Պերեխվատ

Պերեխվատ
«Ավետյաց երկիր» անունը կրող ոսկու շուկայի աստիճանների վրա պերեխվատչիկներ են նստում: Նրանք թռչելու հետ սեր չունեն: Նրանց սերը գետնի վրա է, իսկ աէրոդրոմը` գրպաններում, որտեղ վիթխարի քանակությամբ դրամ ու դոլար են վայրէջք կատարում: Մանկուց պերեխվատչիկներին երկնքում էի փնտրել: Մինչդեռ հասուն տարիքում ես նրանց գտա ոտքերիս տակ` աստիճաններին՝ երամով թառած սանդղակներին, այն էլ այնպիսի բազմությամբ, որ գրեթե անհնար էր նրանց միջով տեղաշարժվելը:Չգիտեմ՝ երկնքում նրանք ինչ էին արել, բայց այն, ինչ անում էին գետնի վրա, արդեն իսկ հայտնի է ոսկին դրամի հետ փոխած յուրաքանչյուր թշվառականի: Նրանք մի անուն էլ ունեին` լոմավիկ, բայց հանրությանն ավելի շատ հայտնի էին որպես կործանիչ: Էդ գործում կարեւորը կլիենտին ու մուտքին մոտ լինելն էր: Որ հնարավորինս ապրանքը շուտ հափշտակեին: Նրանց սանդղակավոր, ոլորվող տեղանքը ես հսկում էի հեռվից հեռու` արծաթեղենի սեղանի հետեւից: Քսան տարի է՝ ես էդ գործի վրա եմ: Իմ առեւտրին վերջ չկա. մեռնեմ էլ՝ դագաղս բուտիկ եմ դարձնելու, որ միջից արծաթ ծախեմ:



Առեւտուր ինձ կյանքը պարտադրեց ու դարձրեց անմահ չարչի այնպես, ինչպես ոսկու շուկայի աստիճանների վրա ծվարած բազեները դարձան կործանիչ: Նրանց հիմնական զենքը կշեռքն էր, հաշվիչն ու խղճի, ամոթի կատարյալ բացակայությունը:



- Ոսկի, բռլյանտ առնեմ... Թանգով ոսկի, բռլյանտ առնեմ...,- կանչում էր լպստած բիզ-բիզ մազերով գլուխը լղոզած, վազվզուն աչքերով հաճկատար տղան:



Իսկապես, ոսկու գրամը բոլորը 30 դոլարով էին ընդունում, նա` 35: Դրանից լավ հնարավորությո՞ւն... Մոլոր քայլերով շուկան տնտղող պառավը, որ մեկ ժամ շարունակ հայացքն այս ու այն կողմ էր հածում, հաճույքով կուլ տվեց խայծը:



- Քանի՞ գրամ է, գրամը գիտե՞ս,- պարզագույն ստուգողական այս հարցը պարտադիր էր բոլոր պերեխվատչիկների համար:



Պառավը շփոթված՝ ուսերը վեր քաշեց: Նրա ուզածն էլ հենց դա էր: Կործանիչն ազատ անկումով սուրացող ուրուրի պես նետվեց զոհի վրա: Կշեռքը գործում էր չորս կշռային ռեժիմով: Տղան աննկատ կշեռքը հանեց նորմալ ռեժիմից ու մատը դրեց «dwt» կոճակին: Շուկայական լեզվով դա նշանակում է «դիվիդի անել»... Դիվիդի... երբ եղանակը կտրուկ փոխվում է, ասենք թե՝ շալախոյից անցում է կատարվում ռեքվիեմի: Պառավին ռեքվիեմը կսազեր, թե չէ շալախոն նրա ի՞նչ խելքի բանն էր, մանավանդ որ ապրում, բայց չէր զգում ողբերգության վերահաս գալուստը:



Եթե գրամով նրա ոսկյա մատանին կշռում էր 8 գրամ, ապա դիվիդիով այն կշռեց 5 գրամ: Պառավի ստուգիչ սեւեռուն աչքերը բաց չէին թողնում կշեռքի ցուցանակը: Հա, էլի... ուղիղ 5 գրամ... Գործը հասավ հաշվիչին, որի ստեղների վրա ոչ թե հաշվվում, այլ վիրտուոզ կատարմամբ նվագվում է վերջնահաշվարկը` 175 դոլար: Դա այն դեպքում, երբ իրական 8 գրամը 35 դոլարով հաշվարկված` պիտի լիներ 280 դոլար: Տղան առանց աչք թարթելու, ջոմարդ-ջոմարդ, պառավի ալեկոծ, դողդոջ ափին է հանձնում 175 դոլարը: Բա խի՞ղճը, ամո՞թը... Խիղճն ու ամոթն ի՞նչ անեին, երբ նրանք ո՛չ խիղճ ունեին եւ ո՛չ էլ ամոթ... Նրանց հոգին մի այլ տեղ էր` խաղատներում, ռեստորաններում, սաունաներում ու գիշերային ակումբներում:



Երեկ գնացել էին, էսօր պատմում էին: Նա նրանցից մեկն էր, ինքը՝ իրենցից չորսը: Գնացել էին Արտաշնոց: Մի խուց էին վարձել ու ներսից կողպել: Սեղանի վրա արաղ կար, քյաբաբ, խաշլամա, խորոված: Սեղանի տակ՝ մեն-մենակ էդ քածը: Հերթով չորեքթաթ մոտենում էր իրենց, գլուխը մտցնում ոտքերի արանքը, կոճակները քանդում ու մուշ-մուշ քաշում` նորածնի անմեղությամբ ու ավելի քան վարպետությամբ: Ափն ընկած ձկան պես թպրտում էին, շնչակտուր լինում, ապա՝ ասես հոգեվարքում, օդը թափով ներս քաշում, ծառս լինում ու խաղից դուրս թռչում: Մեկը չորսի դեմ էր, չորսը՝ մեկի հետ: Ապա էդ մեկը սեղանի տակից դուրս էր գալիս ու սեղանի վրա տեսնում իր ավերածությունները: Չորսն էլ ոնց որ ռինգում. գույնները պատի ծեփ՝ փլվել էին այս ու այն կողմ: Ո՛չ դատավոր կար, ո՛չ մարտավկա եւ ո՛չ էլ հանդիսատես: Դրության տերը էդ քածն էր, իր տաք շունչն ու մեղք շուրթերը, հանուն որոնց հոգի էին տալիս աթոռին տապալված էդ չորս ջահելները:



- Սա էլ է արվեստ, է՜... Իսկական արվեստ,- հպարտանում էր էդ քածը,- դուք կարծում եք ամեն մեկը կարո՞ղ է իմ պես երջանկացնել... Թե՞ իմանում եք երջանկությունը Նազենին ա ու ամեն երեկո տելեվիզրով ցույց տված իր երջանկության մեխանիկան... Ահա թե ով ա իսկական մեխանիկը...,- խոյահարության պատրաստ իր կրծքերն էր դեմ տալիս էդ քածը:



Էդպես էր: Իսկական արվեստագետները մնացել էին սեղանների տակ, մինչդեռ անարժանները դուրս էին ելել ջրի երես: Որտեղ փող, էնտեղ կյանք, կայֆ ու արվեստ: Փողն անապատում էլ հրաշք կարարեր` կանաչ արմավենիներ, պաղ ջուր, անուշ հանգիստ` լինի դա Գոբի անապատում թե Սահարայում: Դրան հասնելը մեկ-երկու քայլ է: Դժվարը փողին հասնելն է: Հասնողներն արդեն հասել էին: Ասում են՝ մեր նախկին նախագահը մի քանի միլիարդ ունի: Ինտերնետով եմ տեսել` Աֆրիկայում որս անելիս: Նա ամենակարող է: Ասենք, կարող է Հայաստանում մարտի մեկ անի, Աֆրիկայում` ապրիլի մեկ: Ոչինչ, որ մեկը մարդկային կյանքի հետ է կապված, մյուսները` կենդանիների սպանդի: Հայաստանում արածը տեսնելու բան չի, իսկ ահա Աֆրիկայում մի շենքաբոյ կենդանի էր սպանել ու հրացանը ուսին՝ կողքին նկարվել: Դա արդեն մոռացված անցյալ է:



Շուտով Հայաստանում նախագահական ընտրություններ են: Ոնց որ ինքն էլ է ուզում: Պահն է հրացանը մի ուսից մյուս ուսը տեղափոխել: Պրիցելի տակ մենք ենք: Ներկա նախագահը կհաղթի՞, թե՞ նախկինը... Ժամանակը ցույց կտա: Իսկ մինչ այդ ընտրություն կլինի: Թե՞ դա կլինի պարզապես պերեխվատ...



Լեւոն ՋԱՎԱԽ ՅԱՆ



21.03.2012թ.