Ադրբեջանցիները քարկոծում են, եվրոպացիները` պարգեւատրում

Ադրբեջանցիները քարկոծում են, եվրոպացիները` պարգեւատրում
Եւս մեկ լրագրող, ով բազմիցս հետապնդվել եւ հալածվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, արժանանալու է հեղինակավոր միջազգային մրցանակի: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, իրավապաշտպան Մալախաթ Նասիբովային պարգեւատրվելու է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շվեդական մասնաճյուղի կողմից սահմանված «Տպագրության ազատության արժեքը» մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Տպագրության ազատության միջազգային օրը` մայիսի 3-ին, Սթոքհոլմում: Նշենք, որ Մալախաթ Նասիբովան եւ նրա ամուսինը ձերբակալվել են, ներգրավվել են քրեական գործերում:



Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը եւս վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մրցանակի է արժանացել` տպագրության ազատության մեջ ունեցած ներդրումի համար: Հիշեցնենք, որ Ֆաթուլլաեւը բազմիցս հետապնդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից` ճշմարիտ տեղեկատվություն հրապարակելու պատճառով: Ընդդիմադիր լրագրողը այն եզակի ադրբեջանցիներից է, ով համարձակվել է հրապարակային խոսել Խոջալուում տեղի ունեցած սպանությունների մեջ ադրբեջանական կողմի մեղավորության մասին: Բաքվի քարոզչամեքենան փորձում է աշխարհին համոզել, թե հայերը ցեղասպանության են ենթարկել Խոջալուի խաղաղ բնակչությանը, իսկ Ֆաթուլլաեւը գրել է, որ ադրբեջանական զինված ուժերի մեղքով են նաեւ մահացել խաղաղ բնակիչները: Համարձակությունն անպատիժ չմնաց: Ֆաթուլլաեւը, ում աշխատանքը բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից, երկու անգամ դատապարտվել է հայրենիքում: