Ընդդեմ ապօրինության

Ընդդեմ ապօրինության

ՀՀ բոլոր հասարակական կազմակերպություններին



 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին



 և բոլոր իրավասու մարմիններին



 ԲԱՑ ՆԱՄԱԿ - ԿՈՉ



 



Մենք` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս արդեն մի քանի օր է ոտքի ենք ելել և պահանջում ենք օրենքի գերակայություն: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողներիս մեծաքանակ բողոքը մինչ օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից: Մենք համարում ենք և համոզված ենք, որ խախտվել են մեր` ուսանողներիս իրավունքները, կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Անընդունելի փաստ և հանգամանք է նաև, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` քաղաքականացված խամաճիկ Հասմիկ Ափյանի գլխավորությամբ և ընդամենը 20 հոգանոց անփոփոխ ու “մշտակտիվ” խմբակով խոչընդոտում է մեր բողոքի ակցիաներին: Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը ՀՀ բուհերում: Սա արդեն մենք դիտարկում ենք որպես իրենց իրավասությունների չարաշահում:



Մենք` ԵՊԼՀ մոտ 600 ուսանողներս, ամեն օր երթով շարժվում ենք դեպի ՀՀ կառավարություն և կրթության ու գիտության նախարարություն` օրինական պարզաբանումներ պահանջելով նախարարի ապօրինի որոշումների համար: Սակայն, մեզ` անկախ ու անկուսակցական ուսանողներիս, նախարարը նույնիսկ չի հանդիպում` համարելով ապրիլի 19-ին ԵՊԼՀ-ում ուսանողների հետ «չկայացած» և «ձևական» հանդիպումով իր առաքելությունն ավարտված: Ավելին, վերոնշյալ հանդիպումը տապալվեց, որովհետև հենց մեզ` ուսանողներիս վրա միտումնավոր ճնշում գործադրվեց» մեր ընկերոջն անհիմն կերպով տարան ոստիկանություն: Իսկ հուսահատ նախարարը` միայնակ մնալով իր կուսակցական անսկզբունք “ընկերների” հետ (ովքեր վաղը-մյուս օրը նույն հաջողությամբ կարող են արագ կերպով տեղափոխվել այլ կուսակցություն), շարունակեց իր անգիր արված պատասխանները, իսկ մենք գնացինք ոստիկանություն` մեր ընկերոջն ազատելու և ևս մեկ անգամ օրենքի գերակայություն պահանջելու:



Սակայն այսքանով խախտումները չսահմանափակվեցին. նոր պաշտոնակատար` Գայանե Գասպարյանը, ով նշանակվելուն պես փորձում է ներքին կարգով ճնշում գործադրել մեզ վրա, չարաշահելով իր լիազորությունները և գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը՝ հրահանգել է անորոշ ժամանակով հետաձգել գիտական խորհրդի արտահերթ նիստը:



Նա նաև լրատվամիջոցներում նաև հայտարարել է. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին դա ուսանողություն չի, եթե նրանք դասադուլ են հայտարարում, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:



Այս հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջացրել ոչ միայն մեր համալսարանի ուսանողության շրջանում, այլ նաև ներպետական և միջազգային մասշտաբով: Եթե պրոֆեսորը ուսանողությունը տարանջատում է և նրանց իրավունքները ոտնահարելու քայլերի դիմում` ինչեր ասես կարելի է սպասել նրա պաշտոնավարման ժամանակահատվածից, պատկերացնու՞մ եք:



Ելնելով այս իրավիճակից` մենք համախմբվել և ստեղծել ենք «Ազատ ուսանողների ֆորում», որն իր առջև խնդիր է դրել վերականգնել արդարությունը: Կոչ ենք անում բոլորիդ բարձրաձայնել այս խնդիրը նաև Ձեր իրավասության տակ գտնվող ատյաններում, ինչպես նաև շեշտել, որ այս ամենն իրենց ուժերով և նախաձեռնությամբ, համախմբված և իրենց իրավունքների պաշտպանությանը տեղյակ և հասուն ոսանողների քայլեր են:



Այս պահին մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնել և հասարակության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում խախտվել են բազմաթիվ օրենքներ, որոնց կառավարությունը ուշադրություն չի դարձնում, անտեսում է իր երկրի ապագան ստեղծող և ձևավորող նոր սերունդի ձայնը:



Այս բաց նամակով «Ազատ ուսանողների ֆորումը» խնդրում է բոլոր պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը: Ամեն ժամ շարունակվում են ոտնահարվել մեր իրավունքները` որպես ուսանող, որպես ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի:



Ազատ ուսանողների ֆորում