Հայկական «սուպերկլասիկոն»

Հայկական  «սուպերկլասիկոն»
Կիրակի օրը կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ «Շիրակ»-«Իմպուլս»  հանդիպումը։  Հանդիպմանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։







Թեև գավաթի եզրափակիչ էր և Եվրոպայի  լիգայում հանդես գալու ուղեգիր էր վիճարկվում, այնուամենայնիվ հանդիսատեսներն ականատեսը դարձան՝ արդեն ավանդական դարձած ձանձրալի և խոտաններով լի խաղի։ Սպորտային տեսակետից բացարձակապես սնանկ այդ մրցավեճը ոչ մի խաղային էլեմենտ չէր պարունակում և բացի գնդակից ու դարպասններից չկար մի այլ պարագա, որ պաշտոնական հանդիպում հիշեցներ։ Գյումրեցիների 1:0  հաղթանակով ավարտված ողջ խաղի ընթացքում թիմերից որևէ մեկին չհաջողվեց կազմակերպել  անգամ մեկ հակագրոհ, կամ փոխանցումների շարքից կազմված խաղային կոմբինացիա, ինչը խոսում է  մարզիչների անտարբեր վերաբերմունքի, կամ վերջիններիս՝ ժամանակակից ֆուտբոլի պարամետրերին անծանոթ լինելու մասին։ Նման ֆուտբոլ,ինչպիսին խաղացինԳյումրիում 2012 թվականի ապրիլի 29-ին,Եվրոպայում խաղացել են 19-րդ դարի վերջերին:



Հանդիպում սպասարկում էր իտալացի մրցավար, որին բավական զարմացրեց  «Շիրակի» խաղացողի անտեղյակությունը խաղի տարրական կանոններին՝ վերջինս կարմիր քարտ ստանալուց հետո  ուղղակի դուրս էր եկել խաղադաշտից և փորձում էր նայել հանդիպման ավարտը, հանդերձարան հեռանալու փոխարեն՝ ֆուտբոլի կանոնների համաձայն։



Մի խոսքով հանրապետության նախագահն անձամբ համոզվեց, որ զուր  և ամենևին էլ չափազանցված  չէ պնդումը, թե Հայաստանի ակումբային ֆուտբոլը համարվում է Եվրոպայի վատագույններից մեկը։



Կարեն Սիմոնյան