Ընդունելի չէ, երբ պաշտոնյաներ այսօր ուրախանում են, երբ միջազգային զեկույցներում Հայաստանը առաջ է անցնում միայն հարևան Ադրբեջանից

Ընդունելի չէ, երբ պաշտոնյաներ այսօր ուրախանում են, երբ միջազգային զեկույցներում Հայաստանը առաջ է անցնում միայն հարևան Ադրբեջանից
Խոսքի իրավունք միավորումը Մամուլի ազատության օրվա առիթով հայտարարություն է տարածել, ուր հույս է հայտնում, որ իշխանությունը կկարևորի խոսքի իրավունք հասկացողությունը, իսկ 4-րդ իշխանությունը խոսքի իրավունքնն ու ազատությունը չի վերածի ամենաթողության և կօգտագործւի այն բարի նպատակների համար: Հայտարարության մեջ ասվում է. 



«Մայիսի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության օր: «Խոսքի իրավունք» միավորումը շնորհավորում է օրվա առիթով լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիական հասարակությանը:



Շնորհավորում ենք նաև նրանց, ովքեր հեգնական ժպիտով են ընդունում ազատ մամուլ հասկացությունը՝ համարելով, որ այդ ամենը լոկ գեղեցիկ ձևակերպումներ են:



Լրագրողները այն մարդիկ են, ում համար մամուլի ազատությունը միայն Freedoom house կամ այլ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում չեն: Այդ խնդրի հետ նրանք բախվում են գրեթե միշտ:



Ցավոք, շատ պաշտոնյաներ այսօր ուրախանում են, երբ միջազգային զեկույցներում Հայաստանը առաջ է անցնում միայն հարևան Ադրբեջանից: Նրանք կանգ են առնում այդ փոքր նպատակով: Սա ընդունելի կեցվածք լինել չի կարող:



Ընտրական շրջանում թեկնածուները կոչ են անում ժողովրդին ընտրել և պահանջել: Քաղաքացին հաճախ չունի պատգամավորի կամ պաշտոնավոր մարդու հետ ուղիղ շփման հնարավորություն և նա չի տեսնում պահանջելու մեխանիզմները: Սակայն այդ հարցում կապող օղակը դառնում են ԶԼՄ-ները: Հենց ազատ մամուլի առկայության դեպքում հասարակության լայն շերտերի մտահոգությունները կարող են փոխանցվել վերին օղակներին:



Մամուլի դերը մեծ է նաև երկրում առողջ մթնոլորտի ստեղծման գործում: «Խոսքի իրավունք»-ը կոչ է անում, չմոռանալ այդ հանգամանքը ընտրական ժամանակահատվածում, որը Հայաստանում առավել լարված է եղել մշտապես:



«Խոսքի իրավունք» միավորման համար մամուլի ազատությունը եղել է և կա գերակա խնդիրներից մեկը: Ազատ խոսքի գաղափարը համարյա մեկ տարի ընկած է մեր գործունեության հիմքում: Դրա շնորհիվ մենք կարող ենք տարածել ավելի լայն գաղափարներ և ունենալ օրինապաշտ, պաշտպանված քաղաքացի:



Հուսանք, որ 1-ին իշխանությունը կկարևորի խոսքի իրավունք հասկացողությունը, իսկ 4-րդ իշխանությունը խոսքի իրավունքնն ու ազատությունը չի վերածի ամենաթողության և կօգտագործւի այն բարի նպատակների համար»: