Ծառերը փրկվեցին

Ծառերը փրկվեցին
Նախորդ շաբաթ մենք անդրադարձել էինք Թամանյան 6-8 շենքերի միջեւ գտնվող փոքրիկ այգու անմխիթար վիճակին, որտեղ 4-5 ծառն արդեն մեկուկես տարի է՝ հայտնվել են օդում: Գրել էինք, որ այգին այդ տեսքին էր հասցրել հարեւանությամբ գտնվող «Դելտա կլինիկ» վերականգնողական կենտրոնի տնօրենը՝ իբր ջրամեկուսացման աշխատանքներ կատարելու համար: Սակայն հարեւանները պնդում էին, որ կենտրոնի տնօրենը՝ Մարիամ Վահանյանը եւ որդին այգին քանդել են կառուցապատելու եւ իրենց կլինիկան ընդարձակելու նպատակով:



Քաղաքապետարանը շատ արագ արձագանքեց մեր հրապարակումներին՝ հաստատելով, որ տիկնոջ գործողությունները, կապված այգու հետ, անօրինական են, եւ նա կպատժվի այդ ապօրինի գործողությունների համար: Երեկ մենք նկատեցինք, որ այգում արդեն բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Օդում հայտնված եւ հենակներով պահվող ծառերի շուրջ պատնեշներ էին կառուցվել, մասամբ հող էր լցվել: Այգում աշխատող բանվորներից տեղեկացանք, որ մի քանի բեռնատար սեւահող արդեն լցվել է ծառերի շուրջ, ու առաջիկայում եւս կշարունակվեն բարեկարգման աշխատանքները:



Ասացին նաեւ, որ այդ աշխատանքն իրենց հանձնարարել են կենտրոնի տնօրենն ու նրա որդին, ինչը շատ զարմանալի էր, քանի որ քաղաքապետարանից մեզ վստահեցրել էին, որ դա նրանց ֆունկցիան չէ: Կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներն իրականացվում են կոնկրետ ծրագրով՝ «Կենտրոն կանաչապատման» կողմից: Բայց, փաստորեն, քաղաքապետարանը կամ ավելի կոնկրետ՝ Կենտրոն թաղապետարանն իր գործառույթն այնուամենայնիվ թողել է մասնավոր անձանց վրա: Ինչեւէ, այս դեպքում այդքան էլ կարեւոր չէ, թե ով կբարեկարգի այգին, կարեւորը արդյունքն է եւ արդեն հողում հայտնված ծառերի ճակատագիրը: Ուրախացնող է նաեւ, որ մեր աշխատանքը տալիս է իր պտուղները: