Նախընտրական թրատումներ

«Ժառանգության» նախընտրական կլիպում ամենաազնիվը Արմեն Մարտիրոսյանն է: Բոլորն ասում են` գալիս ենք այս ու այս սիրուն բաների համար, եւ միայն նա է խոստովանում, որ գալիս է արժանավայել աշխատավարձի համար:
Նրանք գալիս են
Մի խումբ երիտասարդ ծնողներ դիմել են ՀՌԱՀ-ին, խնդրանքով` պարտավորեցնել հեռուստատեսություններին` «Ժառանգության» կլիպը ցուցադրելուց առաջ նախազգուշացնել իրենց, որպեսզի հասցնեն փոքրիկներին հեռացնել հեռուստաէկրանների մոտից: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը` մենք գալիս ենք անցյալի՜ց, մենք գալի՜ս ենք, սարսափ ֆիլմ է հիշեցնում եւ վախեցնում է երեխաներին` իրենց դիմումի մեջ նշել են նրանք:
Առաջինը՝ առաջ
«Հրապարակը» նկատել էր, որ քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերից շատերն առաջ են գնում իրենց առաջին համարներին առաջ տված: ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանին, ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանին, ՀԱԿ-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, ժառանգաազատդեմոկրատները` Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀԴԿ-ն` Արամ Սարգսյանին: Ամենաշատը, սակայն, ՀՀԿ-ն է առաջ տվել իր առաջնորդին: Վերջինիս ուսերին է ընկած նույնիսկ մեծամասնականով առաջադրված հեղինակությունների քարոզարշավի բեռը` զորօրինակ` Թոխմախի Մհերի:
Մերն ասելով է
ՀՀԿ շտաբի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Վարդան Մամիկոնյանի թրի ներքո: Որպես այդ կողմերում կռված մարդ` միտինգ վարելու իր շնորհքը ցույց կտա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սպասվում է, որ նա կփորձի բանավոր կերպով բարձրացնել ՀՅԴ-ի սահմանած շեմը, այն է` կրկնապատկել ՀՆԱ-ն եւ եռապատկել բյուջեն:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ