Ծնունդով ջավախեցի պատգամավոր Շիրակ Թորոսյան.«Ջավախքցին հո կարտոշկա չի որ լցնեն մեշոկը բերեն»

Ծնունդով ջավախեցի պատգամավոր Շիրակ Թորոսյան.«Ջավախքցին հո կարտոշկա չի որ լցնեն մեշոկը բերեն»
Hraparak.am-ի ստացած տեղեկությունների համաձայն, Այսօր Ջավախքի Ախալքալակ, Բոգդանովակա, Ախալցխա եւ Ծալկա շրջաններից ինչպես նաեւ Ջավախքի մի շարք գյուղերից մարդկանց ավտոբուսներով բերում են Հայաստան: Նրանց հետ մեկտեղ Հայաստան են գալիս նշված շրջանների ղեկավարները: Խոսքը այն ջավախքցիների  մասին է, որոնք նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր եւ ընդգրկված են ընտրողների ցուցակներում:Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ  այդ մարդկանց Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստան են բերում այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ նախընտրական քարոզարշավին ներկա գտնվելու եւ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:



Այս գործընթացը կազմակերպել եւ համակարգում է ՀՀԿ նախընտրական ցուցակի 39-րդ համարը՝ ծնունդով ջավախքցի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը:



Ըստ նախնական պայմանավորվածության այդ մարդիկ ընտրությունների օր՝ մայիսի 6-ին պիտի շրջեն տարբեր ընտրատեղամասերով եւ քվեարկեն Հանրապետությունից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիների փոխարեն: Քանզի ջավախքցիներին  այդ տեղամասերում ոչ ոք չի ճանաչում:



Լուրեր կան, որ այս ամենի համար ՀՀ նագահը Շիրակ Թորոսյանին խոստացել է ընտրությունների բարեհաջող ավարտից հետո իր կուսակցապետ «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանին կառավարությունում պաշտոն տալ:



Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակ Թորոսյանն ասաց. «Ինձ էլ են հասել այդպիսի տեղեկություններ, բայց կոնկրետ տեղեկություն չունեմ այդ հարցի վերաբերյալ: Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի: Դա ուղակի անհեթեթություն է: Պետք չէ Ջավախքը ներքաշել քաղաքական գործընթացներևի մեջ: Ի՞նչ է նշանակում Ջավախքից մարդիկ բերել: Ջավախքցին հո կարտոշկա չի որ լցնեն մեշոկը բերեն : Ջավախքն այնքան խնդիրներ ունի, որ դա հերիք է եւ պետք չէ Ջավախքը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Ես դա ճիշտ չեմ համարում»: