Երբ հարկադիր կատարողը դառնում է սոցիալական հարցերի նախարար

Երբ հարկադիր կատարողը դառնում է սոցիալական հարցերի նախարար
Մոտ  կես տարի  անհրաժեշտ  եղավ  ՀՀ  աշխատանքի  եւ  սոցիալական  հարցերի  նախարար,  իրավաբան  Ա.  Գրիգորյանին  հասկացնելու, որ  հաշմանդամ  երեխայի  կենսաթոշակը  նշանակվում  է  ոչ  թե  նրա  մորը, այլ  իրեն՝  երեխային:



Բայց  դա  դեռ  ոչինչ, պարզվում  է՝  մի  այդքան  ժամանակ  էլ անհրաժեշտ կլինի  երեխայի  կենսաթոշակային  վկայականը  ստանալու  համար, քանի  որ  նախարարի հանձնարարությունը  համառորեն  կատարողին  չի  հասնում, ավելին՝ վերջինս  չգիտի  էլ, թե  այն  ինչպես  պետք  է կատարի, այն  է՝ երեխայի  կենսաթոշակային վկայական  ձեւակերպի:



Սակայն դա էլ  ոչինչ... քանի  որ  առջեւում    ավելի  «բարդ»  խնդիրներ  կան  բացատրելու  ԲՀԿ-ական նախարարի  գլխավորած  համակարգին, մասնավորապես, որ  երեխան  ունենում  է  երկու  ծնող, որոնք  երկուսն  էլ  երեխայի  օրինական ներկայացուցիչներն  են  եւ  ունեն  նույն իրավունքներն  իրենց    երեխայի  հանդեպ...



Բայց  ամեն  ինչ  սկզբից՝  փաստերով  եւ  անուններով:



Անցյալ  տարվա  նոյեմբեր ամսին  դիմել  եմ  ՍԱՊԾ  աշխատակազմի «Կենտրոն-2»  տարածքային բաժին, խնդրելով  տրամադրել  մանկուց  «հաշմանդամ երեխա» ճանաչված երեխայի կենսաթոշակի  վկայականը, որն  արդեն  մի  քանի  տարի  է՝  ձեւակերպված  չէ  ՀՀ  օրենսդրության  պահանջների  համաձայն, ավելին՝ վկայականը  տրվել  է մոր  անունով, այսինքն, մայրն  է մանկուց  հաշմանդամ:



Քանի  որ  բաժնի  պետ  Ա. Արշակյանն  անտեղյակ  էր  ամեն ինչից, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությունից, հենց ինքն էլ  առաջարկում  է  2  շաբաթ  սպասել, որ բանիմաց տեղակալ  տիկին  Սուսաննան  վերադառնա   արձակուրդից:



Սպասեցի, վերադարձավ  եւ  կոշտ  ու  կոպիտ  պատասխանեց, որ  ամեն  ինչ  ճիշտ  է կատարված, խնամակալ  է  ճանաչված  մայրը, իսկ  վկայական էլ  չունեն, որ  նորը  տան: Այսինքն, չգիտեր  անգամ, որ  խնամակալ  ճանաչում  է  դատարանը, այլ  ոչ  թե  նախարարության բժշկասոցիալական  փորձաքննության գործակալությունը, իսկ մայրը  երեխայի օրինական ներկայացուցիչն  է համարվում:



Ստիպված, ՍԱՊ ծառայության  պետ  Ա. Ասատրյանին  բողոք  եմ  ներկայացրել, որին  պատասխանել  է  նրա տեղակալ  Ա. Պարոնյանը,   ամբողջովին  կրկնելով հիշյալ  անհեթեթությունը, այսինքն, բողոքը  չի  էլ  քննարկել:



Դիմեցի նախարար Ա. Գրիգորյանին, այն  էլ  մի քանի անգամ, որոնց   գրեթե  նույն  մեկնաբանություններով   մերժման պատասխաններ  էին  տալիս  կենսաթոշակային  ապահովության  վարչության պետ Ս. Սաինյանը  եւ  ռազմավարական ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության  պետ Հ. Մուրադյանը:



Զավեշտալի  եւս  մի  փաստ  իրավաբան  նախարարի  գործունեությունից. բողոքներն  ուղարկում  է  քննարկման նրան, ում  դեմ  այն ներկայացված է, ավելին՝ անգամ    նախարարի  դեմ  բողոքն  ուղարկում  է   քննարկման  իր  ենթականերին:



Ինչեւէ, վերջապես այս  տարվա մարտի  կեսերին հերթական  բողոքին  պատասխանել է  վարչության պետ  Հ. Մուրադյանը, տեղեկացնելով, որ  «առաջարկվել  է  ՍԱՊ ծառայության  պետին՝  խախտում  կատարած  պաշտոնատար անձին  ենթարկել  պատասխանատվության, իսկ կենսաթոշակ  նշանակող  ստորաբաժանմանը՝ կենսաթոշակառուին  տրամադրել  կենսաթոշակի  վկայական,  օրենքով  սահմանված  կարգով:



Իհարկե, ներողություն  անգամ  չխնդրեցին:



Սակայն, ինչպես  նշեցի, հիմա  էլ  նախարարական այդ  հանձնարարությունն է  անհետացել, այսինքն  մոտ  մեկ  ամիս  է, որ  կատարողին  չի  հասում,  եւ ինձ  են  խորհուրդ տալիս այդ  գրությունը  նախարարությունից  հասցնել  ՍԱՊ ծառայություն  եւ  պարզել  մնացած  հարցերը:



Իսկ  ՍԱՊ ծառայության  պետի  առաջին  տեղակալ  Ա. Աբրահամյանն անգամ փորձում  է  համոզել, որ  գրությունների  ստացման  բավականին  լուրջ  համակարգ  է  ներդրված  իրենց  մոտ:



Հենց  այդ հարցով նորից  ստիպված  դիմում  եմ  նախարարին, որն  իր  կենսագրության  երկար տարիների  հարկադիր  կատարողի  սառնասրտությամբ նորից  նույն  պտույտն  է  սկսում... Սաինյանին, հետո՝  հավանաբար Մուրադյանին  եւ  այդպես  շարունակ:



Եվ, որպես  հետեւանք, արդեն  չորրորդ  ամիսն  է, որ երեխայի  բուժումը հետաձգվում  է  ԲՀԿ-ական  այս  քաշքշուկի  հետեւանքով  եւ  անիմաստ   ծախսերով:



Ո՞վ պետք  է  կրի  պատասխանատվություն  երեխայի  իրավունքների  ոտնահարման համար, գուցե  հենց  ԲՀԿ  առաջնորդը՝ դեռ կտեսնենք, սակայն  ակնհայտ  է  նաեւ, որ  սա  միակ  խեղկատակությունը  չէ, որ  իրականացվում  է            ԲՀԿ-ին  «սեփականաշնորհված» ՀՀ  աշխատանքի եւ  սոցիալական   հարցերի  նախարարությունում: Հիշենք  առնվազն ԲՀԿ-ական  նախարարի  կողմից  կարիքավոր  մարդուն  «բոմժ» անվանելու  պատմությունը:



Եվ այդ իմաստով արդարացի  կլինի, որ  «յուղ  ու  բրինձ»  բաժանելիս  ԲՀԿ  առաջնորդը  ներկայացնի  նաեւ իր  կադրերի  գործունեության  իրական  պատկերը, հատկապես սոցիալական  ոլորտում:



Ռուբեն Թորոսյան