Դիմավորենք ԱԺ նախագահին ծափերով

Դիմավորենք ԱԺ նախագահին ծափերով
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կիրակի օրը հրավիրված է եղել հարսանիքի: Ամուսնացողը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի եղբոր աղջիկն է եղել: Հյուրերից մեկը մեզ պատմեց, որ թամադան, ինչպես եւ ընդունված է գյուղերում, ամեն մի նոր հյուրի մուտքն առանձին է հայտարարել` հարս ու փեսայի, նրանց ծնողների, քավորի եւ քավորկնոջ: Երբ հանդիսության սրահ է մտել Սամվել Նիկոյանը, թամադան հանդիսավոր ձայնով ասել է. «Ներս է մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Դիմավորում ենք բուռն ծափահարություններով»:Հավաքվածներն ինքնամոռաց ծափ են տվել: Մի կես ժամ նստելուց հետո Սամվել Նիկոյանը, ինչ-ինչ կարիքից ելնելով, հավանաբար «ձեռքերը լվանալու», փորձել է աննկատ դուրս գալ սրահից, բայց ճարպիկ թամադան նկատել ու անմիջապես հայտարարել է. «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը դուրս է գալիս: Ծափահարություններ»: Ժողովուրդը նորից ծափ է տվել: Մի 5 րոպե անց, երբ Նիկոյանը ներս է եկել, շոպլիկ թամադան կրկին պահը բաց չի թողել: Հրավիրելով բոլորի ուշադրությունը Նիկոյանի վրա, ասել է. «ԱԺ նախագահ պարոն Նիկոյանը վերադառնում է հարսանյաց սրահ: Դիմավորենք ԱԺ նախագահին ծափահարություններով»: Այս ընդգծված ուշադրությունից շիկնած, ԱԺ նախագահը կարճ ժամանակ անց հեռացել է գյուղական հարսանիքից: