեղքերի համար ՀՀՇ-ի՞ն է պետք հարց տալ՝ էդ ո՞նց է պատահել: Բայց էն ժամանակ ՀՀՇ-ի դարբնոցով շատերն անցան, շատերն էլ քցեցին ՀՀՇ-ին, ի՞նչ է եղել, նորմալ ա:
- Պարոն Ներսիսյան, Ձեր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում:
- Որպեսզի գլուխ գովալ չլինի, կգաս իմ հետ հանդիպումներին, կտեսնես, որ հակառակորդ չկա: Տիգրան Կարապետյանը… ոչ էլ ուզում եմ կարծիք հայտնեմ իրա մասին, մեր միակ թիրախը ՀՀԿ-ն է, հասկանալի է, դաշնակ թեկնածուն Բերքանուշ գյուղի գյուղապետն ա, իրանք էլ նախկինում ինձ սատարել են, էդ առումով մեղք են գործել, էլի … այսինքն՝ էն նույն մեղադրանքն ա, էլի, որ ասում ես՝ ես Աբրահամյանին եմ սատարել, իրանք էլ ինձ, հիմա տղայ ա, առաջադրվել ա: Բայց ոչ մեկ ինձ խանգարող հանգամանք չի:
- Իսկ ինչո՞ւ եք ցանկանում նորից պատգամավոր դառնալ:
- Եթե ինձ լավ ճանաչեիք, կիմանայիք, որ ես այդ ընթացքում, որ եղել եմ պատգամավոր, միշտ ընդդիմադիր մարդ եմ եղել նույնիսկ մեր իշխանության ժամանակ, երբ ՀՀՇ վարչության անդամ եմ եղել: Ես ուզում եմ էս երկիրը նորմալ երկիր լինի, ես ուզում եմ, որ մեր երեխեքը լավ ապրեն, մեր երկիրը չդատարկվի: Այդ գաղափարների կրողը Կոնգրեսն է, որի կառույցներում ես գործում եմ Կոնգրեսի ստեղծման հենց առաջին պահից: Էնպես որ ինչի՞ պիտի չուզենայի: Ավելին՝ ես, ճիշտն ասած, ավելի կոշտ մեթոդների կողմնակից եմ: Ընտրություններն իմ ցանկացած ձեւը չի, որով կարելի է ինչ-որ բան փոխել երկրում, բայց քանի որ Կոնգրեսը որոշում կայացրեց էս ճանապարհով գնալ եւ ասել է, թե ինչու, ես համաձայնեցի: Գիտեմ, որ բոլոր ռեսուրսներն էլ, որպես անձ, ունեմ, գիտելիքներ էլ ունեմ, քաղաքական կամք էլ ունեմ, մարդիկ կան, որ ինձ սատարում են, ինչո՞ւ չէ որ: Երբ որ մարդը դուրս է գալիս գաղափարի կռվի, հարց չեն տալիս՝ ինչի՞ ուզեցիր: Ուզեցի, որովհետեւ ես էդ գաղափարն եմ կրում, ես դրա համար պայքարելու եմ, ցանկացած ձեւ ինձ ընդունելի է՝ նաեւ ընտրությունների ճանապարհը:
- Պարոն Ներսիսյան, ՀԱԿ անձնավորված քննադատությունների թիրախում մշտապես հայտնվել է Հովիկ Աբրահամյանի անունը, հիմա Դուք ե՞ւս այդ գործելաոճն եք ընտրելու Ձեր քարոզչության ընթացքում եւ որեւէ մտավախությո՞ւն չունեք այս առումով:
- Ես չեմ պատրաստվում անվանարկման ճանապարհով գնալ, որեւէ մեկի հանդեպ թշնամական արտահայտություններ, վիրավորանք թույլ տալն ինձ համար անընդունելի է լինելու, ինչպես նաեւ երբեք թույլ չեմ տա, որ իմ հասցեին անեն: Եթե իրանք սկսեն, ես պատրաստ եմ ահավոր հակահարված տալ, բոլորի համար շատ անսպասելի եւ ցավալի (ես իշխողների մասին եմ խոսում), բայց ես պատրաստ եմ, հասկանալով՝ այնտեղ, որտեղ ես եմ մեծացել, իմ միջավայրն ա, խառը բարեկամություն ունենք, որպեսզի մարդկանց անհարկի չլարեմ ոչ իմ անձի, ոչ Կոնգրեսի դեմ, հայհոյանքն ամենաճիշտ ճանապարհը չի, չնայած ես հայհոյախոս եմ, բայց էդ կրեդոյով ես չեմ գնա: Եթե իրանք համարձակվեն իմ հասցեին իմ մասին, ես էդ դեպքում ոչ թե ստիպված կլինեմ, այլ գերագույն հաճույքով ինքս կմիացնեմ պապիցս ժառանգած բառապաշարը: Մենք դուրս ենք եկել գաղափարական կռվի, մեր թիրախը ՀՀԿ-ն է, էս երկրի հանցավոր իշխանությունը… ես էդ բառերը չեմ կարող չասել, ժողովուրդը պետք է լսի, բայց անձի հետ կապված՝ ես կաշխատեմ ինձ թույլ չտալ:
Կարծիքներ