Րաֆֆի, «զադնի գեդեր սա՞ն»

Րաֆֆի, «զադնի գեդեր սա՞ն»
«Ժառանգությունն» ալա-բուլա է երեւում: Ինչո՞ւ այդ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին հանկարծ պետք եղավ, որ ընտրությունները վերահսկելու մասին չորսի փաստաթղթի տակ դրվեն դրանց առաջին դեմքերի ստորագրություններ: Շատ էին ուզո՞ւմ` թող էն գլխից Րաֆֆի Հովհաննիսյանին գործուղեին Քաղաքագետների միություն` մասնակցելու քննարկումներին եւ ստորագրելու դրանց արդյունքում ստեղծված փաստաթղթի տակ:



Որքան հասկացանք` Ռուբեն Հակոբյանին դուր չի եկել նաեւ այն, որ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն է մասնակցում այդ ձեռնարկին: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն խոստացել է բավականին մեծ թվով մարդուժ եւ այլ միջոցներ ներդնել ընտրությունների արդարությունը վերահսկելու գործում: Սա, կարծես, պիտի ոգեւորեր «Ժառանգության» ներկայացուցչին, ում կուսակցությունն առանձնապես չի փայլում ռեսուրսներով` թե մարդկային եւ թե ֆինանսական: Հետեւաբար ո՞րն է «Ժառանգության» ցանկությունը` ունենալ ձեւական մի թո՞ւղթ` առաջին դեմքերի ստորագրությամբ, թե՞ գործնական մասնակցություն ունենալ միասնական շտաբի  աշխատանքներին:



Դատելով Ռուբեն Հակոբյանի պահվածքից` կարելի է ասել, որ նա ավելի շատ հակված է գործընթացը տանել դեպի Դավիթ Հարությունյանի առաջարկությունը, այն է` բոլոր 9 մասնակիցներով ստորագրել ընտրությունների վերահսկողության խարտիան, ապա այդ հնարավոր շտաբում զբաղվել իրավիճակի լղոզմամբ: Ի՞նչ արժե, օրինակ, Դավիթ Հարությունյանի առաջարկած այն կետը, որի համաձայն մասնակից կողմերը միմյանց համար գլխացավանք պիտի չստեղծեն փոքրիկ, ընտրությունների ելքի վրա չազդող թերությունների կապակցությամբ: Իսկ ո՞վ պետք է հաշվի` նման թերությունները, գումարվելով, կազդե՞ն ընտրության ելքի վրա, թե՞ չեն ազդի:



Տարօրինակ է նաեւ «Ժառանգության» պահանջը, որ, ի դեմս ՀԱԿ-ի, անպայման Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրի չորսի համաձայնագիրը: Ռուբեն Հակոբյանը մի պատճառաբանություն է բերել, որը, սակայն, հուշում է, որ ավելի լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանը չստորագրի: Նա Զուրաբյանին հիշեցրել է ՀԱԿ առաջնորդի հայտնի քաղաքագիտական վերլուծությունները, որոնք, ինչպես հետո պարզվեց, միայն Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն էին: Ինչո՞վ պարոն Հակոբյանին դուր չի գալիս ՀԱԿ լիազոր ներկայացուցչի ստորագրությունը:



«Ժառանգությունը» նաեւ հաշվի չի առնում այն փաստը, որ ընտրությունների արդարության հարցում իրենից ոչ պակաս շահագրգռված ՀՅԴ-ն այդ փաստաթուղթն արդեն իսկ ստորագրել է առաջին դեմքի` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի մակարդակով: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը կարեւորում է իր խոսքը եւ իր ստորագրած փաստաթուղթը: Թող ուրեմն, առանց ավելորդ քաշքշուկի, ինչպես արտահայտվել է Լեւոն Զուրաբյանը, այդ փաստաթուղթն իրենց առաջին դեմքերի ստորագրությանը տանեն նաեւ մյուսները` այդ թվում նաեւ Ռուբեն Հակոբյանը: Հուսանք` Րաֆֆի Հովհաննիսյանը կաճապարի րոպե առաջ իր կուսակցության ստորագրությունը բարձրացնել առաջին դեմքի մակարդակի, եթե, իհարկե, խանգարող հանգամանքներ չկան:



Քոքոբելյանն օրինակ՝ կարո՞ղ է խանգարող հանգամանք լինել այս գործում: Կարո՞ղ է «Ժառանգության» Թեւան Պողոսյանը լինել այդ խանգարիչը կամ մեկ ուրիշը: Դժնդակ օրեր են, ու ոչինչ բացառել չի կարելի: Եթե «Ժառանգությունը» մտածում է, որ կկարողանա առանց համապատասխան հայտարարության հրաժարվել ընտրությունների արդարությունը վերահսկելու նպատակով ստեղծվելիք շտաբի աշխատանքներին մասնակցելուց, ապա չարաչար սխալվում է: Ավելին ասենք` եթե «Ժառանգությանը» թվում է, թե իրեն կհաջողվի ձեւական մասնակցություն ունենալ այս գործընթացում, դարձյալ սխալվում է: «Ժառանգությանը» չի հաջողվելու նաեւ, նորանոր էպատաժներ անելով, իշխանական լրատվամիջոցների ծաղրի առարկա դարձնել այս ձեռնարկը: Այլապես նա կդիտվի որպես իշխանությունների կցորդ եւ մյուսների կողմից կդադարի ընկալվել որպես ընդդիմադիր ուժ:



Ամփոփելով ասենք, որ ընտրությունների արդարությունը վերահսկելն այսօր ավելի ակտուալ խնդիր է, քան բուն ընտրությունները: Մեզ պատրաստվում են թատրոն ցույց տալ, ինչը ոչ մի պայմանով չի կարելի թույլ տալ: Եվ ոչ մի նշանակություն չունի իշխանական ուժերի այն հավաստիացումը, թե աննախադեպ արդար ընտրություններ ենք ունենալու: Այդպիսի ընտրություններ ունենալու համար գործ պետք է անել եւ ոչ թե ստորագրություն տանել-բերել: Հենց միայն ցուցակներում առկա անճշտություններն այնքան շատ են, որ կարելի է առաջիկա ընտրությունները չկայացած հայտարարել: Այս մասին «Ժառանգաազատդեմոկրատները» լուր ունե՞ն:



Կցանկանայի «Ժառանգության» առաջին դեմք Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել նաեւ հետեւյալը` ես իրեն այս անգամվա համար նախօրոք ներում եմ: Չէի ցանկանա, որ Երեւանի ավագանու ընտրությունների պատմությունը կրկնվի: ՀԱԿ-ի հետ այնքան զադնի-պերեդնի դրեցին, մինչեւ անցորդի բանը հաջողեց:



Էդիկ Անդրեասյան