Պատը

Պատը
Գործից հոգնած տուն եմ գալիս: Իբր քիչ եմ նյարդայնացած, մեկ էլ, էդ էր պակաս, շենքի սվաղած, հարթ պատին մի այլանդակ (երեւի շենքի ջահելներից) կավիճով մեծ-մեծ գրել է. «Սոնա, ես քեզ սիրում եմ»: Խնդրեմ, ոչ ամոթ ունեն, ոչ դաստիարակություն, պատը սիրո գրատախտակ են սարքել: Ասա, դասերդ էդտեղ անեիր, լակոտ, ոչ թե ափեղ-ցփեղ, ափաշկարա դուրս տայիր…



Հաց ուտելուց հետո էլ չեմ հանգստանում: Էս ի՜նչ սերունդ է, տեր Աստված, գլխներիս աճում:



Ցած եմ իջնում, կավիճ չկա, պատի տակի մանղալից ածուխի կտոր եմ վերցնում ու քթիս տակ դնդնալով, «Սերս գաղտնի թող մնա» երգը սեւացնում եմ վրան. «Լավ, չե՞ք ամաչում, էսպես մինչեւ ո՞ւր»:



Առավոտյան գործի գնալիս տեսնեմ տակը ուրիշ գրառում էլ կա. «Է, ախպեր, դրանք ամաչե՞ն, դրանք խուլիգաններ են»: Տուն գալիս արդեն լրացում կար. «Չեմ էլ կասկածում, որ էդ Սոնան հենց իր հետ էլ եղել է: Համբերեք, հլա դրա «սերն» էլ կերեւա…»:



Ու գնաց: Հաջորդ օրերին`



«Էդ ողջը ինտերնետն ա մեղավոր»:



««Ֆեյսբուքը», քուր ջան, «Ֆեյսբուքն» ու էն այլանդակ «Ադնակլասնիկը», թաղեմ իրեն, հա, որ մեր տունը չքանդեր, ախպորս տունն էլ` կեսը»:



«Սերիալները, պարոնայք, էն փչացածին չե՞ք հիշում, էն, որ… Ամեն անգամ նայելիս իր փոխարեն ամաչում եմ: Բա ինքը ե՞րբ պիտի ամաչի, թոռներ ունենք, չէ՞, իրենց հետ նայելով խայտառակ եղանք…»:



«Հայրենակիցներ, երկրում օրենք չկա ու ոչ էլ իշխանություն: Երկիրդ երկիր չի: Հարկավոր է դիմել ՄԱԿ-ին՝ մեզ ցուցակից ջնջի»:



«Ընտրություն է պետք, ազատ արդար ու թափանցած մինչեւ վերջ»:



«Ճիշտ է, տեր եղիր քո քվեին: Քվեն ուժ է: Մի խումբ քվեահպարտ ընկերներ»:



«Ուժը ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդ, բոլորս դեպի իշխանություն: Վաղը, ժամը 7-ին` համաշխարհային միտինգ: Պայքար, պայքար, մինչեւ տեսնենք երբ»:



«Եղբայրներ եւ քույրեր, Աստծուն դարձեք:  Տերը սպասում է ձեզ: Զղջացեք, ապաշխարեք եւ աղոթեք (նաեւ մոմ վառեք) ձեր փրկության համար»:



«Այո, հավատանք, որ փոխվենք»:



«Մեր խոսքը գործն է, ձեր գործն էլ ձեր գործն է»:



«Վաճառվում է 3 սենյականոց բնակարան, արեւոտ, 24-ժամյա ջուր եւ կոյուղի, առանց միջնորդ: Ինտիմ չառաջարկել, չսակարկել, արդեն զզվել եմ»…



Ու ըտենց շարունակ, ախպեր ջան: Մի տեսակ տեսարժան վայր էր դարձել պատը: Մեր պատը-էդպես էինք արդեն սիրով անվանում այն: Առաջ էին եկել նույնիսկ պատի ակտիվիստներ: Օպոզիցիա էլ կար: Հայ-հայ արդեն աշխատակազմ էր ձեւավորվում: Հեռուստատեսությունից էլ եկան, նկարեցին էն «Արի, ջհանդամը, ամուսնանանք» հաղորդաշարի համար:



Բայց… Երեկ էդ անհայտ լակոտը շենքի մյուս, մաքուր պատին էր գրել. «Սոնա, ես քեզ շատ եմ սիրում»…



Վլադիմիր Հայրապետյան