Սյունիքի մարզպետարանի արձագանքը. Սուրիկ Խաչատրյանը երբևէ չի զատել գորիսեցուն սիսիանցուց, կապանցին` մեղրեցուց

Հրապարակմանը արձագանքել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Մեզ գրած նամակում մարզպետարանը պնդում է. «Առնվազն տարակուսանք և զարմանք է հարուցում «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին» վերնագրված ապատեղեկատվությունը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը միշտ էլ խոր ակնածանքով է արտահայտվել Սյունիքի ժողովրդի, յուրաքանչյուր սյունեցու և առավել ընդգծված հարգանքով` սիսիանցիների մասին:
Նա երբևէ չի զատել գորիսեցուն սիսիանցուց, կապանցին` մեղրեցուց: Նրանք բոլորը սյունեցի են` իրենց հերոսական անցյալով, օրինակելի նկարագրով և հպարտ անհատականությամբ:
Մարզպետը պատեհ կամ անպատեհ առթներով միշտ ջերմությամբ է խոսել Սիսական հերոսական աշխարհի մասին, հպարտությամբ թվարկել այնպիսի մեծությունների անուններ, ինչպիսին Նիկողայոս Ադոնցն է, Իսրայել Օրին, Հովհան Որոտնեցին, Համո Սահյանը և ուրիշներ:
Հաստատապես պնդում ենք, որ տեղեկատվության մեջ ներկայացված պահվածքը և արտահայտված կարծիքը հարիր չէ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա ապրում է սյունիքի հոգսերով, անմնացորդ նվիրված է մեր լեռնաշխարհին և իրենն է համարում յուրաքանչյուր սյունեցու հպարտությունն ու «թասիբը»:
Կարծիքներ