ՄԱԿ - ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի համատեղ ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԿ - ի Գլխավոր քարտուղար  Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն  Իրինա Բոկովայի  համատեղ ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և  հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը: Այս ուղերձը նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մամուլի ազատությունը ենթադրում է ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև  ցանկացած լրատվամիջոցով որոնելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն ու մտքեր` անկախ ​​սահմաններից, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Այս ազատությունը կարևոր է առողջ և կենսունակ հասարակությունների համար:



Արաբական աշխարհում տեղի ունեցած  փոփոխությունը ցույց է տվել իրավունքներ ձեռք բերելու ձգտման ուժը` նոր ու հին լրատվամիջոցների միավորման արդյունքում:  Մամուլի նորահայտ ազատությունը խոստանում է վերափոխել հասարակությունը առավել թափանցիկության և պատասխանատվության միջոցով: Այն հաղորդակցվելու և տեղեկատվություն ու գիտելիքներ տարածելու նոր ուղիներ է բացելու: Ազդեցիկ նոր ձայն է բարձրանում հատկապես երիտասարդության շրջանում, ովքեր լուռ էին նախկինում: Ահա, թե ինչու այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրը  կենտրոնացած է «Նոր Ձայներ. Մամուլի ազատությունը` որպես   հասարակությունների վերափոխման խթանիչ» թեմայի վրա:



Մամուլի ազատությունը նաև սաստիկ ճնշումների է ենթարկվում ամբողջ աշխարհում: Անցյալ տարի  ՅՈՒՆԵՍԿՕ–ն  դատապարտեց 62 լրագրողների սպանությունը, որոնք զոհվեցին իրենց աշխատանքը կատարելու արդյունքում: Վերոնշյալ  լրագրողները չպետք է մոռացության մատնվեն, իսկ այդ հանցագործությունները` մնան անպատիժ: Քանզի մամուլն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով, ավելի շատ առցանց լրագրողներ, այդ թվում  և բլոգերներ են ենթարկվում բռնության, հարձակման, ինչպես նաև սպանվում են իրենց աշխատանքը կատարելու պատճառով: Նրանց անվտանգությունը ևս պետք է ապահովել, ինչպես ապահովվում է ավանդական լրատվամիջոցների աշխատակիցների  անվտանգությունը:



Լրագրողների անվտանգության և անպատժելիության խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի միջ-գործակալական առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գրասենյակում 2011թ. սեպտեմբերի 13-14-ին: Մշակվեց ՄԱԿ-ի գործողությունների ծրագիր` ուղղված լրագրողների և մամուլի աշխատակիցների համար աշխատանքի էլ ավելի ազատ ու անվտանգ միջավայրի  ստեղծմանը: Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք ամրապնդել իրավական հիմքերը ազատ, բազմակարծիք և  անկախ լրատվամիջոցների գործունեության համար, հատկապես այն երկրներում, որոնք հակամարտության ավարտից հետո բռնել են վերափոխման և վերակառուցման ուղին: Գերբեռնված տեղեկատվության պայմաններում  մենք պետք է աջակցենք երիտասարդներին զարգացնելու հատկապես իրենց վերլուծական կարողությունները և բարձրացնելու  մեդիա  գրագիտության մակարդակը:



Մամուլի ազատության համաշխարհային օրը մեզ հնարավորություն է ընձեռում նպաստելու մամուլի ազատության ամրապնդմանը: Մենք կոչ ենք անում պետություններին, արհեստավարժ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ամենուրեք միավորելու ուժերը Միավորված ազգերի  կազմակերպության հետ` խթանելու էլեկտրոնային և առցանց արտահայտման ազատությունը` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համաձայն: Սա անհատական ​​իրավունքների սյուն է` առողջ հասարակությունների ձևավորման հիմք և սոցիալական վերափոխման ուժ:



Բան Կի-Մուն                Իրինա Բոկովա