Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Ձեզ եմ դիմում իմ բնակարանից կատարված երկու գողությունների փաստի կապակցությամբ: Բնակվում եմ Բաղրամյան պողոտայի 6 շենքի երեք սենյականոց բնակարանում, առաջին հարկում: Շենքը շրջապատված է բարձր պարիսպներով, եւ մուտքը հսկվում ու նկարահանվում է շենքի անվտանգությունը հսկող «Արմենիա» ՓԲԸ պահակային ծառայության կողմից: Այնպես որ, շենքում եւ շրջակայքում կատարվածը հնարավոր չէ, որ հայտնի չլինի վերոնշյալ աշխատողներին:



2011 թ. հունիսի 20-ին ես հայտնաբերեցի, որ զարդապահարանումս պահած 200 հազար դրամ գումարը տեղում չէ, իսկ պահարանի վրայից անհետացել է աստվածամոր պատկերով կուլոնը՝ ոսկյա շղթայի հետ: Գողության մեջ կասկածում էի համատիրության աշխատակից Շուշան Առաքելյանին, որի մասին հայտնել էի ոստիկանության աշխատակիցներին: Դրանից հետո իմ տուն եկան տեսուչներ Գեւորգն ու Արամայիսը: Նրանք մոտ մեկ շաբաթ անց վերջապես հանդիպել էին Շուշանիկին, որն ասել էր, թե ինքը գողություն չի կատարել: Այնուհետեւ ինձ կանչեցին Արաբկիրի ոստիկանություն՝ համոզելու, որ իզուր տեղը դիմում չգրեմ, քանի որ, մեկ է՝ հնարավոր չէ  պարզել, թե ով է կատարել այդ գողությունը: Ոստիկանությունը նույնիսկ դեպքի վայրի զննություն չկատարեց, փորձագետ չհրավիրեց, որ մատնահետքեր վերցներ:



Մի քանի օր անց հայտնաբերեցի, որ պահարանի մեջ պահած զարդատուփը չկա, որտեղ գտնվում են 15 անուն ոսկյա զարդեր: Իմ բնակարանում կատարված երկու գողությունների փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերով կատարվող քննությունը կրում է ձեւական բնույթ, եւ ինչպես ոստիկանության, այնպես էլ դատախազության աշխատակիցները չեն էլ փորձում գողությունը բացահայտել, քանի որ համոզված են, որ գործի բացահայտումից կարող են տուժել իրենց ընկերները: Ես համոզված եմ, որ առաջին գողությունը կատարել է համատիրության աշխատակից Շուշան Առաքելյանը, իսկ երկրորդը՝ Արաբկիրի ոստիկանության հետաքննության բաժնի աշխատակից Վահե Խաչատրյանը: Քանի որ կասկածում էի ոստիկանության աշխատակցին, ուստի Արաբկիրի դատախազությունը քրեական գործը փոխանցեց գլխավոր քննչական վարչության հատուկ քննչական բաժին, եւ գործով սկսեց զբաղվել քննիչ Լեւոն Մելքոնյանը:



Նա սկզբում կանչեց ինձ եւ առանց թարգմանչի (ես ռուսական կրթություն ունեմ եւ վատ եմ տիրապետում հայերենին) ինձ հետ զրուցեց: Այդ ժամանակ ես նրան հայտնեցի, որ 2011-ի հուլիսի 28-ին հետաքննիչ Վահե Խաչատրյանն ինձ տեղեկացրել էր, որ կգա իմ տուն՝ զննելու դեպքի վայրը: Նույն օրը նա եկավ: Ես նրան ցույց տվեցի սենյակը, որտեղից կատարվել էր գողությունը: Նա լուսանկարեց, նստեց իմ մահճակալին եւ սուրճ խնդրեց ու ասաց, որ սուրճը ճաշասենյակ տանեմ: Ես այդպես էլ արեցի: Բավական ժամանակ նա մենակ մնաց սենյակում, իսկ հետո սուրճը խմեց ու գնաց, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 3-ին, ես հայտնաբերեցի, որ ոսկյա զարդերս անհետացել են:



Այս ամենը պատմելով Լ. Մելքոնյանին՝ ես խորհուրդ տվեցի առաջին հերթին ստուգել շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, սակայն ավելի ուշ Մելքոնյանն ասաց, որ տեսախցիկի ուսումնասիրությունը ոչ մի բան չի տվել: Իսկ մարտի 16-ին Մելքոնյանն ինձ եւ Վահե Խաչատրյանին կանչեց իր մոտ եւ ձեւական հարցաքննություն արեց: Իր թելադրանքով Վահեն գրեց ամբողջ ցուցմունքը, իսկ իմ փոխարեն նա ինքը գրեց՝ առանց թարգմանիչ ներգրավելու: Մելքոնյանի գործողությունները ձեւական բնույթ էին կրում եւ ուղղված չէին հանցագործության բացահայտմանը: Արդեն մի քանի ամիս է, որ դիմում-բողոքներ եմ ուղղում իրավապահ մարմիններին, խնդրում եմ բացահայտել գողությունը եւ վերադարձնել իմ ոսկեղենը, սակայն անիմաստ: Հարգելի նախագահ, ակնկալում եմ Ձեր միջամտությունը:



Մարգարիտա ՍԻՄՈՆՅԱՆ