Կոնկրետ քայլեր են ակնկալում կաթողիկոսից

Կոնկրետ քայլեր են ակնկալում կաթողիկոսից
«Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսեւորված ուշադրությունը եւ նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ: Բնապահպանական խնդիրներն իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի եւ հասարակության շահերով»,- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի արձագանքը բնապահպանական խնդիրներին չի գոհացնում ակտիվիստներին: «Կոնկրետ գործողություններ ենք ակնկալում, ողջունելուց հեշտ բան չկա, Գարեգին Բ, եթե անկեղծ է Ձեր կոչը, օգտագործեք Ձեր ողջ լծակները՝ դարձի բերելու կանաչապիղծ կառավարությանը, դատապարտե՛ք հանքարդյունաբերությունը գովերգող քահանաներին եւ մի՛ օրհնեք Թեղուտի աղետաբեր ծրագիրը… ԱՄՈԹ է»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Մարիամ Սուխուդյանը: Մեկ այլ ակտիվիստ` Ապրես Զոհրաբյանն էլ հետեւյալ միտքն է արտահայտել. «Երեկ «Թռչկանի» կազմակերպած բնապահպանական կոնֆերանսի մասնագետ զեկուցողները ներկայացրին տիրող իրավիճակը, որը շատ հեռու էր բավարար կոչվելուց: Բնապահպանական տարրական նորմերի խախտումով հանքարդյունաբերություն եւ քաղաքաշինություն, անտառների նվազում, գետերի աղտոտում, կենսաբազմազանության վտանգում: Ու այս ֆոնի վրա կաթողիկոսն է պատասխանում բնապահպանների նամակին, որի իմաստն այն է, թե ես այս հարցում մենակ կարող եմ աղոթել, մնացածը պետական լիազոր մարմինների գործն է: Եթե քաղաքի կենտրոնում Լեզվի ինստիտուտը պետք է հողին հավասարեցնել եւ ռեզիդենցիա կառուցել, հույսը մենակ աղոթքը չի, այլ կոնկրետ խոսակցությունը պատկան մարմինների հետ: Մյուս կողմից էլ նախագահն է ասում, թե բնապահպանները մեր դաշնակիցներն են: Ու այստեղ ես հիշեցի մի հին անեկդոտ. եկեղեցուց ջահ են գողանում: Քննիչը գալիս է հետաքննության եւ զրույցի է բռնվում սրբապատկերների հետ, որոնք կենդանություն էին առել: Մեկն ասում է՝ ես Սբ. Պետրոսն եմ, մյուսը՝ Սբ.Պողոսն եմ, Թադեոսն եմ: Ի վերջո քննիչը շփոթված եւ զայրացած գոռում է. «Էս սաղդ սուրբ եք, բա լուստրեն ո՞վ ա տարել»»: