Ինքը հեսա գալու ա և ամբողջ Շիրակը փրկի

- Պարոն Աղաբաբյան, համառորեն լուրեր են պտտվում, որ Ձեր մրցակից Հովհաննես Մարգարյանը պատրաստվում է ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Ի՞նչ խնդիր կա, Դո՞ւք եք ստիպում:
- Ճիշտն ասած, ես էլ եմ լսել, որ հրաժարական է տվել, բայց ստույգ ընդհանրապես տեղյակ չեմ, թերթերից եմ կարդացել: Կամ ես նրա ի՞նչը պետք է ճնշեմ:
- Ինչի՞, Ձեզ մրցակից չե՞ք համարում:
- Մրցակից չեմ համարում, ընդամենը քարոզարշավի մեջ ենք… Շատ իրանից գոհ ելույթներ է ունենում, իբր ինքն ամեն ինչ է, կողքինները՝ ոչ մի բան, ես էլ միշտ ասել եմ՝ ճտերն աշնանն են հաշվում: Իրան թվում է, թե ինքն ամենափրկիչն է:
- Ի՞նչ անենք, թող իրենից գոհ ելույթներ ունենա: Ուզում եք ասել, որ կոռեկտության սահմաննե՞րն է անցել:
- Այո, այո: Կոռեկտության սահմաններից դուրս է եկել, եւ ես նրան հակառակորդ եմ համարում, ոչ թե մրցակից: Զարմանում եմ, որ կոալիցիոն գործընկերը ոնց կարող է իրան ըտենց ոչ վայել, անկիրթ, անդաստիարակ ձեւով պահի: Ինքը մուրաբաներ ա բաժանում, կոնյակներ, հետո ընտրակաշառքից խոսում, ես ոչ մի բան իրանից չեմ կարողանում հասկանամ: Ինքն իրանից վախեցած, ինքն իրանից հրճված, ինքն իրանից չգիտեմ տպավորիչ համոզմունքով, թե ինքը հեսա գալու ա եւ ամբողջ Շիրակի մարզը փրկի:
- Ավելի շատ Ձեր մասին են ասում, որ ընտրակաշառք եք բաժանում:
- Ես ոչ մի բան, որեւիցե քայլ չեմ արել եւ ոչ էլ խոստումներ եմ տալիս, ես ասել եմ էն, ինչ որ արել եմ, եւ ասում եմ էն, ինչ որ պիտի անեմ:
- Ձեր խոսքից տպավորություն կա, որ անհանգստանում եք, թե կպարտվեք, ուստի Մարգարյանի՝ ընտրապայքարից դուրս գալու հարցում շահագրգիռ եք եւ այդ հարցը բարձրացրել եք…
- Ինքը նախ անցած ընտրություններին իմ հավաքած ձայների կեսի չափ է ձայն տարել՝ մոտ 7 հազար, բայց բարձրաձայնում ա, թե 10 հազար ձայն է տարել:
- Իսկ գուցե Ձեր կուսակցության միջոցո՞վ եք փորձում ճնշել կոալիցիոն գործընկերոջը:
- Այ, Աստծո սիրուն, հակառակը՝ ես ուզում եմ, որ ինքը թեկնածությունը չհանի եւ մնա ու մի անգամ էլ ըտենց պարտություն տանի, որ իմանա քարոզարշավի ժամանակ չի կարելի կոալիցիոն արժեքները կորցնել: Ընտրություններից հետո, եթե պիտի նույն ճակատով գնանք, ինքն ընդհանրապես ի՞նչ ճակատով ա նայելու իր ճակատագրին: Իմիջիայլոց, մյուս մրցակիցը՝ էդ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, բավականին լուրջ անձնավորություն է, եւ Հովհաննես Մարգարյանի հետ Գյումրու հեռուստաեթերում բանավեճի ժամանակ լուրջ քննադատեց իշխանությանը, բայց ինքը, լինելով իշխանության մաս, մի հատ պատասխան չկարողացավ տալ: Ես չեմ կարողանում հասկանամ՝ վաբշե ինքն ով ա:
- Պարոն Աղաբաբյան, գաղտնիք չէ, որ մեծամասնական թեկնածուների վրա կուսակցության օգտին ձայների որոշակի տոկոս ապահովելու խնդիր է դրված եւ հատկապես գործարարների, այդ թվում Ձեր վրա: Ձեզ կհաջողվի՞ Շիրակում մեծ տոկոսներ ապահովել, քանի որ, ըստ լուրերի, ԲՀԿ-ի դիրքերն այդտեղ ավելի ամուր են:
- Ես ՀՀԿ-ի հիմնադիրներից եմ, եւ իմ համար առաջինը կուսակցության խնդիրն ա, նոր իմ: ԲՀԿ-ն, անշուշտ, բավականին աշխուժություն ունի այս 4 տարիների ընթացքում, բայց չեմ կարծում այնքան, որ ՀՀԿ-ին հաղթի, համոզված եմ՝ հնարավոր չի դա: Ի վերջո ՀՀԿ-ի դիրքերը շատ հին են: Շատ հին ենք, կոփված ենք, էնքան բաներ ապացուցել ենք մեր ժողովրդին, որ մենք աշխատող ենք, աշխատունակ ենք եւ կարողանում ենք երկրի բալանսը՝ թե բարոյական, թե ֆիզիկական, պահպանել: Իմ կարծիքով, մեր գործը ոչ մի կուսակցություն չի կարող անի, բնականաբար համարում եմ, որ ՀՀԿ-ի հաղթանակը բացառիկ եւ բացարձակ է լինելու:
- Ձեր ընտրատարածքում ինչքա՞ն մեծ ու բացառիկ տոկոսներ եք պատրաստվում ապահովել:
- Դուք հարցը մի քիչ ճիշտ չեք տալիս՝ «մեծ տոկոսներ ապահովել», գործարար բնույթի հարց եք տալիս…Ես համոզված եմ, որ ոչ պակաս, քան 15-20 տոկոս ավել ՀՀԿ-ն բոլոր կուսակցություններից ձայն կհավաքի:
- Պարոն Աղաբաբյան, գոնե մի անգամ անկեղծորեն խոստովանեք՝ Ձեր ինչի՞ն է պետք նորից խորհրդարան գնալը, այն դեպքում, երբ ԱԺ-ում Դուք աչքի չեք ընկել ակտիվ օրենսդրական գործունեությամբ, գուցե ամբողջովին տրվեիք բիզնեսի՞ն:
- Նման հարցերը կուսակցական որոշմամբ են լինում: Իսկ ես կարող եմ միայն ասել, որ ես աչքի չեմ ընկել, որովհետեւ ոչ պերճախոս եմ եւ ոչ էլ սիրում եմ նման բաներ, ես գործնական մարդ եմ եւ պետք է ասեմ, որ ակտիվ խոսողներին էլ չեմ զիջում իմ ինտելեկտով, այնպես որ ես իմ ակտիվությունը ռեալ գործով եմ ապացուցել:
ՀԳ - Երեկ մեզ չհաջողվեց զրուցել ՕԵԿ թեկնածու Հովհաննես Մարգարյանի հետ, նա չէր պատասխանում զանգերին: Իսկ Lragirm.am-ի թղթակցին պրն Մարգարյանը հայտնել էր, որ չի պատրաստվում ինքնաբացարկ հայտնել. «Չի կարելի գրոշներով ապագա վաճառել, ի վերջո, այդ ողորմելի 5-10 հազար դրամով բան դուրս չի գա: Ես գյուղերում քարոզում եմ խղճի մտոք քվեարկել, իսկ եթե չկա արժանի թեկնածու, ավելի լավ է մի հատ խաչ քաշել, կամ ավելի լավ է մի հատ անեծք գրեն-քցեն, գան-հանգիստ քնեն»:
Կարծիքներ