Եթե մենք մեզ չվնասենք...

Հայրենիքի նվիրյալներ միշտ են եղել: Երբ Ալ. Թամանյանը 1924թ. ծանրագույն ժամանակ գալիս էր Հայաստան, նրան հետ պահողներին՝ «ո՞ւր ես գնում, չգիտե՞ս ինչ վիճակ է այնտեղ», պատասխանել է՝ «գիտեմ, դրա համար եմ գնում»: Եկավ ու ահավոր զրկանքների գնով կերտեց իր Երեւանը, մե՛ր Երեւանը: Բայց ինչ է արվում հիմա, մեր անկախ երկրում, նրա երազած արեւային քաղաքի հետ: Անտեսվեցին մեծ ճարտարապետի զգուշացումները՝ Օպերայի շենքի բարձրությունից չանցնել, Կենտրոնում՝ միայն մշակութային օբյեկտներ, քաղաքով մեկ՝ շատրվաններով այգիներ, պուրակներ...
Հեռուստատեսությամբ մի ճարտարապետ, որ երկար բացակայել էր երկրից, իր էսօրվա տեսածը «քաղաքաշինական վանդալիզմ» որակեց: Ոչինչ հաշվի չի առնվում՝ ոչ սեյսմավտանգ գոտում գտնվելը, ոչ բնապահպանական, ոչ էսթետիկական հարցերը: Քաղաքում, մասնավորապես Կենտրոնում, հառնեցին անդեմ, անկյանք, իրար կպած բազմահարկ շենքերի զանգվածներ, բազմաթիվ շենքերի տանիքներին բուսնեցին տարբեր ձեւի ու չափի մանսարդային շինություններ, ոչնչացվեց Մոնումենտի անտառը, փոխարենը բետոնե անտառ է խոյանում, շարունակվում է քաղաքի գունավորումը՝ անճաշակ, ճչան գույներով...
Անկախությունն ամենաթողություն չէ՛: Ինչո՞ւ է վատը թույլատրվում, բայց մերժվում, օրինակ, Արտո Չաքմակչյանի քանդակը Երեւանում կանգնեցնելը, կամ երկու երիտասարդ, մայրաքաղաքում բիզնես դնելու համար, գերհզոր հեռադիտակների յուրօրինակ նախագիծ էին պատրաստել, եւ մերժվեց: Նույն ճարտարապետը նաեւ ասաց. «Սա արվում է կամ տգիտությունից, կամ կանխամտածված»: Դե ինչ, ստացվում է, որ Չարի ձեռքին գործիք ենք դարձել (հոկտեմբերի 27-ի թշվառ մարդասպանն ինքն էլ չիմացավ ում կամքը կատարեց), մեր տունը քանդում են մեր իսկ ձեռքերով: Առաջին թիրախներից է, իհարկե, բնությունը: Առաջնորդվելով «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով, անխնա փորվում է ընդերքը, հատվում են սակավաթիվ անտառները, «ձեռի հետ» ոչնչանում կենդանիներ, հարուստ, եզակի բուսականություն: Պատերազմ է հայտարարվել գայլերին՝ գյուղերն են մտնում, ոչխար ուտում: Եղբայր, նրա տարածքն էլ ես գրավել, բա ո՞ւր գնան, ի՞նչ ուտեն: Հակառակ բնապահպանների ահազանգերին եւ առաջնահերթությունների տրամաբանությանը, կառուցվեց Դելֆինարիում (խե՜ղճ դելֆիններ), իսկ վերանորոգման սպասող թվով երեք հարյուր դպրոցներից գեթ մեկի համար փող չի գտնվում: Սեւանի տառապանքները կարծես չունեն վերջ...
Սեր չկա. սա է խնդիրը: Չենք սիրում Երեւանը, բնությունը, չենք սիրում մարդկանց, այլապես անկախությունը մեծ ցնծությամբ ողջունած տասնյակ հազարավոր մարդիկ՝ հուսախաբ, չէին հեռանա օտար ափեր: Դժվար է անգամ գրելը. մի տարվա մեջ 165 ինքնասպանություն, մեծ մասը՝ թոշակառուներ, մեծ մասը՝ կախվելով, մնացածը՝ բարձրությունից ցած նետվելով: Ահավոր է, երբ դա անում են տարեցները: Մի քանի օր առաջ հաղորդեցին չորս նոր դեպքի մասին. մի՛ օրվա մեջ, եւ էլի՛ տարիքով մարդիկ: Իսկ մենք՝ անտարբեր, անվրդով, կարծես սա մեզ չի վերաբերում:
Էլ ի՞նչ ենք հպարտանում մեր 2000-ամյա քրիստոնեությամբ, եթե մոռացված են պատվիրանները, եթե անհաղորդ ենք մարդկային ցավին: Տարիների հեռվից շա՜տ աղոտ հիշում եմ մի մուլտֆիլմ. անտարբերության մեջ կարծես մեռած քաղաքը վերակենդանանում է ջութակի դյութիչ հնչյուններից: Ե՞րբ են մեր կարծրացած սրտերը փափկելու՝ զգալու ուրիշի ցավը, լսելու կացնահարվող ծառի հառաչը, ընդվզելու անարդարության ու տգիտության դեմ:
Անկախության 20 տարիներն ինքնաճանաչման փորձաշրջան համարենք, որից գոնե եզրակացություններ անենք, դասեր քաղենք: Մեր մեջ փնտրենք մեր բոլոր ձախողումների պատճառը, փակուղում հայտնվել ենք ոչ ուրիշի մեղքով. ինչո՞ւ չենք ապրում ազնիվ, մաքուր, աստվածահաճո կյանքով, երկու հազարամյակ հետո՞ էլ չիմացանք ճիշտ ապրելու բանաձեւը: Մարդը մի՛շտ է սխալվելու: Սխալվեց հենց առաջին մարդը՝ Ադամը, երբ հեռացավ Աստծուց: Մարդկության ողջ պատմությունը վկայում է մարդու սխալների ու դրանց կործանարար հետեւանքների մասին: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ միայն Աստծո հետ հաղորդակցվելով՝ մտքով ու սրտով, կարող ենք տարբերել Չարն ու Բարին, Ճիշտն ու Սխալը, միայն մեր կամքն Աստծո կամքի հետ միացնելով՝ կարող ենք որակապես փոխել մեր կյանքը:
Ինչքան ենք լսում` «աշխա՛րհը թող տեսնի, աշխա՛րհը թող իմանա...»: Աշխարհ զարմացնելու մանկամիտ միտում կա՝ սկսած Արագածի շուրջ պար բռնելուց, հիմա էլ` Նոյյան տապան կառուցելով: Ապրենք ինքնուրույն, արժանապատիվ կյանքով, կախված չլինելով որեւէ մեկի բարեհաճությունից, ստիպված չլինենք մեկին սիրաշահել, մյուսին՝ մեղադրել, երրորդից սպասումներ ունենալ ու հետո հուսախաբվել կամ ոգեւորվել: Չվախենանք ոչ մեկից: Խաղաղ կառուցենք մեր երկիրը՝ ապրելով ըստ Աստծո Օրենքի, Նրա Ճշմարտության մեջ, ու Աստծո շնորհները կիջնեն մեզ վրա... Այնժամ կհայտնվենք Նոյյան տապանում՝ ապահով, իրոք ազատ ու անկախ: Պարզապես լինենք էն, ինչ ինքներս մեզ կոչում ենք՝ քրիստոնյա:
«Իսկ ով լսում է իմ խոսքերը եւ դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա, անձրեւները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին ու զարկեցին տանը, եւ սա ընկավ. եւ սրա կործանումը շատ մեծ եղավ»:
Արփի Ինճիկյան
Կարծիքներ