Նոր Ազգային Ժողովում մեծամասնություն կկազմի «ոչ մեկին»-ը

Նոր Ազգային Ժողովում մեծամասնություն կկազմի «ոչ մեկին»-ը
Անցյալ ամռանը, երբ մեր քաղաքացիներին հարցնում էինք. «Եթե այս կիրակի լինեին Ազգային ժողովի ընտրությունները, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք», հիմնականում խուսափողական ու անորոշ պատասխաններ էին տալիս՝ դեռ չեմ որոշել որ մեկին, ընտրության չեմ գնալու, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում եւ այլն: Գրեթե նույն պատկերն էր նաեւ աշնանը կատարած հարցումների արդյունքում: Այն ժամանակ ինչ-որ տեղ ենթադրելի էին նման պատասխանները, քանի որ հեռու էին ԱԺ ընտրությունները, մարդիկ դեռ չէին լսել քաղաքական գործիչներին, ծանոթ չէին նրանց ծրագրեին եւ հստակ չէին կողմնորոշվել: Բայց որ համարյա նույն պատկերն է ընտրություններից 9 օր առաջ՝ նախընտրական քարոզարշավի բուռն շրջանում, պարզապես զարմանալի է: Նախընտրական անորոշությունը հիասթափությա՞ն հետեւանք է, քաղաքական անտարբերությա՞ն, այն մտայնության, թե անկախ իրենց մասնակցությունից՝ լինելու է այն, ինչ որոշե՞լ են:



Մենք փորձեցինք զրուցել միանգամայն պատահական մարդկանց հետ եւ շատ տարբեր վայրերում: Ներկայացնենք մի քանի պատասխան. «Ստիպված ՀՀԿ-ին եմ ընտրելու, քանի որ մանկապարտեզում եմ աշխատում»: «Էս անգամ ոչ մեկին էլ չեմ ընտրելու, ում ընտրեցինք՝ գնաց մորքուր դարձավ: Քանի անգամ «Օրինաց» եմ ընտրել, տեսանք, թե ինչ արեց»: «Գնալու եմ այնպես քվեարկեմ, որ անվավեր համարվի»: «Ոչ մեկի մեջ գոնե մի լուսավոր բան չեմ տեսնում, որ գնամ-ընտրեմ»: Հարցումներ անցկացվել են եւ գյուղական վայրում, եւ մայրաքաղաքում: Հարցվողների ամենամեծ տոկոսը կազմել է «ոչ մեկին» պատասխանը: Երկրորդ տեղում է «չեմ որոշել»-ը: Կուսակցություններից, որոնց նախընտրում են ձայն տալ մայիսի 6-ին, առաջին հավակնորդը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, երկրորդը՝ Հայ ազգային կոնգրեսը, իսկ դրանց արանքում, այսինքն՝ ՀՅԴ-ից քիչ, ՀԱԿ-ից շատ ձայն էր հավաքել «գնալու եմ այնպես քվեարկեմ, որ անվավեր լինի» պատասխանը: Իսկ հետո «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են: Ի դեպ, ոչ ոք չէր ասում՝ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ», պարզապես՝ «Ժառանգություն» եւ վերջ:



Հարցում  անցկացրինք նաեւ Մաշտոցի պուրակում, որտեղ, ինչպես միշտ, հավաքվում են այգու կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստները: Այստեղ ամենամեծ տոկոսը կազմեց «ոչ մեկին» պատասխանը, որից քիչ պակաս ձայն հավաքեց «Ժառանգությունը», սակայն շատ ավելի ձայն, քան այգուց դուրս ընդհանուր հարցվողների մեջ էր հավաքել: Այս վերաբերմունքն անշուշտ հետեւանք էր այն բանի, որ «Ժառանգության» պատգամավորները պարբերաբար աջակցել են ակտիվիստներին: Այգում մեկ ձայն հավաքեց Դաշնակցությունը, մեկ ձայն էլ՝ «Բարգավաճը»:



Տարօրինակն այն է, որ միշտ էլ ընտրություններից օրեր առաջ այս անորոշ ու հուսալքված պատկերն է, սակայն ընտրության օրը գնում եւ քվեարկում են հատկապես իշխանություն կազմող կուսակցությունների օգտին, իսկ հաջորդ օրվանից սկսում դժգոհել կատարած ընտրությունից:



Ֆելիքս Եղիազարյան