Նույնիսկ պատերազմի իմ ընկերները չեն գալիս շտաբ
- Ձեր ընտրատարածքում առաջադրված երկու թեկնածուներն էլ վստահեցնում էին, որ այնտեղ ոչ ճնշումներ են գործադրվում, ոչ ընտրակաշառք է բաժանվում: Դուք ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական մթնոլորտը:
- Ես հիմնականում զբաղվում եմ իմ քարոզարշավով, բայց, իհարկե, խոսակցություններ լսում եմ, որտեղ մարդկանց փորձում են ահաբեկել, փող խոստանալ, բայց ընդհանուր մթնոլորտը նորմալ է. գյուղերում, որտեղ հանդիպումներ եմ ունենում, սկզբից չճանաչելով ինձ՝ վերջում 180 աստիճանով կարծիք են փոխում: Ասեկոսեներ շատ են հասնում ականջիս, բայց ես բանի տեղ չեմ դնում: Օրինակ ասում են, թե ես գումար եմ վերցրել չգիտես ումից եւ պայքարի վերջում հանելու եմ թեկնածությունս, ինչն ուղղակի ծիծաղելի է: Ինչեւէ, իմ շտաբի աշխատանքները նորմալ իրականացնում ենք, ոչ ոք չի խանգարել, բայց զգացվում է իշխանությունների շունչը, օրինակ ոստիկանության, ԱԱԾ-ի, քաղաքապետարանի, նույնիսկ ՀԱԷԿ-ի ղեկավարության կողմից են ճնշումներ լինում իմ էլեկտորատի վրա: Նույնիսկ պատերազմի իմ ընկերները չեն գալիս շտաբ, զանգում-ասում են՝ մենք քեզ հետ ենք:
- Վախի մթնոլորտը Հրանտ Գրիգորյանի շրջապա՞տն է ստեղծել:
- Չեմ կարող ասել: Եթե ասեկոսեներ կան, որ Անտոնյան Էդվարդին սատարում է գեներալ… Այսինքն ես չգիտեմ որ մեկի կողմից է: Ի դեպ, ուշագրավ մի բան. Էդիկ Անտոնյանն իմ ընկերն է եղել, քարոզարշավի ժամանակ ես նույնիսկ իր գյուղում կոչ եմ արել քվեարկել իր օգտին, սակայն պետք է ասեմ, որ իր առաջադրումն ինձ եւ համոզված եմ՝ շատերի համար շատ անսպասելի էր: Վերջին 10 տարում ինքը տանն է եղել եւ չի պայքարել, եւ չգիտեմ այսօր որ դաշտում է պայքարում: Ես մտածում էի, որ իմ ընկերն է եւ գոնե ինձ ճիշտը կասի:
- Դուք նրան մրցակից չե՞ք համարում:
- Ես ինձ մրցակից եմ համարում միայն Հրանտ Գրիգորյանի ռեսուրսները:
- Կարծում եք պատգամավոր դառնալու համար կամ պետք է ՀՀԿ-ից լինել, կամ ՀԱԿ-ի՞ց: Դուք կարծես ավելի շատ քննադատում եք Անտոնյանին եւ ոչ թե գործող պատգամավորին:
- Պարզապես ուզում էի ասել, որ նա քաղաքական դաշտում չի եղել: Ես, որպես ընկեր, չեմ հասկանում իր առաջադրվելու փաստը, դա է խնդիրը, ավելին՝ ավելի լավ է ինքը հաղթի, քան ՀՀԿ-ի թեկնածուն, բայց մեկ է՝ ես եմ հաղթելու:
- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել Ձեր ասած վախի մթնոլորտի, վարչական ռեսուրսների դեմ:
- Իմը գաղափարների կռիվ է: Ես պատրաստ եմ նույնիսկ իմ մրցակիցների հետ քաղաքական դեբատների գնալ: Ես նորմալ ընտրարշավ եմ տանում, մարդկանց չեմ գնում դաշտերում տեսնում, բայց իրիկվա ժամերին գնում եմ, երբ գյուղացին տնից հոգնած գալիս է: Տեղեր կան, քիչ է մարդ գալիս՝ 5-10 հոգի, բայց բոլոր գյուղերում ինձ լսել են: Մի գյուղում չեն լսել, մարզպետի Այգեշատ գյուղում, որովհետեւ մարդ չէր եկել: Ես խորհուրդ կտամ մյուս երկու թեկնածուներն էլ (գիտեմ, որ Էդիկը հանդիպում ա) հանդիպեին ժողովրդի հետ: Հատկապես Հրանտ Գրիգորյանը, ես իրա գյուղն եմ այցելել եւ տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը: Ճիշտ կանի իր գյուղում հանդիպի ժողովրդի հետ, եւ առհասարակ, որտեղ գնում եմ՝ ՀՀԿ-ի այդ 12 տոկոսանոց ռեյտինգն օր օրի նվազում է, վախենում եմ զրո դառնա ամսի 6-ին:
- Դուք ինչո՞ւ եք վախենում, դա Ձեր օգտին է միայն:
- Միայն արդար ընտրությունների դեպքում ես կհաղթեմ: Հենց միայն ընտրացուցակների փաստը դա չի հուսադրում:
Կարծիքներ