Չգիտես լաս, թե խնդաս

Չգիտես լաս, թե խնդաս
Ազատ եւ արդար ընտրությունների պատրաստվող իշխանական կոալիցիայի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, արդեն սկսել են ակտիվորեն ընտրակաշառք բաժանել: Ընդ որում, այդ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ զավեշտալի վիճակներով:



 



Մասնավորապես, Մասիսում ՀՀԿ եւ ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները, համեմատել են իրենց ցուցակները, որոնցով պետք է ընտրակաշառք բաժանեն եւ պարզել են, որ բազմաթիվ անուն-ազգանուններ համընկնում են: Այսինքն, մարդիկ պատրաստակամություն են հայտնել իրենց ձայնը վաճառել եւ ՀՀԿ-ին, եւ ԲՀԿ-ին եւ երկու տեղից էլ գումար ստանալ: Պարզվել է, որ եթե երկու կուսակցությունների կազմած ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը գումարես, ապա ավելի մեծ թիվ է ստացվում, քան ընտրատարածքի ընտրողներինը: Մեկ այլ զավեշտալի դեպք էլ տեղի է ունեցել Մասիսի գյուղերից մեկում. այն մարդը, ում գումար է տրվել ընտրակաշառք բաժանելու համար, այդ գիշեր գումարը տանուլ է տվել երեւանյան կազինոներից մեկում, եւ հիմա չգիտեն, թե նրա հետ ինչպես վարվեն: Նա սեփական գումար չունի հետ վերադարձնելու համար, իսկ առանց գումարի ընտրողները հաստատ չեն քվեարկի: Չնայած նախընտրական շրջանի մեկնարկից առաջ նշվում էր, որ ընտրակաշառքի չափը կարող է հասնել 20 հազար դրամի, սակայն ներկա պահին այդ թիվը չի գերազանցում 10 հազարը: Բացի դա, 2-3 հազար դրամ ստանում են ընտրակաշառք բաժանողները: Ընդունված է համարել, որ գումարի եւս 30 տոկոսը կարող է կորչել, այսինքն՝ գնված ընտրողների 30 տոկոսը կարող է չպահել իր խոսքը եւ քվեարկել այլ կուսակցության օգտին: